Բաքվում կալանավորված Ռուբեն Վարդանյանն առաջադրվել է Հավելի մրցանակի
Լուսանկարը` ադբեջանական ԶԼՄ-ներ
Լեռնային Ղարաբաղի նախկին պետնախարար, «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր Ռուբեն Վարդանյանը, ով ներկայումս քսանամյա ազատազրկում է կրում ադրբեջանական բանտում, առաջադրվել է Վացլավ Հավելի անվան մարդու իրավունքների 2026 թվականի մրցանակի։
Վարդանյանի թեկնածությունն առաջադրել է միջազգային նախաձեռնող խումբը, որի կազմում ընդգրկված են աշխարհահռչակ իրավապաշտպաններ և մարդասերներ. գրող Վահան Զանոյանը, Բուրունդիում խնամքի տան հիմնադիր Մարգարիտ Բարանկիցեն, ամերիկացի բժիշկ Թոմ Քաթինան, կոնգոյացի ակտիվիստ Ջուլիեն Լուսենգեն և իրաքցի իրավապաշտպան Միրզա Դինային: Իրենց համատեղ հայտարարության մեջ նրանք ընդգծել են, որ որոշման հիմքում ընկած է գլոբալ մակարդակում մարդու իրավունքների պաշտպանության գործում Վարդանյանի ունեցած ծանրակշիռ ներդրումը, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղում իր հայրենակիցների իրավունքների պաշտպանությանն ուղղված նրա անձնուրաց պայքարը:
Հեղինակներն առանձնահատուկ շեշտել են «Ավրորա» մրցանակի դերը, որի շնորհիվ տարբեր մայրցամաքներում հազարավոր կյանքեր են փրկվել:
Իրավապաշտպանների հայտարարության մեջ Վարդանյանը բնութագրվում է որպես համոզված պացիֆիստ, ով վտանգել է սեփական անվտանգությունն ու բարեկեցիկ ապագան՝ աշխարհի ամենաբարդ հակամարտության գոտիներից մեկում երկխոսության և փոխըմբռնման ուղիներ գտնելու նպատակով: Զուգահեռներ անցկացնելով Վարդանյանի փիլիսոփայության և Վացլավ Հավելի իդեալների միջև՝ առաջադրողները մատնանշել են մարդկային արժանապատվության, համերաշխության և բանականության հաղթանակի հանդեպ նրանց ընդհանուր աներեր հավատը:
Խմբի համոզմամբ՝ Վարդանյանի տեղափոխումն Արցախ թելադրված էր բացառապես բնիկ բնակչության հիմնարար իրավունքները պաշտպանելու մղումով:
Միևնույն ժամանակ, դիմումի հեղինակները ցավով արձանագրում են ստեղծված իրավիճակի ողբերգական հեգնանքը. այսօր ականավոր մարդասերն ինքն ունի միջազգային հանրության պաշտպանության խիստ կարիքը: 2023 թվականի սեպտեմբերին Լաչինի միջանցքում գերեվարվելուց հետո Բաքվի ռազմական դատարանը նրան դատապարտել է քսան տարվա ազատազրկման: Ադրբեջանական կողմը նրա դեմ առաջադրել է ավելի քան քառասուն մեղադրանք, այդ թվում՝ ահաբեկչության ֆինանսավորում, սահմանի ապօրինի հատում և զինված խմբավորումների ստեղծում. մեղադրանքներ, որոնք իրավապաշտպան հանրությունը շինծու է որակում։
Վարդանյանին Հավելի մրցանակի առաջադրելով՝ միջազգային ակտիվիստները հույս են հայտնում, որ դա կարևորագույն քայլ կդառնա թե՛ անվանի բարերարի, թե՛ Բաքվում պահվող հայ մյուս բանտարկյալների ազատ արձակման ճանապարհին: