VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:
«Հրապարակ» օրթերթը գրում է. «Ընտրությունների ելած քաղաքական ուժերն այցեքարտի` անունների, կարգախոսի, լոգոյի, ուղեկից երաժշտության փնտրտուքների մեջ են: Նիկոլ-Էդմոն-Արամ Զավենի դաշինքը քննարկում է մի քանի տարբերակ` «Մենք» դաշինք, որը կուղեկցվի Անուշ եւ Ինգա Արշակյանների «Մենք ենք` մեր սարերը» երգով, եւ Հրանտ Մաթեւոսյանի «Կարեւորը մենք ենք ու Ավստրիան» թեւավոր խոսքով, կամ՝ «Հանուն Հայաստանի»: «Սեղանին այս պահին մոտ մեկ տասնյակ նման վարկածներ կան, այսօր-վաղը կորոշենք»,- ասաց դաշինքի ներկայացուցիչը: Նույն փնտրտուքն է ընթանում նաեւ Ծառուկյանի «մերձակայքում». չնայած տեսակետ կա, որ վերջինս ընտրություններին մասնակցելու է «Ծառուկյան դաշինք» անվամբ, սակայն Ծառուկյանի «մերձավորները» գտնում են՝ «էտօ նե խարոշի տոն», որովհետեւ ասոցացվում է «Բալասանյան դաշինքի» հետ: Անվան փնտրտուքը շարունակվում է»:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ կառավարությունն այսօր արտահերթ նիստ կհրավիրի, որպեսզի վաղն էլ ԱԺ արտահերթ նիստ հրավիրվի: Այլ կերպ ասած՝ գործադիրի նիստի միակ նպատակը խորհրդարանի արտահերթ նիստ հրավիրելու մասին որոշում կայացնելն է: Իսկ այս շտապողականության պատճառն էլ այն է, որ ԱԺ արտահերթ նիստի օրակարգում ընդգրկված չորս հարցերից երեքը վարկային համաձայնագրեր են: Իսկ միակ օրենսդրական նախաձեռնությամբ էլ նախատեսվում է փոփոխություն կատարել «Պետական տուրքի մասին» օրենքում, ինչի արդյունքում բուքմեքերական ընկերությունները ներկայիս 100 մլն դրամի փոխարեն 500 մլն դրամի տուրք պետք է վճարեն: Այսինքն՝ այդ օրենսդրական նախագծով եւս կառավարությունը փող հայթայթելու հարց է լուծում: Իսկ ինչ վերաբերում է վարկային համաձայնագրերին, ապա դրանից մեկով նախատեսվում է 40 մլն եվրոյի վարկ վերցնել, մյուս երկուսով էլ՝ 90 մլն եւ 50 մլն դոլարի վարկեր: Սակայն ողջ խնդիրն այն է, որ այդ երեք վարկային համաձայնագրերը օրերս են ստորագրվել՝ նոյեմբերի 11-ին, նոյեմբերի 30-ին եւ դեկտեմբերի 9-ին: Այսինքն՝ ակնհայտ է, որ ՀՀ կառավարությունը հրատապ գումար հայթայթելով է զբաղված եղել, եւ երբ դրանք գտնվել են, րոպե անգամ չկորցնելով՝ փորձում է այդ փողերը բերել Հայաստան: Նշենք, որ վարկային համաձայնագրերի սահմանադրականության հարցը ՍԴ-ում քննարկելը սովորաբար մոտ երկու ամիս է տեւում: Բայց կառավարությունն արդեն հասցրել է բոլոր երեք համաձայնագրերն էլ ՍԴ «մուրճի տակով» արագ անցկացնել, եւ այժմ հերթը խորհրդարանինն է, որից եւս պահանջելու են, որ փաստաթղթերը բլից վավերացնեն: Այս փաստը ապացուցում է այն կանխատեսումները, որ Հայաստանի բյուջեում գումար չի մնացել, եւ իշխանությունները փորձում են պետբյուջեի ծախսերը պարտք վերցնելով հոգալ: Բայց մինչեւ ե՞րբ: Հ.Գ. Ի դեպ, նոյեմբերի 26-ին տեղի ունեցած ՀՀԿ համագումարում Սերժ Սարգսյանը հայտարարել էր, թե այլեւս արտերկրից վարկեր չեն վերցվի»:
«Ժամանակ» թերթի տեղեկություններով՝ ՀՀԿ նախընտրական ցուցակի առաջին 3 հորիզոնականներում չի լինելու նախկին վարչապետ, ՀՀԿ փոխնախագահ
Հովիկ Աբրահամյանի անունը: «Առաջին հորիզոնականը կզբաղեցնի կուսակցության ղեկավար
Սերժ Սարգսյանը, երկրորդ եւ երրորդ հորիզոնականները կզբաղեցնեն վարչապետ
Կարեն Կարապետյանը եւ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը: 4-րդ հորիզոնականում կին թեկնածու է լինելու՝ արդարադատության նախարար
Արփինե Հովհաննիսյանը, որից հետո նոր միայն 5-րդ հորիզոնականում՝
Հովիկ Աբրահամյանը»:
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Երեկ մամուլը գրել էր, թե ընտրություններին դաշինքով մասնակցելու
Րաֆֆի Հովհաննիսյանի ցանկությունը գլուխ չի գալիս։ Եվ, որպես իրավիճակից ելք, նա առաջարկում է, որ կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը գնա «Համախմբում» կուսակցության կամ
Գագիկ Ծառուկյանի ցուցակով,
Զարուհի Փոստանջյանը՝ «Ազատ դեմոկրատների» հետ, իսկ կուսակցության մամլո խոսնակ
Դավիթ Սանասարյանը՝ «ՔՊ»-«Հանրապետություն»-«Լուսավոր Հայաստան», թեեւ նա առաջիկայում մեկնելու է ուսման՝ ԱՄՆ-ի Ֆլետչերի իրավունքի եւ դիվանագիտության դպրոց։ Դավիթ Սանասարյանը երեկ այս թեմայով մեզ հետ զրույցում ասաց, որ այս լուրի միայն վերջին մասն է համապատասխանում իրականությանը, որ ինքը մեկնելու է ԱՄՆ ուսման»:
«Ժամանակ» թերթը գրում է. «Եկող տարի ձևավորվելիք նոր խորհրդարանում լինելու է Ջավախքը ներկայացնող ոչ թե երկու, այլ մեկ պատգամավոր։ ՀՀԿ-ում որոշել են, որ ջավախահայության քվոտան նոր խորհրդարանում պետք է մեկով պակասացնել։ Դա է պատճառը, որ ներկայումս սրվել են
Շիրակ Թորոսյանի ու Տաճատ Վարդապետյանի հարաբերությունները։ Մեզ հասած տեղեկություններով՝ ՀՀԿ-ի որոշմամբ այդ մեկ թեկնածուն, ըստ ամենայնի, լինելու է
Շիրակ Թորոսյանը։ Նման ընտրության պարագայում, չի բացառվում, որ Տաճատ Վարդապետյանը կդիմի Գագիկ Ծառուկյանին նրա դաշինքով խորհրդարան մտնելու համար»: