Մենք գրեթե բոլոր ուղղություններով սպառազինություն ենք ավելացրել. ԱԽ քարտուղար
Ադրբեջանը շարունակաբար ռազմական բյուջե էր ավելացնում, իսկ Հայաստանն այդ ուղղությամբ գրեթե որևիցե քայլ չէր անում։ Լրագրողների հետ զրույցի ժամանակ ասաց ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, գրում է Փաստինֆոն։
Հարցին՝ արդյոք կարո՞ղ է փաստեր ներկայացնել, որ Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը դավաճանել են, Արմեն Գրիգորյանն ասաց. «Ղարաբաղին բանակցային գործընթացից դուրս են թողել։ Սերժ Սարգսյանը 2011-ին Կազան էր ուզում ստորագրել, իհարկե Ադրբեջանը չստորագրեց։ Դրանից հետո Հայաստանը պարբերաբար հրաժարվել է իր պահանջներից և նրանք, չկատարելով իրենց ընդհանուր պարտականությունը, երկիրը հասցրել են այս վիճակին», - ասաց անվտանգության խորհրդի քարտուղարը։
Վերջինս ասաց, որ շուտով կհրապարակեն, թե 2018-2020թթ.-ին իրենց իշխանությունն ինչեր է արել։
Դիտարկմանը, որ իրենք բանակը զինել են ելակով, Արմեն Գրիգորյանն ասաց. «Մենք բանակը ելակով չենք զինել։ Գրեթե բոլոր ուղղություններով սպառազինություն ենք ավելացրել։ Պարտվել ենք, որովհետև նախորդ 10-20 տարիներին նույն տեմպով աշխատանք չի իրականացվել։ 2017թ.-ին ռազմական բյուջեն մոտ 207 մլրդ է եղել։ Մենք 2018-ին բյուջեն 309 միլիարդ ենք դարձրել, և սա արտացոլվել է սպառազինության գրեթե բոլոր ուղղություններով։ Ձեռք ենք բերել ժամանակակից սպառազինություն։ Եթե 2016-2018թթ.-ին ձեռք է բերվել ցանկացած տեսակի զենքից օրինակ 50 միավոր, մենք 300-ից բարձր թվով ենք ձեռք բերել»,-ասաց ԱԽ քարտուղարը։
Անդրադառնալով Սերժ Սարգսյանի այն հայտրարարությանը, որ պատրաստվում էր ԱԹՍ-ի մեծ խմբաքանակ գնել, սակայն գործող իշխանությունները եկան ու չեղարկեցին դա, Արմեն Գրիգորյանն ասաց, որ ՀՀ երրորդ նախագահը ստել է. «Նա սուտ է ասում։ Եթե 2016-2018թթ.-ին Սերժ Սարգսյանը ձեռք է բերել պայմանական X քանակի ԱԹՍ, մենք 2018-ին X անգամ յոթ ենք ձեռք բերել։ Եթե Սերժ Սարգսյանի ժամանակ պլանավորված է եղել պայմանական 1000 ԱԹՍ-ի ձեռքբերում, մենք այդ թիվը բարձրացրել ենք 1800-ի և շարունակաբար ռազմական ոլորտում լայնածավալ ծախսեր ենք կատարել»,-նշեց Արմեն Գրիգորյանը։