ԵԱՀԿ նախագահը գալիս է Երևան. օրակարգում խաղաղության հարցն է
Լուսանկարը` gazeta.ru
ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեյցարիայի արտաքին գործերի դաշնային դեպարտամենտի ղեկավար Ինյացիո Կասիսը տարածաշրջանային կայունությանն աջակցելու առաքելությամբ ժամանում է Հարավային Կովկաս։
Հոկտեմբերի 14-ից 16-ը եվրոպացի բարձրաստիճան դիվանագետը պաշտոնական այցով կլինի Հայաստանում և Վրաստանում: Բանակցությունների հիմնական առանցքում են լինելու Հարավային Կովկասի անվտանգային իրավիճակը, երկկողմ հարաբերություններն ու այս տարի Շվեյցարիայի նախագահությամբ գործող ԵԱՀԿ-ի դերակատարությունը տարածաշրջանում։
Երևանյան այցի շրջանակում հոկտեմբերի 15-ին Կասիսը բարձր մակարդակի հանդիպումներ կունենա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ։ Հայաստանի ղեկավարության հետ քննարկումների գլխավոր թեման հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացն է և տարածաշրջանային համագործակցությունը:
Այցին ընդառաջ՝ շվեյցարական կողմը հանդես է եկել հայտարարությամբ՝ վերահաստատելով իր հանձնառությունը. «Շվեյցարիան աջակցում է խաղաղության գործընթացին և երկու կողմերի ցանկության դեպքում պատրաստ է տրամադրել իր փորձագիտական հնարավորությունները»։