Հայաստանի միջնորդությամբ Իրանի եւ Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) համագործակցությունը շահավետ կլինի բոլոր կողմերի համար: Այս մասին հայտարարել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ինտեգրման և մակրոտնտեսության հիմնական ուղղությունների կոլեգիայի անդամ (նախարար) Տատյանա Վալովայան, հայտնում է tert.am-ը:
«Երբ խոսքը Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության մասին էր, մենք ելնում էինք նրանից, որ Հայաստանն անդամակցելով առավելագույնը կօգտագործի տարածաշրջանում իր դիրքը, կհանդիսանա «դարպաս Կովկասից» դեպի ԵԱՏՄ: Իրանի հետ համագործակցությունն ընթանում է հենց այս տրամաբանությամբ: Հայաստանն Իրանի հետ սահմանակից է, ինչը լրացուցիչ տրանսպորտային միջանցք է մեզ համար»,- ասաց ԵՏՀ նախարարը:
Վալովայան նշել է, որ ավելի վաղ ինքն ու իր գործընկերները քննարկում էին ԵԱՏՄ հետաքրքրությունը Հյուսիս-Հարավ ավտոճանապարհային մայրուղու վերաբերյալ, հաշվարկում, թե ինչ բեռներ կարելի է տեղափոխել այս ճանապարհով, իսկ Իրանի հետ համագործակցությունը լուծում է նաև այս ասպեկտը:
Նախարարը դժվարացավ ասել, թե երբ կտրվի համագործակցության մեկնարկը, բայց նշեց, որ պետությունները շահագրգռված են որքան հնարավոր է շուտ սկսել ազատ առևտրի համաձայնությունը:
Հիշեցնենք, որ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) խորհուրդը դեռևս նախորդ տարվա օգոստոսին որոշում է կայացրել ԵԱՏՄ և Իրանի միջև Առևտրի ազատ գոտու ստեղծման նպատակահարմարությունն ուսումնասիրող հանձնաժողով ստեղծելու մասին, որը շարունակում է իր աշխատանքները Հայաստանի նախաձեռնությամբ ու միջնորդությամբ:
Ինչ վերաբերում է ԵԱՏՄ-ին անդամակցելուց Հայաստանի ակնկալիքներին, ապա օրեր առաջ հանդիպելով Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵԱՏՀ) կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանին՝ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հասկացնել է տվել, որ Հայաստանի "քաղաքացիների վերաբերմունքը Եվրասիական տնտեսական միությանը դեռևս, մեղմ ասած, սպասողական է":
«Մենք միասին Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի միանալու գործընթացի ակունքներում էինք, և այդ միությանն անդամակցելով՝ ակնկալիք ունեինք էապես բարելավել Հայաստանի տնտեսական վիճակը: Ցավոք, անդամակցությունը համընկավ միջազգային տնտեսական գործընթացների հետ, որոնք բացասաբար ազդեցին երկրի տնտեսության վրա, և մեր քաղաքացիների վերաբերմունքը Եվրասիական տնտեսական միությանը դեռևս, մեղմ ասած, սպասողական է, թեև չանդամակցելու պարագայում, ես վստահ եմ՝ բացասական մոտեցումներն ավելի շատ կլինեին:
Այս ընթացքում, համոզված եմ, հսկայական աշխատանք է կատարվել, և ընդամենը տասն օր հետո մենք հնարավորություն կունենանք ամփոփելու որոշակի արդյունքներ», - ԵԱՏՀ կոլեգիայի նախագահի հետ հանդիպմանն ասել է Սարգսյանը: