Դիմակավորված անձինք սպառնում են Փաշինյանին. նա էլ խոստանում է «չոքցնել» նրանց
Լուսանկարը` սքրինշոտ տեսանյութնից
Հայաստանում քաղաքական սկանդալ է հասունանում անանուն տեսաուղերձի շուրջ, որում դիմակավորված անձինք սպառնում են վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Ի պատասխան՝ կառավարության ղեկավարը հանդես է եկել աննախադեպ կոշտ ելույթով՝ խոստանալով գտնել տեսանյութի հեղինակներին և սադրանքի կազմակերպման մեջ մեղադրելով իր գլխավոր քաղաքական ընդդիմախոսներին։
Միջադեպը սկսվել է սոցիալական ցանցերում տեսանյութի հրապարակմամբ, որում արցախյան բարբառով խոսող, դեմքերը քողարկած անհայտ անձինք դիմում են վարչապետին: Նրանք կառավարության ղեկավարին մեղադրել են ժողովրդին խաբելու, Լեռնային Ղարաբաղի տարածքները հանձնելու և բուն Հայաստանի ինքնիշխան հողերը զիջելու պատրաստակամության մեջ։
Ուղերձի հեղինակները հայտարարել են, որ իրենց հայտնի են քաղաքական գործչի տեղաշարժի երթուղիները՝ իրենց խոսքն ուղեկցելով ուղիղ սպառնալիքներով։
Նիկոլ Փաշինյանի արձագանքը չի ուշացել և հնչել է նախընտրական հանրահավաքներից մեկի ժամանակ։ Վարչապետը խիստ կոշտ և էմոցիոնալ կերպով խոստացել է պարզել տեսանյութում երևացող անձանց ինքնությունը և պատասխանատվության ենթարկել նրանց։
Օգտագործելով փողոցային ժարգոն՝ կառավարության ղեկավարը հոլովակի հեղինակներին անվանել է ռազմադաշտից փախած դասալիքներ, որոնք մենակ են թողել զինվորներին, և խոստացել պատռել նրանց դիմակներն ու «չոքցնել»։ Նա կոչ է արել անանուն անձանց կամավոր հանձնվել իրավապահ մարմիններին:
Իրավիճակն էլ ավելի սուր քաղաքական երանգ է ստացել, երբ վարչապետն այս տեսանյութի ի հայտ գալը կապել է իր գլխավոր ընդդիմախոսների հետ:
Առանց փաստեր ներկայացնելու՝ Փաշինյանը հրապարակայնորեն հայտարարել է, որ դիմակավորված անձանց թիկունքում կանգնած են հանրապետության երկրորդ և երրորդ նախագահներ Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի, ինչպես նաև խոշոր գործարարներ Սամվել Կարապետյանի ու Գագիկ Ծառուկյանի կողմնակիցները։ Կառավարության ղեկավարը կոշտ միջոցներով սպառնացել է այս ողջ շրջանակին։