Մենք շահագրգռված ենք ԵԱՏՄ-ում արտադրվող ապրանքների մրցունակության բարձրացմամբ. Փաշինյան
30.04.2021
ԵԱՏՄ գործունեությունը, որը լրացուցիչ խթան է հաղորդել անդամ պետությունների տնտեսական համագործակցության՝ որակապես նոր հիմքով զարգացմանը, այսօր առաջ է ընթանում նոր գլոբալ մարտահրավերների ֆոնին, որոնք էապես չեզոքացնում են միջպետական ինտեգրման էֆեկտները։ Դա և՛ համավարակի հետևանքով առաջացած սահմանափակումներն են, և՛ ողջ համաշխարհային տնտեսության՝ ժամանակային առումով համընկած կամ անմիջապես հաջորդած վերափոխումը, որտեղ բարձր տեխնոլոգիաները գնալով ավելի պահանջված են դառնում:
Այդ մասին Կազանում ընթացող Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին հայտարարել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:
Նրա խոսքով, Միության՝ այս պայմաններին հարմարվելու տեսանկյունից առաջին պլան է մղվում այն ոլորտների համալիր ուսումնասիրության և բացահայտման անհրաժեշտությունը, որոնք գործնական համագործակցության ամենամեծ պաշարն ունեն: «Մասնավորապես, նոր պայմանները բացահայտեցին առողջապահության, կրթության և սոցիալական ոլորտներում համագործակցության պահանջը:
Իհարկե, 2020 թվականը վերհանեց մի շարք նոր խնդիրներ, որոնց կարգավորմանն ուղղված լուծումները վերաբերում էին այնպիսի հարցերի, ինչպիսիք են ներքին շուկայի գործունեությունը, զգայուն ապրանքների առանձին տեսակների արտահանման և ներմուծման կանոնակարգումը:
Հարկ է Միության ինտեգրացիոն ներուժի հետագա բացահայտման պրիզմայով դիտարկել նաև տիեզերքի գծով միջպետական ծրագիրը, որը մենք երեկ քննարկում էինք: Վստահ եմ, որ այս ուղղությամբ համակարգված աշխատանքի արդյունքը երկար սպասեցնել չի տա», - ասել է նա:
Ինտեգրման արդիական խնդիրների լուծման տեսանկյունից Փաշինյանն առանձնացնել է այսօր դիտարկվող փաստաթուղթը՝ մինչև 2025 թվականը ԵԱՏՄ շրջանակում արդյունաբերական համագործակցության հիմնական ուղղությունները:
«Կարծում եմ՝ ավելորդ չի լինի ևս մեկ անգամ արձանագրել, որ արդյունաբերության ոլորտը Միության տնտեսական համակարգի գլխավոր շարժիչ ուժերից է: Գործնականում անիրագործելի է ապրանքների լիարժեք միասնական շուկայի ստեղծումը` առանց այդ ուղղությամբ համակարգված քաղաքականության մշակման: Կարևոր ենք համարում արդյունաբերական համագործակցության խորացմանն ու ազգային արդյունաբերական քաղաքականությունների համակարգմանը միտված աշխատանքների շարունակումը:
Անկասկած, մենք նաև շահագրգռված ենք ԵԱՏՄ-ում արտադրվող ապրանքների մրցունակության բարձրացմամբ՝ ինչպես ներքին, այնպես էլ արտաքին շուկաներում: Փաստաթղթի հիմնական դրույթների հետևողական իրագործումը կնպաստի ընդհանուր առմամբ ողջ արդյունաբերական համալիրի կայուն զարգացմանը», - ասել է նա:
Ըստ Փաշինյանի, փաստաթղթի ամենակարևոր ուղենիշերից է արդյունաբերության նորարարական զարգացման և թվային փոխակերպման համատեղ խթանումը: «Հաշվի առնելով փոփոխվող տնտեսական կոնյունկտուրան` տնտեսությունների տեխնոլոգիական զարգացման նոր մակարդակին անցումը որոշիչ նշանակություն է ձեռք բերում: Թվային փոխակերպումը շարունակում է մնալ ինտեգրման հիմնասյուներից մեկը: Մենք ավանդաբար այն տեսակետին ենք, որ անհրաժեշտ է հետայսու ևս խորացնել համագործակցությունն այս ուղղությամբ:
Վստահ եմ, որ Ռազմավարական ուղղությունների իրագործումը հեռանկարում թույլ կտա մեզ հասնել համաձայնեցված արդյունաբերական քաղաքականության և, այլ միջոցառումների հետ համատեղ, կծառայի Միությունում արտադրվող ապրանքների մրցունակության բարձրացմանը», - նկատել է նա:
Կառավարության մամուլի ծառայությունից նաև հայտնում են, որ ԵԱՏՄ կառավարությունների ղեկավարները քննարկել են օրակարգային հարցերը, ներառյալ զգայուն ապրանքների առանձին տեսակների արտահանումը կանոնակարգող միջոցների միավորումը, ԵԱՏՄ գյուղարտադրանքի շուկայի՝ բույսերի վտանգավոր վիրուսներից պաշտպանության միջոցները, Ղազախստանում արտադրվող և ԵԱՏՄ մյուս երկրներ տեղափոխման ենթակա ապրանքների համար սերիական արտադրանքի սերտիֆիկատի կիրառման ժամկետների երկարաձգումը: Ի գիտություն է ընդունվել էլեկտրոնային առևտրի զարգացման մասին զեկույցը: Հաստատվել են մինչև 2025 թվականը ԵԱՏՄ շրջանակում արդյունաբերական համագործակցության հիմնական ուղղությունները:
Անդրադարձ է եղել տիեզերական ծառայությունների ոլորտում համագործակցության հեռանկարներին։
Նիստի արդյունքներով ստորագրվել են մի շարք փաստաթղթեր: Եվրասիական տնտեսական հանձնաժողովի և Ուզբեկստանի Հանրապետության կառավարության միջև ստորագրվել են Հուշագիր փոխգործակցության մասին և դրա իրականացման միջոցառումների ծրագիրը:
Նախատեսվում է ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի հաջորդ նիստն անցկացնել Ղրղզստանի Հանրապետությունում՝ Իսիկ-Կուլում։