Այսօր քննարկում ենք սոցիալական արդարության բացակայությունը Հայաստանում, բայց մենք ունենք շատ լրջագույն խնդիր, որից նաև բխում է դա՝ ինչպե՞ս անվտանգ ապրենք մեր երկրում և ինչպես, օրինակ, անվտանգ հասնենք Մեղրի: Այս մասին «Ինչպիսի՞ խոչընդոտներ կան Հայաստանում սոցիալական արդարության հաստատման ճանապարհին» քննարկման ընթացքում հայտարարեց Սոցիալական աապահովության ծառայության նախկին պետ Հովհաննես Սահակյանը:
"Քանդեցին երկու հիմնասյուն՝ բանակն ու սփյուռքը: Մենք միշտ պարծանքով նշել ենք, որ մենք այն երեք միլիոնը չենք միայն, որ ապրում ենք այստեղ, այլ մենք 10 միլիոն ենք, որ ամբողջ աշխարհով մեկ սփռված ենք:
Մենք ունեինք տարածաշրջանի ամենամարտունակ բանակը, որը քանդեցին, հավասարեցրեցին անունը զրոյին, իսկ Բաքվի շքերթի ժամանակ մեր զինատեսակները առանց մեկ վնասվածքի ցուցադրվում են: Ի՞նչ սոցիալական արդարության մասին է խոսքը մի երկրում, որտեղ ահռելի չափերի հասնող պարգևավճարների մասին մենք իմացանք ոչ թե հենց պաշտոնյաներից, այլ մամուլից: Այսինքն, ինչո՞ւ եք թաքցնում, եթե կարծում եք, որ դուք արդար եք ու արժանի եք այդ միլիոնների, մինչդեռ քաղծառայողները 100-120 հազար աշխատավարձ են ստանում, բայց աշխատանքի ահռելի մասը հենց իրենց ուսերին է»,- նշեց Սահակյանը:
Որպես նախկին պատգամավոր, նա նշեց, որ Ազգային ժողովը վերածվել է «բեսեդկայի», որտեղ մեկը մյուսին վիրավորում են, այլ ոչ թե բովանդակային քննարկումներ անցկացնում: Որպես վերջին թարմ օրինակ նա բերեց պաշտոնյաներին զրպարտողներին խոշոր տուգանքով պատժելու նախագիծը, որը, նրա խոսքով, ուղղակի խայտառակություն է:
«Նշեք մի ծրագիր, որ այս կառավարությունը հայտարարել է ու հասցրել է ավարտին: Ո՞ւր է տնտեսական հեղափոխությունը, ի՞նչ եղավ դատավորների վեթինգը, ո՞ւր են հեծանիվներով աշխատանքի գնացող պաշտոնյաները, և այլն: Սոցիալական արդարության հասնելու համար մենք պետք է ազատվենք այս չարիքից՝ օրվա իշխանություններից, որոնց օրոք բանակը գլխատվեց, Արցախը կորցրեցինք, տնտեսությունը քայքայեցինք, մինչդեռ առողջ քննադատությանը նրանք արձագանքում են ցինիզմով: Երբ կեղծ արժեքներ ես դնում քո կառավարման հիմքում, շատ կարճ ժամանակահատվածում այս երևույթները տեսանելի են դառնում, տեսանելի է դառնում երկրի կործանումը ու մարդկանց հիասթափությունը»,- շեշտեց նա:
Հովհաննես Սահակյանը նշեց, որ այսօր շատերը մտածում են արտագաղթելու մասին, ավելի շատ հաշվի առնելով անվտանգային խնդիրները: Բայց, իր կարծիքով, բոլորս ունենք պատասխանատվություն և պետք է քայլեր ձեռնարկենք ոչ թե արտագաղթելու ուղղությամբ, այլ երկիրը վերադարձնելու նորմալ կենսագործունեության փուլ ու փրկենք Հայաստանը.
«Որպեսզի մենք հասնենք սոցիալական արդարության, նախևառաջ պետք է երկրում ապահովենք անվտանգություն, ազատ խոսքի և օրենքի գերակայություն, նորմալ կրթություն: Այդ ամենից հետո միայն երկրում կարող է հաստատվել սոցիալական արդարություն: Եվ ես հավատում եմ, որ մենք դրան կհասնենք»,- հավելեց նա:
Նշենք, որ «Ինչպիսի՞ խոչընդոտներ կան Հայաստանում սոցիալական արդարության հաստատման ճանապարհին» քննարկումը կազմակերպել է «Հանուն սոցիալական արդարության» կուսակցությունը: