Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ճանաչված պետության մեծ թվով հատկանիշներ ունի: Այս մասին տեղական Nationalia պարբերականի հետ հարցազրույցում հայտարարել է կատալոնացի քաղաքագետ Աբել Ռիուն՝ պատմելով Լեռնային Ղարաբաղի սահմանադրական հանրաքվեին դիտորդական իր ուղեւորության մասին:
«Տեխնիկական ոչ մեծ հարցերից բացի, հանրաքվեն անցել է ճանաչված երկրների մակարդակով: Լեռնային Ղարաբաղի կամ Արցախի հանրապետությունը գործում է որպես ճանաչված պետություն՝ ավելի կամ պակաս: Ակնհայտ է, որ ժողովրդավարության երաշխիքները որոշ ուղղություններով կատարյալ չեն: Սակայն եթե դիտարկենք Հարավային Կովկասի ընդհանուր ենթատեքստում, ապա այն տարածաշրջանում ամենազարգացած ժողովրդավարություններից մեկն է, կարծում է քաղաքագետը: Այստեղ մարդկանց թվաքանակը մեծ չէ՝ մոտ 140 հազար: Կարելի է ասել գրեթե ընտանեկան ժողովրդավարություն է: Կարծում եմ, որ դա դրական է ազդում կոռուպցիայի դեմ պայքարի վրա, քանի որ նման խախտումները դժվար է իրագործել այնտեղ, որտեղ բոլորը բոլորին ճանաչում են, հավելել է նա: Սա մեկուսացված երկիր է: Նրան ոչ ոք չի ճանաչել: Այնտեղ օդանավակայան կա, որը չի կարող գործել, որովհետեւ Ադրբեջանը սպառնում է օդանավերը խոցել: Այս երկիրն ինչպե՞ս է ապրում:
«Այնտեղ բնական պաշարներ կան՝ պղինձ եւ ոսկի: Այս լեռնային երկրում մեծ քանակով ջուր կա, որը նրանք արտահանում են: Շատ լավ գյուղատնտեսություն ունեն, որը նպաստում է գինու ինդուստրիայի զարգացմանը: Ղարաբաղի գինիները մի շարք միջազգային մրցանակների դափնեկիր են: Մարդիկ կան, որոնք ցանկանում են երկրից հեռանալ, բայց շատերն իրենց ապագան հենց նրա հետ են կապում: Նրանք կարծում են, որ երկիրն ամուր է ոչ միայն ռազմիկներով, այլեւ քաղաքացիների կյանքով: Այդ պատճառով նրանց քաղաքները եւ դպրոցները ճակատային գծի գրեթե կողքին են, այնտեղ են հողը մշակում: Ադրբեջանը ցանկանում էր Ղարաբաղին վախեցնել: Նա 200 տանկ էր հավաքել Ստեփանակերտի վրա ռազմերթի համար: Պարզ է, որ դրանց Ղարաբաղի զինվորները պատասխան տալիս են: Միջադեպեր են գրանցվում ամեն շաբաթ, ամսեամիս: Սակայն ակնհայտ է՝ ով է ագրեսորը: Կա մի կողմ՝ Ադրբեջանը, որը ցանկանում է հակամարտությունը ռազմական ճանապարհով լուծել, իսկ մյուս կողմը՝ Ղարաբաղը, դա չի ցանկանում»,- ասում է Աբել Ռիուն:
Ապագային վերաբերող գնահատականներում, ընդհանուր առմամբ, գերակշռում է հոռետեսությունը: Որովհետեւ նրանք քաղաքականությանը լավ են ծանոթ: Շատերը ադրբեջաներեն գիտեն եւ ադրբեջանական հեռուստաալիքներ են դիտում: Նրանց եթերում տեսնում են հայատյացության այն մթնոլորտը, որը Ադրբեջանի կառավարությունն օգտագործում է երկրի ներսում առկա խնդիրներից ուշադրությունը շեղելու համար: Պատերազմում զոհվող ադրբեջանցի զինվորների մեծ մասը թալիշներն ու լեզգիներն են: Ալիեւը նրանց է ճակատ ուղարկում, քանի որ նրանք իր համար ոչ մի արժեք չեն ներկայացնում: Ի՞նչ կլինի, եթե Ադրբեջանը Ղարաբաղում վճռական ռազմական արշավ սկսի: «Հայաստանը կմիջամտի: Եվ այդ դեպքում պետք է միջամտի նաեւ Ռուսաստանը: Համենայնդեպս՝ տեսականորեն: Հայաստանը եւ Ռուսաստանը ՀԱՊԿ-ի անդամ են, իսկ 2016 թվականի նոյեմբերին նրանք համաձայնության են եկել զորքերի միավորված խումբ ստեղծելու շուրջ: Սակայն ակնհայտ է, որ Մոսկվան այս հակամարտության մեջ երկակի խաղ է վարում: Այդ պատճառով դժվար է ասել, թե նա այդ դեպքում իրեն ինչպես կպահի»,- ասում է քաղաքագետը:
Ամեն դեպքում, Հայաստանը հարված հասցնելու իր հնարավորություններն ունի: Նա կարող է հարձակվել Բաքու-Ջեյհան նավթատարի վրա, որը Հայաստանի հյուսիսային սահմանից մի քանի կիլոմետր հեռավորության վրա է: Ի վերջո՝ նրանք կարող են Բաքվին հարված հասցնել «Իսկանդեր» հրթիռներով, որոնք նրան է փոխանցել Ռուսաստանը: Բայց այս ամենն անչափ վտանգավոր է: Եթե այսպիսի լծակները գործարկվեն, ապա ոչ մեկը չի կարող իմանալ, թե դա ինչպես պետք է կանգնեցնել:
Ղարաբաղում գործում է անհայտ կորած զինվորների մայրերի միություն: Նրանք Ադրբեջանի եւ Ղարաբաղի մայրերի միջեւ երկխոսության նախաձեռնություն ունեն: Սա հազվադեպ բան է մի հակամարտության մեջ, որտեղ գործնականում բոլոր կամուրջներն այրված են: Նրանք կարծում են, որ մայրերին միավորում է տառապանքը, որտեղից էլ նրանք լինեն: Նրանք մայրերի են գտել սահմանի այն կողմում: Ադրբեջանում մարդիկ կան, որոնք կցանկանային ղարաբաղցիների հետ կապերը վերականգնել: Շատերը նախկին համադասարանցիներ են: Սակայն վախը մեծ է՝ Ադրբեջանում վերահսկում են իրենց քաղաքացիների կապերը եւ նրանց հետապնդում են: Ղարաբաղում մարդիկ դժվար են ապրում, բայց նրանք ցանկանում են դրական էներգիան պահպանել, քանի որ նրանց ուրիշ ոչինչ չի մնում»,- նշված է կատալոնական պարբերականի հոդվածում: