Եկեղեցու հարցով Ազգային ժողովում ձևավորված քննիչ հանձնաժողովը հակասահմանադրական է, իսկ դրա հիմքում դրված զեկույցը փաստերի փոխարեն հիմնականում մամուլի հրապարակումներ է պարունակում։ Այս մասին հայտարարել է ԱԺ ընդդիմադիր պատգամավոր, փոխնախագահ Արամ Վարդևանյանը։
Նրա խոսքով՝ Ազգային ժողովը սահմանադրական լիազորություն չունի միջամտելու Մայր Աթոռի գործունեությանը։ Վարդևանյանը նշել է, որ այն փաստարկը, թե խորհրդարանը կարող է նման հանձնաժողով ստեղծել պարզապես այն պատճառով, որ օրենքներն ընդունում է հենց Ազգային ժողովը, չի կարող հիմնավորում լինել։
«Եթե իրենց մեկնաբանությունն այն է, որ օրենք կա, իսկ հետևաբար Ազգային ժողովն է օրենք ընդունողը, այդ դեպքում, կներեք, Դատական օրենսգիրքը, Քրեական դատավարության օրենսգիրքը Ազգային ժողովն է ընդունել։ Հիմա կարո՞ղ ենք, օրինակ, կոնկրետ դատական ակտերին գնահատական տվող քննիչ հանձնաժողով ստեղծել։ Ոչ, որովհետև դա կնշանակի միջամտել դատական իշխանության գործունեությանը»,– ասել է նա։
Վարդևանյանի գնահատմամբ՝ նույն տրամաբանությունը պետք է կիրառվի նաև եկեղեցու դեպքում։ Նա հանձնաժողովը անվանել է «ակնհայտ հակասահմանադրական» և նշել, որ Ազգային ժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը, իր կարծիքով, պարտավոր էր վերադարձնել հանձնաժողով ստեղծելու վերաբերյալ դիմումը։ «Ազգային ժողովի կանոնակարգը հստակ նախատեսում է, այնպես չէ, որ ցանկացած քննիչ հանձնաժողով կարող ես ստեղծել և վերջ։ Պետք է վերադարձներ, չի վերադարձրել, չի կատարել իր պարտականությունը»,– ասել է ընդդիմադիր պատգամավորը։ Վարդևանյանը նաև քննադատել է հանձնաժողովի շրջանակում ներկայացված զեկույցը՝ պնդելով, որ դրանում փաստերի փոխարեն օգտագործվել են մամուլի հրապարակումներ։
Նրա խոսքով՝ պատգամավորը պետք է խոսի իր իրավասության շրջանակում, մինչդեռ ՔՊ-ն, իր գնահատմամբ, փորձում է խորհրդարանի իրավասությունից դուրս գտնվող երևույթ քննարկման առարկա դարձնել։ «Մենք հիմա՝ ես այստեղ կանգնած եմ որպես Ազգային ժողովի պատգամավոր։ Ազգային ժողովի պատգամավորը ոչ թե պետք է խոսի սուբյեկտիվ իր ընկալումների մասին, այլ պետք է խոսի իր իրավասության շրջանակի մասին։ Հիմա պատկերացրեք՝ ՔՊ-ն դա է անում․ իր իրավասությունից դուրս գտնվող երևույթ է փորձում բարձրաձայնել։ Ավելին՝ մի երևույթ, որը հակասահմանադրական է, որը մեր ազգային ինքնության տեսանկյունից, մեղմ ասած, անընդունելի է»,– նշել է նա։
Անդրադառնալով համապատասխան զեկույցին՝ Վարդևանյանը ենթադրել է, որ դրա հեղինակը կարող է լինել ՔՊ-ական պատգամավոր Տարոն Չախոյանը։ Միաժամանակ նա կասկածի տակ է դրել զեկույցում ներկայացված նյութերի ապացուցողական արժեքը։ «Այդ զեկույց կոչված, չակերտներում, փաստաթղթում բացառապես մամուլի հրապարակումներ են»,– ասել է նա՝ ընդգծելով, որ մամուլի հրապարակումը և փաստը նույնը չեն։ Վարդևանյանը որպես օրինակ նշել է իրավիճակ, երբ պատգամավորը կարող է որևէ լրատվամիջոցի հրապարակմանը հղում անել և դրա հիման վրա հայտարարել, թե փաստեր ունի։ Նրա խոսքով՝ այդ դեպքում առաջին հարցը պետք է լինի՝ արդյոք տվյալ նյութը ինքնին փաստ է, թե պարզապես մամուլի հրապարակում։
Նա նաև նշել է, որ նույն հրապարակումների հիման վրա կարելի է գտնել այլ նյութեր, որոնք կարող են տրամագծորեն տարբեր իրավական գնահատականներ պարունակել։ «Մի բան է փաստ, մի բան է մամուլի հրապարակում։ Եթե ուզում ենք այդ տրամաբանությունը վերցնել, այդպես շարժենք», – եզրափակել է Վարդևանյանը։