Միջադեպ «Զվարթնոցում». դատարանը երկարաձգել է ՌԴ քաղաքացու հարկադիր բուժումը
Լուսանկարը` sputnik
ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը մերժել է ապաստան հայցող ՌԴ քաղաքացու պաշտպանի բողոքը՝ անփոփոխ թողնելով խուլիգանության մեջ մեղադրվող տղամարդու նկատմամբ կիրառված բժշկական բնույթի հարկադրանքի միջոցը։ Դատական ատյանը նման որոշում է կայացրել առողջական վիճակի բարելավումը հավաստող բժշկական փաստաթղթերի բացակայության հիմքով:
Դեպքը, որի հիման վրա հարուցվել է քրեական վարույթ, տեղի է ունեցել նախորդ տարվա հուլիսի կեսերին։ Ըստ գործի նյութերի՝ «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի մեկնման սրահում գտնվելով, օտարերկրացին կոպտորեն խախտել է հասարակական կարգը։ Ցուցաբերելով բացահայտ արհամարհական վերաբերմունք շրջապատի և բարոյական նորմերի նկատմամբ՝ նա ոգելից խմիչքի շիշը նետել է նստարանների ուղղությամբ, ինչպես նաև հնչեցրել է հայհոյանքներ ու անպարկեշտ արտահայտություններ՝ ուղղված հայ կանանց, ազգին և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Նման ագրեսիվ գործողությունները խաթարել են ուղևորների անդորրն ու օդանավակայանի բնականոն աշխատանքը։
Խուլիգանության մեղադրանքով դատարանը որպես անվտանգության միջոց սահմանել էր բժշկական հսկողություն, որի ժամկետն ընթացիկ տարվա ապրիլին երկարաձգվել է մինչև հունիսի տասը։ Մեղադրյալի փաստաբանը բողոքարկել էր այս որոշումը՝ պնդելով, որ իր պաշտպանյալի հոգեվիճակն էականորեն բարելավվել է, ուստի հարկադրանքի միջոցի անհրաժեշտությունն այլևս չկա։
Վերաքննիչ ատյանը, սակայն, արձանագրել է, որ պաշտպանական կողմը չի ներկայացրել բարելավումը փաստող որևէ բժշկական տեղեկանք՝ փաստացի զրկելով դատարանին հանգամանքը գնահատելու հնարավորությունից։ Արդյունքում արձանագրվել է հսկողությունը շարունակելու հիմքերի և պայմանների առկայությունը։ Ներկա պահին ՌԴ քաղաքացին շարունակում է մնալ ՀՀ առողջապահության նախարարության հոգեկան առողջության կենտրոններից մեկում։