Գրիգորյան. Անկլավների և էքսկլավների հարցով պայմանավորվածություն չկա
Հայաստանն ու Ադրբեջանը մինչ օրս որևէ պայմանավորվածություն չեն ձեռք բերել անկլավների և էքսկլավների հարցի շուրջ։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։
Նա պարզաբանել է, որ երկու երկրների միջև պաշտոնական մակարդակով քննարկվող հարցերի և ընթացող աշխատանքների վերաբերյալ հայկական կողմը պարբերաբար հանրությանը տեղեկացնում է։
Փոխվարչապետի խոսքով՝ Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչների միջև մինչ այժմ տեղի է ունեցել 13 հանդիպում, որոնց արդյունքների մասին հրապարակվել են պաշտոնական հաղորդագրություններ։
Գրիգորյանը շեշտել է, որ նշված հանդիպումներից որևէ մեկի օրակարգում անկլավների և էքսկլավների հարցը չի եղել։ Նրա հավաստմամբ՝ եթե այդ թեմայով աշխատանքային քննարկումներ անցկացված լինեին, հանրությունը դրանց մասին նույնպես կտեղեկացվեր պաշտոնական հաղորդագրությամբ։