Էրդողանն Աստանայում հայտարարել է «Միջին միջանցքի» զարգացման անհրաժեշտության մասին
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Աստանայում Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ հանդիպումից հետո հայտնել է, որ քննարկվել են էներգետիկ ոլորտում համագործակցության հնարավորությունների լայն շրջանակ՝ ածխաջրածնային հանքավայրերի մշակումից մինչև օգտակար հանածոների տեղափոխում։
Նա նաև խոսել է էներգետիկ անվտանգության հիմքերի ամրապնդման և էներգակիրների աղբյուրների դիվերսիֆիկացման մասին։
«Մենք ցանկանում ենք, որ մեր երկրի տարածքով համաշխարհային շուկաներ հասնեն Ղազախստանից արտահանվող նավթի մեծ ծավալներ։ Մենք աշխատում ենք Կասպից ծովով անցնող «Միջին միջանցքի» վերածնման ուղղությամբ՝ ինտեգրելով մեր երկաթուղային կապերը, նավահանգստային ենթակառուցվածքները և թվային մաքսային համակարգերը։ Մեր նպատակն է ոչ միայն էլ ավելի մոտեցնել մեր երկրները, այլև ապահովել Եվրասիական տարածաշրջանի առավել մրցունակ դիրքը համաշխարհային տնտեսության մեջ», — հայտարարել է Էրդողանը։