23.11.2024
Երբ կեղծ արժեքներն են կառավարման հիմքում՝ տեսանելի է դառնում երկրի կործանումը. Սահակյան
prev Նախորդ նորություն

Պարտությունը, տարածքների կորուստը, արտագաղթը սխալ քաղաքականության արդյունք է. Պարսյան

Սոցիալական անարդարությունը շատ է կուտակվել մեր երկրում և պարտությունը, մեր խնդիրները հենց դրանով են պայմանավորված: Այս մասին «Ինչպիսի՞ խոչընդոտներ կան Հայաստանում սոցիալական արդարության հաստատման ճանապարհին» քննարկման ընթացքում հայտարարեց ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրաասենյակի պատասխանատու Սուրեն Պարսյանը:

Նրա խոսքով, ներկայիս իշխանությունների վարած սխալ սոցիալ-տնտեսական քաղաքականությունն է կանգնացրել երկիրը առկա բարդ իրավիճակի առջև: «Կոռուպցիայի նվազմամբ, մի քանի նախկին պաշտոնյաների ձերբակալմամբ դու չես ապահովում անվտանգություն քո երկրում, որն ամենակարևոր բաղադրիչն է երկրի զարգացման համար: Այն ամենը, ինչ ունենք՝ պարտություն, տարածքների կորուստ, արտագաղթ սխալ սոցիալ-տնտեսական քաղաքականության արդյունք է»,- նշեց նա:

Ըստ Պարսյանի՝ աղքատությունը ծնում է աղքատությունը: Իշխանությունները տարիներ շարունակ աղքատ ընտանիքների խնդիրները չեն լուծել, պայքարել են աղքատների, այլ ոչ թե աղքատության դեմ: Այդ իսկ պատճառով այսօր աղքատ ընտանիքում ապրող երեխան ապագայում էլ, մեծ հավանականությամբ, կլինի աղքատ, քանզի նրա խնդիրները չեն լուծվում:

«Դաստիարակություն, կրթություն՝ վերջին տարիներին այս արժեքները դեգրադացվել են և պատահական չէ ներկայումս առկա անհասկանալի հանդուրժող մոտեցումը այս իշխանությունների ապազգային գործունեությանը»,- նշեց նա:

Կան հստակ թվեր, հստակ իրավիճակ, որ այն ծայրահեղ լիբերալ մոտեցումները, որոնք որդեգրվել էին վերջին 30 տարիների ընթացքում, իրենց ձախողել են ու սպառել:

«Խնդիրները պետք է ճիշտ արձանագրենք: Պետք է նոր, կարևոր կոնցեպտներ մշակենք: Օրինակ, ՀՅԴ-ն դեռ 2018-ին է մշակել սոցիալ-տնտեսական քաղաքականության հիմնադրույթները: Միայն դա թույլ կտա այս դժվարությունների պայմաններում հաղթահարել դրանք ու առաջ գնալ, փորձել զարգացնել պետությունը»,-ասաց տնտեսագետը:

Վերջում Պարսյանը նշեց, որ պատերազմից հետո Հայաստանում ծնված երեխաներին մեծ մասամբ Մոնթե անունն են տվել և հարց հնչեցրեց՝ արդյոք մեզ այս պատերազմի նման ցնցում էր պետք, որպեսզի կարողանանք վերագտնել մեր արժեքները, մեր ինքնությունը:

Նշենք, որ «Ինչպիսի՞ խոչընդոտներ կան Հայաստանում սոցիալական արդարության հաստատման ճանապարհին» քննարկումը կազմակերպել է «Հանուն սոցիալական արդարության» կուսակցությունը:


.