«Կցանկանա՞ք կրկին փորձել ձեր բախտը». Իրանը զգուշացրել է Թրամփին
Լուսանկարը` Sedat Suna / Getty Images
Իրանի արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչին խիստ նախազգուշացում է հղել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին՝ հորդորելով զերծ մնալ Մերձավոր Արևելքում նոր ռազմական արկածախնդրությունից, որը, ըստ նրա, ծառայում է բացառապես Իսրայելի վարչապետի անձնական շահերին։
Թեհրանի և Վաշինգտոնի միջև հռետորաբանության հերթական սրման ֆոնին իրանական դիվանագիտության ղեկավարը հայտարարել է, որ Բենիամին Նեթանյահուն միտումնավոր փորձում է ԱՄՆ-ին ներքաշել նոր պատերազմի մեջ:
Արաղչիի համոզմամբ՝ Իսրայելի կառավարության ղեկավարի գլխավոր նպատակն իր սեփական քաղաքական անվտանգության ապահովումն ու բանտարկությունից խուսափելն է, ինչի ճանապարհին նա լիովին անտեսում է աղետալի հետևանքները թե՛ Իսրայելի, և թե՛ անձամբ ԱՄՆ նախագահի համար:
Թեհրանի կոշտ արձագանքի պատճառը Դոնալդ Թրամփի վերջին հայտարարությունն էր, որով նա լիակատար աջակցություն էր հայտնել Նեթանյահուին կառավարության ղեկավարի առաջիկա ընտրություններում և բացահայտ սպառնացել Իսլամական Հանրապետությանը։ Իսրայելցիներին ուղղված իր ուղերձում ԱՄՆ նախագահը վարչապետին անվանել է «ուժեղ և խիզախ առաջնորդ», ինչպես նաև Իրանի դեմ պայքարի հուսալի գործընկեր։
«Իրանը համակարգված կերպով ջախջախված է թե՛ ռազմական, թե՛ ֆինանսական առումով։ Եթե այն արագ չփոխի իր ընթացքը, մենք շուտով կավարտենք սկսածը»,- շեշտել է ամերիկացի առաջնորդը։
Արձագանքելով «սկսածն ավարտելու» ամերիկյան սպառնալիքին՝ Աբաս Արաղչին X սոցիալական ցանցի իր միկրոբլոգում հիշեցրել է Իրանի վրա ուժային ճնշում գործադրելու նախկին անհաջող փորձերի մասին։ «Նախորդ անգամ, երբ դուք ցանկացաք «ավարտել սկսածը», Իրանը դրանից դուրս եկավ էլ ավելի ուժեղ։ Կցանկանա՞ք կրկին փորձել ձեր բախտը։ Խնդրեմ։ Բայց զգույշ եղեք․ մենք էլ ունենք անավարտ գործեր»,- եզրափակել է Իրանի արտգործնախարարը։