Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) միջկառավարական խորհուրդը հաստատել է մինչև 2025 թվականը արդյունաբերական համագործակցության հիմնական ուղղությունները, VERELQ-ին հայտնել են ԵՏՀ-ից:
«Դա միջնաժամկետ ռազմավարական փաստաթուղթ է, որը սահմանում է նման համագործակցության նպատակները, խնդիրները, ուղղությունները եւ գործիքները, ինչպես նաեւ տնտեսական գործունեության գերակա տեսակները ՝ արդյունաբերության արդյունահանող եւ մշակող ճյուղերում Եվրասիական տնտեսական միության երկրների փոխգործակցության պրիզմայով եւ այսպես կոչված զգայուն ապրանքների ցանկը, որոնք առաջնահերթ են համագործակցության համար:
Նոր փաստաթուղթը կապահովի արդյունաբերական համագործակցության առանցքային գերակայությունների թարմացումն ու ճշգրտումը՝ հաշվի առնելով համաշխարհային արդյունաբերական արտադրության միտումների եւ ստանդարտների փոփոխությունները, ինչպես նաեւ արդյունաբերական համագործակցության՝ այսօր առավել պահանջված ուղղությունները», - ասված է հաղորդագրության մեջ:
«Արդյունաբերական համագործակցության հիմնական ուղղությունները ձեռք են բերել ավելի հստակ կառուցվածք և հանդիսանում են Եվրասիական տնտեսական ինտեգրման զարգացման ռազմավարական ուղղությունների տրամաբանական շարունակությունն ու իրագործումը մինչև 2025 թվականը։ Ավելացվել են այնպիսի ուղղություններ, ինչպիսիք են Միության շուկայի ներուժի օգտագործումը, համատեղ աշխատանքն արտահանման շուկաներում, նորարարական համագործակցությունը, արդյունաբերական ինտեգրման խորացման ռազմավարական ուղղությունները, ԵԱՏՄ շրջանակներում արդյունաբերական ապրանքների մակնշման համակարգի և հետագծելիության կատարելագործումը:
Նոր փաստաթուղթը պարունակում է մեր երկրների միջև արդյունաբերական զարգացման և փոխգործակցության թիրախային ցուցիչների լայն ցանկ», – հայտարարել է ԵՏՀ արդյունաբերության և ագրոարդյունաբերական համալիրի հարցերով նախարար Արտակ Քամալյանը:
Նա ընդգծել է, որ նոր փաստաթուղթը ուղղված է արդյունաբերական համագործակցության մի շարք առանցքային վեկտորների իրականացմանը: Դրանց թվում են Միության շուկայի ներուժի օգտագործումը, արտահանման շուկաներում համատեղ աշխատանքը, արդյունաբերության նորարարական համագործակցությունը և թվայնացումը, արդյունաբերական ինտեգրման խորացման ռազմավարական ուղղությունները, ԵԱՏՄ շրջանակներում արդյունաբերական ապրանքների մակնշման և հետագծելիության համակարգի կատարելագործումը, տեղեկատվական փոխգործակցությունը և վերլուծական գործունեությունը:
ԵԱՏՄ անդամ պետությունների կառավարությունների ղեկավարները նշել են, որ ԵԱՏՄ-ն համապատասխանում է միությունում արդյունաբերության զարգացման արդիական միտումներին: Դրանց ընդունումն իրավական եւ կազմակերպական հիմք է ստեղծում համագործակցության խորացման համար մինչեւ 2025 թվականը։