5.10.2026
Լուսանկարը` parliament.am
prev Նախորդ նորություն

Միրզոյանն ու Արաղչին Թեհրանում քննարկել են ռազմավարական նախագծերն ու TRIPP ծրագիրը

Լուսանկարը` mfa.am
Լուսանկարը` mfa.am

Հոկտեմբերի 5-ին Իրանի մայրաքաղաքում տեղի են ունեցել ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանի և ԻԻՀ արտգործնախարար Սեյեդ Աբբաս Արաղչիի բանակցությունները։


Ինչպես հայտնում են արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարության մամուլի ծառայությունից, բարձր մակարդակի հանդիպումը, որը մեկնարկեց իրանցի պաշտոնյայի քրոջ մահվան կապակցությամբ հայկական կողմի անկեղծ ցավակցություններով, նվիրված էր տարածաշրջանային անվտանգությանն ու խոշոր ենթակառուցվածքային նախագծերի իրագործմանը:


Արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարներն արձանագրեցին երկկողմ կապերի ռազմավարական բնույթը, ինչն իր ամրագրումն է գտել ՀՀ Կառավարության 2026-2031թթ. ծրագրում։


Բանակցությունների առանցքում էին էներգետիկ և տրանսպորտային լոգիստիկայի հարցերը. դիվանագետները շեշտեցին հայ-իրանական սահմանին երկրորդ կամրջի կառուցման, էլեկտրահաղորդման երրորդ գծի շինարարության արագացման և բեռնափոխադրումների առավելագույն դյուրացման անհրաժեշտությունը։


Թեհրանը ևս մեկ անգամ վերահաստատեց իր լիակատար աջակցությունը հայկական «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությանը։


Իր հերթին, նախարար Միրզոյանը գործընկերոջը ներկայացրեց TRIPP նախագծի իրականացման ընթացքն ու տարածաշրջանի երկրների համար դրա ընձեռած նոր տնտեսական հնարավորությունները։ Կողմերը պայմանավորվեցին նաև խորացնել փոխգործակցությունը հանրային տեղեկատվության ոլորտում՝ մեդիա տիրույթում շրջանառվող անհարկի շահարկումներին համատեղ հակազդելու նպատակով։


Անդրադառնալով տարածաշրջանային բարդ զարգացումներին՝ ՀՀ ԱԳՆ ղեկավարն ընդգծեց դիվանագիտական ճանապարհով շարժվելու հրամայականը։ «Հայաստանն ուշադրությամբ հետևում է ընթացիկ իրավիճակին՝ առանցքային նշանակություն տալով առկա խնդիրները բացառապես բանակցային ճանապարհով կարգավորելուն ուղղված ջանքերին», — հայտարարել է Արարատ Միրզոյանը։

Լուսանկարը` news.am
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` news.am
05.10.2026
ԱՄՆ փոխպետքարտուղարը հիացած է Հայաստանի քրիստոնեական ժառանգությամբ