Մեր միությունն ինքնաբավության բարձր մակարդակ ունի. Միխայիլ Մյասնիկովիչ
Մեր միությունն ինքնաբավության բարձր մակարդակ ունի։ Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի արդյունքներով լրագրողների հետ զրույցում այս մասին հայտարարեց Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչը։
Նրա խոսքով, հանձնաժողովը լուրջ աշխատանք է կատարել, որը վերաբերում է պարենի բալանսի ապահովմանը: «Քանի որ այդ թեման այսօր բավականին հաճախ է հայտնվում ԶԼՄ-ներում, ուզում եմ ասել, որ թե ձավարով, թե մսով, թե շաքարով, թե կաթնամթերքի ապրանքախմբով մենք ունենք բավարար ռեսուրսներ, որպեսզի ապահովենք մեր միության ներքին շուկայի կայուն մատակարարումը եւ նույնիսկ արտահանման ավելցուկ մատակարարենք», - ասել է նա:
«Այդ պատճառով այդ ապրանքների գնային փոփոխականությունը կապված չէ դեֆիցիտի կամ ինչ-որ այլ բարդությունների հետ։ Անշուշտ, պետք է կատարելագործել այդ ռեսուրսների կառավարումը։ Դրանով հիմա բավականին լուրջ զբաղվում է Հանձնաժողովը», - նշել է նա։
Միխայիլ Մյասնիկովիչն ասել է, որ քննարկվել են մի շարք հարցեր, որոնք վերաբերում են գյուղատնտեսական տեխնիկայի եւ սարքավորումների գնմանը փոխադարձ առեւտրի շրջանակներում, նկատի ունենալով, որ այդ հարցերը արդիական են ոչ միայն գյուղատնտեսական տեխնիկա արտադրողների, այլեւ նրա սպառողների համար:
Ինչպես նշել է ԵՏՀ Կոլեգիայի նախագահը, ԵՄԽ նիստի մասնակիցները խոսել են նաև արտահանման կարգավորման միջոցների կատարելագործման անհրաժեշտության մասին: Արդյունքում պայմանավորվել են աշխատանքներ տանել արտահանման կարգավորման կիրառվող միջոցների նվազեցման և հնարավոր օպտիմալացման ուղղությամբ։ «Անշուշտ, այս թեման շատ նուրբ է, այն մշակվում է ԵՏՀ Կոլեգիայի և մեր մյուս կառույցների շրջանակներում», – եզրափակել է Միխայիլ Մյասնիկովիչը: