ՀՀ Զինված ուժերի ԳՇ պետի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Ռուսաստան
Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, ՊՆ առաջին տեղակալի հրավերով Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 14-ից 15-ը կմասնակցի Մոսկվայում անցկացվող անվտանգության հարցերով համաժողովին:
«Համաժողովի շրջանակներում նախատեսված է նաև ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հանդիպումը ՌԴ ԶՈՒ ԳՇ պետ, ՊՆ առաջին տեղակալ, բանակի գեներալ Վալերի Գերասիմովի հետ:
Նույն ժամանակահատվածում ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի աշխատանքային խումբը ՀԱՊԿ-ի միացյալ շտաբում կմասնակցի հավաքական անվտանգության տարածաշրջաններում սպառնալիքների գնահատման ու դրանց կանխարգելման հարցերով փորձագետների խորհրդատվություններին»,- նշված է ՊՆ հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հրավերով այսօր եւս պաշտոնական այցով ժամանել է Ռուսաստան:
Ավելի վաղ ռուսական «Իզվեստիա» թերթը հայտնել էր, որ Սերժ Սարգսյանի Մոսկվա այցի շրջանակներում կքննարկեն երկկողմ համագործակցությանն առնչվող հարցեր, ինչպես նաեւ իրավիճակը Լեռնային Ղարաբաղում։ Աղբյուրը նաեւ նշում է, որ կողմերը կստորագրեն մի շարք ռազմաքաղաքական եւ «ներդրումային համաձայնագրեր»։