ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը մտադիր է Սահմանադրական դատարանում բողոքարկել ՀՀ կառավարության որոշումը երեք պետական բուհերի կանոնադրության մեջ փոփոխություններ կատարելու մասին:
Այսօր՝ մայիսի 6-ին, խորհրդարանում ելույթ ունենալով նախորդ տարվա գործունեության հաշվետվությամբ, Թաթոյանը նշել է, որ դեռեւս անցյալ տարվա դեկտեմբերին մտահոգություն է հայտնել «Բարձրագույն կրթության մասին» օրենքի առնչությամբ, որի հեղինակները հաշվի չեն առել ոչ պրոֆեսիոնալ հանրության, ոչ մարդու իրավունքների պաշտպանի դիտողությունները: «Վերը նշված օրենքի ընդունումից հետո նախագահը դիմել է ՍԴ՝ օրենքը Սահմանադրությանը համապատասխանելու վերաբերյալ ուսումնասիրելու համար, ես նույնպես պետք է իմ տեսակետը հայտնեմ օրինագծի վերաբերյալ իմ լիազորությունների շրջանակում», - հայտարարել է նա:
Հիմա էլ կառավարությունը գնում է մի որոշման ընդունման, որն ըստ էության ավելի կոշտ ու բացասական կարգավորումներ է սահմանում, քան օրենքը։ «Որոշումն ավելի է վատթարացնում իրավիճակը, քանի որ կառավարության կողմից նշանակվում է խորհրդի անդամների ոչ թե 50, այլ 65 տոկոսը։ Ավելին, այս որոշումն ակնհայտ անհարգալից վերաբերմունք է երկու սահմանադրական ինստիտուտների՝ նախագահի և ՍԴ–ի նկատմամբ։ Ցանկանում եմ ուշադրություն դարձնել, որ նախագահը դիմել է ՍԴ՝ օրենքի սահմանադրականությունը որոշելու հարցով, որն իր իրավական կարգավիճակով ավելի բարձր է, իսկ այժմ դե Ֆակտո հարցը լուծվում է ավելի ցածր իրավական ուժ ունեցող ակտի միջոցով",-հայտարարել է օմբուդսմենը։
Թաթոյանը նշել է, որ կառավարությունն այդ որոշումը հիմնավորել է այդ բուհերում առաջացած խնդիրները կարգավորելու ձգտումով։ Սակայն, Թաթոյանը վստահ է, որ խնդիրը, որին հղում է անում կառավարությունը, ստեղծվել է արհեստականորեն։ «Կառավարությունը ստեղծել է մի խնդիր, որն այժմ փորձում է լուծել բուհերի ինքնավարության կրճատման հաշվին», - հայտարարել է օմբուդսմենը՝ խոստանալով առաջիկա օրերին դիմել ՍԴ՝ կառավարության որոշումը բողոքարկելու նպատակով:
Բացի բովանդակային բնույթի խնդիրներից, խնդիրներ կան նաև տվյալ որոշման ընդունման ընթացակարգի պահպանման հետ կապված։ Թաթոյանը նշել է, որ այդ որոշումն ընդունվել է գրավոր ընթացակարգով, դրա ընդունման մասին տեղյակ չեն եղել շահագրգիռ կողմերը: Նշված երկու խախտումները բավարար են ՍԴ դիմելու եւ այդ որոշումը վիճարկելու համար։