Փաշինյանն արդյունաբերական ոլորտը համարում Է ԵԱՏՄ տնտեսության դրայվերներից մեկը
30.04.2021
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն արդյունաբերական ոլորտը համարում է Եվրասիական տնտեսական միության տնտեսական համակարգի շարժիչ ուժերից մեկը: Այս մասին Փաշինյանը հայտարարել է Եվրասիական միջկառավարական խորհրդի ընդլայնված նիստում։
«Կարծում եմ՝ ավելորդ չի լինի ևս մեկ անգամ նշել, որ արդյունաբերությունը Միության տնտեսական համակարգի շարժիչ ուժերից մեկն է։ Ապրանքների լիարժեք ընդհանուր շուկայի ստեղծումը գործնականում անհնար է առանց համաձայնեցված քաղաքականության մշակման։ Մենք շահագրգռված ենք ԵԱՏՄ - ում արտադրվող ապրանքների մրցունակության բարձրացմամբ ինչպես ներքին, այնպես էլ արտաքին շուկաներում», - «Արմենպրես»-ի հաղորդմամբ ՝ ասել է Փաշինյանը:
Նիկոլ Փաշինյանը կարևորել է քննարկվող «մինչև 2025 թվականը ԵԱՏՄ շրջանակներում արտադրական կոոպերացիայի հիմնական ուղղությունները» փաստաթուղթը:
Վարչապետի պաշտոնակատարը նշել է, որ ԵԱՏՄ գործունեությունը, որը լրացուցիչ խթան է տվել անդամ պետությունների միջև տնտեսական համագործակցության զարգացմանը, այսօր առաջ է ընթանում առկա նոր գլոբալ մարտահրավերների ֆոնին, որոնք, ընդհանուր առմամբ, էապես չեզոքացնում են միջպետական ինտեգրման հետևանքները:
«Դրանք համաճարակի, համաշխարհային տնտեսության վերափոխման հետեւանքով առաջացած սահմանափակումներ են, որտեղ բարձր տեխնոլոգիաները դառնում են ավելի ու ավելի տարածված։ Նոր պայմանները բացահայտել են առողջապահության, կրթության և սոցիալական ոլորտներում համագործակցության անհրաժեշտությունը», - ասել է վարչապետի պաշտոնակատարը։
Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել ԵԱՏՄ անդամ երկրների իր գործընկերներին համատեղ աշխատանքի համար, վերահաստատել հայկական կողմի պատրաստակամությունը՝ գործադրել բոլոր անհրաժեշտ ջանքերը տնտեսական համագործակցության ոլորտների ընդլայնման համար և վերաբացել Միության ինտեգրացիոն ներուժը: