VERELQ-ին տված հարցազրույցում ակադեմիկոս, սոցիոլոգ, ՀՀ ԳԱԱ Փիլիսոփայության, սոցիոլոգիայի և իրավունքի ինստիտուտի նախկին տնօրեն Գևորգ Պողոսյանը վերլուծել է հանրապետությունում ստեղծված ներկայիս քաղաքական իրավիճակը:
Այս հարցազրույցում փորձագետը կասկածի տակ է դնում գործող իշխանության՝ նոր Սահմանադրության ընդունման հանրաքվեն հաջողությամբ անցկացնելու ունակությունը։ Այս քայլին, ինչպես նաև երկրի հիմնական օրենքի տեքստից Անկախության հռչակագրին արված հղման հեռացմանը, պնդում է Ադրբեջանը, թեև Հայաստանի իշխանությունները գործընթացը ներկայացնում են որպես զուտ ներքին օրակարգ։ Մասնագետի կարծիքով՝ իշխող կուսակցության և Նիկոլ Փաշինյանի ներկայիս վարկանիշը բավարար չէ նոր Սահմանադրություն ընդունելու համար, հատկապես հաշվի առնելով սպասվող ցածր մասնակցությունը և ընդդիմության կողմից ակտիվ հակազդեցությունը։
Գևորգ Պողոսյանը պնդում է, որ պատերազմի սպառնալիքով բնակչությանը վախեցնելու կառավարության ռազմավարությունն այլևս արդյունավետ չէ, իսկ ոչ պոպուլյար բարեփոխումների համառ առաջմղումը միայն մեծացնում է պետության և հասարակության միջև անջրպետը։ Ակնկալվում է, որ առաջիկա խորհրդարանական ընտրությունները կդառնան կոշտ մրցակցության թատերաբեմ, որտեղ իշխանությունը մեծամասնություն կորցնելու ռիսկի է գնում։ Ի վերջո, սոցիոլոգը կանխատեսում է կառավարության նախաձեռնությունների հնարավոր ձախողումը՝ ժողովրդի վրա ճնշում գործադրելու փորձերն անվանելով հակաարդյունավետ և վտանգավոր։

Լուսանկարում՝ Գևորգ Պողոսյան, աղբյուրը՝ aravot.am
VERELQ: Պարո՛ն Պողոսյան, ներկայումս Հայաստանի իշխանությունները ծրագրում են նախաձեռնել սահմանադրական բարեփոխումներ, որոնք հասարակության մեջ շատերի կողմից բավականին վիճելի են համարվում։ Որպես հանրային տրամադրություններն ու քաղաքական գործընթացներն ուսումնասիրող սոցիոլոգ՝ խնդրում եմ ասեք, ըստ Ձեզ, որքանո՞վ են ամուր գործող իշխանությունների դիրքերը նման լուրջ քայլ իրականացնելու համար:
Գևորգ Պողոսյան: Որքանով հասկանում եմ, խոսքն անգամ մասնակի փոփոխությունների մասին չէ, որոնք ցանկացած երկրում քաղաքական գործընթացի բնականոն մասն են կազմում, այլ միանգամայն նոր Սահմանադրության ընդունման, ինչն անելը շատ ավելի բարդ է։ Ինչ վերաբերում է այս նախաձեռնության իրագործման կամ ընդհանրապես նոր հիմնական օրենքի ընդունման համար իշխանության ռեսուրսին, ապա, կարծում եմ, իրական պատկերը ցույց կտան այս տարվա հունիսին կայանալիք խորհրդարանական ընտրությունները Հայաստանում։ Ակնհայտ է, որ Սահմանադրության հանրաքվեն կկայանա արդեն դրանցից հետո։
Մի շարք տարբեր հետազոտությունների արդյունքների համաձայն՝ իշխող կուսակցության և նրա ղեկավար Նիկոլ Փաշինյանի ներկայիս վարկանիշը բավարար չէ պարզապես վերցնելու և փոխելու Սահմանադրությունը։ Նման հիմնարար հարցերի շուրջ հանրաքվեներում ընտրողների մասնակցությունը (Հայաստանում հանրաքվեն համարվում է կայացած, եթե դրան մասնակցել է գրանցված ընտրողների կեսից ավելին (50% + 1 ձայն) - հեղինակի նշում), որպես կանոն, լինում է զգալիորեն ավելի ցածր, քան նախագահական կամ խորհրդարանական ընտրություններում։ Ապահովել մասնակիցների, առավել ևս՝ «կողմ» քվեարկողների բավարար քանակ՝ անիրագործելի խնդիր է։
Եթե ներկայիս իշխանությունը որոշի անցկացնել այս հանրաքվեն, նա ստիպված կլինի հանգամանորեն բացատրել ժողովրդին, թե որն է խնդիրը, ինչու է անհրաժեշտ փոխել Սահմանադրությունը և կոնկրետ ինչ է փոխվելու դրանում։ Միայն այդպես կարելի է փորձել ապահովել գոնե ինչ-որ մասնակցություն։ Սակայն քաղաքական ընդդիմությունը նույնպես անգործ չի նստի։ Ի հակակշիռ իշխանությունների՝ նրանք ապացուցելու են ճիշտ հակառակը. որ ավելի արդյունավետ է պահպանել գործող Սահմանադրությունը, կամ, եթե անգամ փոխել այն, ապա միայն մասնակիորեն։ Քաղաքական մակարդակում ընտրազանգվածի համար շատ լուրջ պայքար է ծավալվելու իշխանության և ընդդիմության միջև։ Կարծում եմ, որ քաղաքացիների անհրաժեշտ մասնակցությունն ապահովելը ծայրահեղ բարդ է լինելու, և, ամենայն հավանականությամբ, հանրաքվեն պարզապես կձախողվի։
VERELQ: Վերադառնալով հնարավոր ձախողման թեմային. վերջերս կայացած ճեպազրույցի ժամանակ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին հարց ուղղեցին, թե ինչ կլինի, եթե հանրաքվեն չկայանա կամ ձախողվի։ Նա պատասխանեց, որ նման դեպքում քվեարկությունը կանցկացնեն նորից ու նորից, քանի դեռ իշխանության փաստարկները համոզիչ չեն դարձել, և հասարակությունը չի ընդունել դրանք։ Որպես փորձագետ՝ հնարավո՞ր եք համարում նման սցենարը: Կարելի՞ է արդյոք նույն հարցի շուրջ հանրաքվե անցկացնել մի քանի անգամ անընդմեջ և ի վերջո հասնել հաջողության:
Գևորգ Պողոսյան: Դա միանգամայն հակաարդյունավետ հայտարարություն է։ Ակնհայտ է, որ եթե նախաձեռնությունը չանցնի առաջին հանրաքվեի ժամանակ, ապա կես տարի կամ մեկ տարի անց երկրորդն անցկացնելը շատ ավելի բարդ է լինելու։ Կարծում եմ՝ վարչապետի խոսքերն ընդամենը խոսքի պատկերավորություն են, ինչը նշանակում է. «Մենք միևնույն է փորձելու ենք թեկուզ երկու հարյուր անգամ, մինչև ժողովուրդը հասկանա...»։
Գործնականում դա նույնքան անիրագործելի է, որքան անիրագործելի դուրս եկավ Հայ Առաքելական եկեղեցու դեմ իշխանությունների վերջին արշավը։ Այն ժամանակ էլ ենթադրվում էր, որ իշխանությունները հանդես կգան, հայտարարություններ կանեն և կկարողանան պաշտոնանկ անել Կաթողիկոսին, բայց դրանից ոչինչ չստացվեց։ Եթե կրկին ու կրկին փորձես պարտադրել ոչ պոպուլյար որոշում, դա միայն ավելի շատ կտրամադրի բնակչությանը նախաձեռնողների դեմ։ Երբ իշխանությունը չափազանց համառում է մի բանում, ինչը ժողովուրդը կտրականապես չի ընդունում, նա վատություն է անում միայն ինքն իրեն։
VERELQ: Հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների և, ըստ ամենայնի, ապագա սահմանադրական հանրաքվեի համատեքստում իշխանությունների գլխավոր փաստարկն այն է, որ հասարակությունը պետք է ընտրություն կատարի պատերազմի և խաղաղության միջև: Հաշվի առնելով ծանր ֆոնը՝ Հայաստանի պարտությունը 2020 թվականի 44-օրյա պատերազմում և դրան հաջորդած Լեռնային Ղարաբաղի կորուստը, արդյո՞ք նման հռետորաբանությունը համոզիչ կլինի շարքային քաղաքացիների համար, որպեսզի նրանք գնան և քվեարկեն նոր Սահմանադրության օգտին:
Գևորգ Պողոսյան: Նախ, այս քաղաքական գործընթացները միաժամանակ չեն ընթանալու. խորհրդարանական ընտրությունները կանցկացվեն առանձին, իսկ Սահմանադրության հանրաքվեն՝ առանձին։ Կասկածում եմ, որ իշխանությունը նույն փաստարկն է օգտագործելու երկու դեպքում էլ։
Ինչ վերաբերում է «եթե ոչ մենք, ապա պատերազմ կլինի» թեզին, ապա այդ փաստարկը չի աշխատում և անհամոզիչ է հնչում։ Ընդ որում՝ թե՛ քաղաքականության մեջ ներգրավված պրոֆեսիոնալների, թե՛ հասարակ մարդկանց համար։ «Եթե մեզ չընտրեք, պատերազմ կսկսվի» ուղերձը տրամաբանական հարց է առաջացնում. ի՞նչ է, դուք ինքնե՞րդ եք հրահրում այդ պատերազմը։ Սա շատ թույլ դիրքորոշում է։ Դժվար թե այն աշխատի։ Ընտրողների ընտրության վրա կարող են ազդել ինչ-որ այլ գործոններ, բայց այս կոնկրետ փաստարկը, ըստ իս, նվազագույն ազդեցություն կունենա։
VERELQ: Հենվելով սոցիոլոգիական տվյալների և հարցումների արդյունքների վրա՝ ինչպե՞ս եք գնահատում հիմնական քաղաքական ուժերի՝ գործող իշխանության և հիմնական ընդդիմադիր դաշինքի շանսերն առաջիկա խորհրդարանական ընտրություններում:
Գևորգ Պողոսյան: Առայժմ ճշգրիտ կանխատեսումներ անելը բարդ է, քանի որ ընտրություններին դեռ ժամանակ կա։ Սակայն մի բան միանգամայն պարզ է. ընդդիմադիր երեք հիմնական ուժերն արդեն իսկ բավականին լուրջ մրցակցություն են ներկայացնում: Այս սպառնալիքն այնքան շոշափելի է, որ իշխանությունը լրջորեն անհանգստացած է, և հենց իր պահվածքն էլ հաստատում է, որ ընդդիմադիր ճամբարն ընկալվում է որպես շատ մեծ սպառնալիք:
VERELQ: Խնդրում եմ հստակեցնել՝ խոսքն այն ընդդիմադիր ուժերի մասի՞ն է, որոնց առաջնորդներն են էքս-նախագահ Ռոբերտ Քոչարյանը, քաղաքական գործիչ և գործարար Գագիկ Ծառուկյանը, ինչպես նաև խոշոր գործարար Սամվել Կարապետյանը, ով այժմ տնային կալանքի տակ է գտնվում Երևանում:
Գևորգ Պողոսյան: Այո։ Անկախ նրանից, թե այդ ուժերը կմիավորվեն միասնական դաշինքում, թե ոչ, ակնհայտ է, որ բոլոր երեք ընդդիմադիր ճամբարներն էլ հետապնդում են ընդհանուր նպատակ՝ գործող իշխանության փոփոխություն։ Այն, թե հետագայում նրանք ինչպես կբաշխեն լիազորությունները միմյանց միջև, երրորդ կամ նույնիսկ հինգերորդ կարգի հարց է. գլխավորն այն է, որ նրանց ընթացիկ խնդիրները համընկնում են։
Իշխանությունը պատահական չէ, որ այդքան խիստ անհանգստացած է, քանի որ նրանց մեջ աճող ուժ է տեսնում։ Հնարավոր է, սոցիոլոգիական հարցումներում այդ ներուժն առայժմ ամբողջությամբ չի արտացոլվում, բայց արդեն հիմա հասկանալի է՝ սա շատ լուրջ մրցակցություն է լինելու։ Այս պայքարը կարող է պարզապես թույլ չտալ իշխող կուսակցությանը հավաքել ձայների հիսուն տոկոսից ավելին։ Հնարավոր է, նրանք ստանան քսանհինգ, երեսուն կամ քառասուն տոկոս, բայց մեծամասնություն ձևավորելը, էլ չասած սահմանադրական մեծամասնության մասին, այսօրվա դրությամբ չափազանց խնդրահարույց խնդիր է թվում։
VERELQ: Եվ վերջին հարցը: Վերադառնալով նոր Սահմանադրության թեմային. եթե երկրի հիմնական օրենքի փոփոխության գաղափարն այնքան էլ աջակցություն չի գտնում հասարակության մեջ, ապա ինչո՞ւ է գործող իշխանությունը, որն իր քաղաքական բնույթով հակված է պոպուլիզմի և սովորաբար հենվում է զանգվածների հավանության վրա, գնում նման ոչ պոպուլյար քայլի:
Գևորգ Պողոսյան: Դուք տարօրինակ հարց եք տալիս։ Բանն այն է, որ վերջին երեք տարիների ընթացքում գործնականում այն ամենը, ինչ անում է այս իշխանությունը, առհասարակ ժողովրդականություն չի վայելում բնակչության շրջանում։ Սկսած Արցախի հարցից. պաշտոնական հայտարարություններն այն մասին, որ Արցախն Ադրբեջան է, որ արցախցիները չպետք է վերադառնան իրենց պատմական երեքհազարամյա հայրենիք, և որ այս թեման վերջնականապես փակված է, այս ամենը բացարձակապես ոչ պոպուլյար է:
Ես կարծում եմ, որ երկրի ղեկավարությունը պարզապես գնում է վա-բանկ, չնայած նրան, որ ժողովուրդը չի ընդունում նրանց քաղաքականությունը։ Հասարակությունը մտածում, գործում և շարժվում է միանգամայն այլ ուղղությամբ, քան կառավարությունը։ Սա այն դեպքն է, երբ իշխանության և ժողովրդի ճանապարհները բաժանվում են։ Ի վերջո, այս խզումը կարող է ողբերգությամբ ավարտվել ինչպես բուն իշխանության, այնպես էլ, հնարավոր է, երկրի բնակչության համար: