18.05.2026
Լուսանկարը` ադբեջանական ԶԼՄ-ներ
prev Նախորդ նորություն

Թեժ լեզվակռիվ քաղաքէացու հետ. Փաշինյանը սպառնացել է «կզացնել» նախկին ղեկավարներին

Լուսանկարը` սքրինշոտ տեսանյութնից
Լուսանկարը` սքրինշոտ տեսանյութնից

Նախընտրական հանդիպումների շրջանակներում արձանագրվել է հերթական լարված միջադեպը. վարչապետ Նիկոլ Փաշինյանի և քաղաքացիներից մեկի միջև տեղի ունեցած սուր բանավեճն ավարտվել է նախկին ղեկավարներին ու ընդդիմախոսներին ուղղված կառավարության ղեկավարի կոշտ սպառնալիքներով:


Անսպասելի միջադեպը սկիզբ է առել, երբ հավաքվածներից մեկը, ով ներկայացել է որպես գիտությունների թեկնածու, մոտեցել է Նիկոլ Փաշինյանին և ուղիղ մեղադրանքներ հնչեցրել նրա հասցեին։ Քաղաքացին վարչապետին մեղադրել է հայրենիքը գողանալու, կառուցված պետությունը քանդելու և մի ամբողջ սերունդ ոչնչացնելու մեջ։ Խիստ վրդովված տոնով տղամարդը նշել է, որ իշխանություններն իրենից խլել են ընտանիքի անդամներին՝ եղբորը, եղբորորդուն և սեփական զավակներին, ինչպես նաև պահանջել է հստակ պատասխաններ տալ պատերազմի ընթացքում բռնի անհետացած և կորած բարձրաստիճան սպաների ճակատագրի վերաբերյալ։


Ի պատասխան հնչած ծանր մեղադրանքների՝ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել խիստ էմոցիոնալ և ագրեսիվ հռետորաբանությամբ։ Նա հայտարարել է, որ իրեն փորձում են ընկճել և «կզացնել», սակայն նման փորձերը դատապարտված են անհաջողության։ Իր խոսքում կառավարության ղեկավարն անցել է ուղիղ սպառնալիքների՝ հասցեագրված նախկին իշխանությունների ներկայացուցիչներին։


Օգտագործելով փողոցային ժարգոն՝ նա սպառնացել է «սատկացնել» և «կզացնել» Ռոբերտ Քոչարյանին, Սերժ Սարգսյանին, Գագիկ Ծառուկյանին և «կալուգացուն»։ Վարչապետը նաև հայտարարել է, որ նախկինները տարիներ շարունակ Արցախի անվան տակ թալանել են երկիրը, իսկ «Ռոբերտը մարդկանց է գնդակահարել»։


Լարվածության գագաթնակետին Փաշինյանն անդրադարձել է նաև համացանցում դիմակներով և Արցախի բարբառով տեսանյութեր նկարահանող անձանց։ Կիրառելով վիրավորական արտահայտություններ՝ նա այդ մարդկանց անվանել է «լակոտներ» և «վախկոտ համբալներ»՝ պնդելով, որ նրանք պատերազմի թեժ պահին թանկարժեք ավտոմեքենաներով փախել են մարտադաշտից՝ զինվորներին միայնակ թողնելով թշնամու դեմ։


Վարչապետը խոստացել է հրապարակայնորեն պատռել նրանց բոլորի դիմակները և ենթարկել խստագույն պատասխանատվության՝ կոպիտ բառապաշարով հավելելով, թե ինչ է անելու այդ դիմակների հետ։ Նա պնդել է, որ այդ անձինք ուղղակիորեն կապված են նախկին ղեկավարների շրջապատի հետ։

Լուսանկարը` 168.am
Հաջորդ նորություն next