Թուրքիայի ԱԳ նախարար Մևլյութ Չավուշօղլուն հայտարարել է, որ իր երկիրը Սիրիայում վարում է այնպիսի քաղաքականություն, որը համընկնում է ռուսականին: Այս մասին հաղորդում է Interfax-ը։ «Մենք այսուհետ ևս կշարունակենք այնպիսի քաղաքականություն, որը հակամարտությանը քաղաքական լուծում գտնելու հարցերում ներդաշնակ է և համընկնում է Ռուսաստանի դիրքորոշմանը ու ենթադրում է մարդասիրական օգնության տրամադրում»,- հայտարարել է Չավուշօղլուն ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպմանը։ Չավուշօղլուն միևնույն ժամանակ նշել է, որ Թուրքիայի քաղաքականությունն անփոփոխ է։ ՌԴ ԱԳ նախարարն իր հերթին նշել է, որ կողմերը համակարծիք են Սիրիայում ռազմական գործողությունները որքան հնարավոր է շուտ դադարեցնելու հարցում։