Բոլոր ռազմագերիների վերադարձի հարցը պետք է լուծվի հնարավորինս արագ. Արա Այվազյան
Ամենակարևոր խնդիրն այն է, որ Ադրբեջանը վերադարձնի բոլոր ռազմագերիներին և բռնի կերպով պահվող անձանց: Այս մասին հայտարարել է ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանը ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ ընդլայնված ձևաչափով հանդիպման ժամանակ․
«Եվ այս խնդիրը պետք է հնարավորինս արագ լուծվի, որի մասին վկայում են նաև միջազգային մարդասիրական իրավունքի շարունակական զանգվածային խախտումները»,- ասել է նա։
Նախարարի պաշտոնակատարը նաև անդրադարձել է հայ-ռուսական հարաբերություններին՝ նշելով, որ Հայաստանի և Ռուսաստանի միջև փոխգործակցության դաշնակցային բնույթը կանխորոշում է այն խնդիրների շրջանակը, որոնք համատեղ հասցեագրում են` ի շահ մեր ժողովուրդների բարեկամության առավել ամրապնդման և անվտանգության, խաղաղության ու կայունության պայմաններում մեր երկրների զարգացման: