19.10.2026
Լուսանկարը` primeminister.am
prev Նախորդ նորություն

Գիտության կոմիտեի փոխնախագահը հրաժարական է տվել՝ քննադատելով ֆինանսավորման տեմպերը

Լուսանկարը` news.am
Լուսանկարը` news.am

ՀՀ ԿԳՄՍՆ Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահի տեղակալ Արթուր Մովսիսյանը հայտարարել է պաշտոնը լքելու մասին՝ իր որոշումը հիմնավորելով ոլորտի զարգացման իրական տեմպերի և կառավարության խոստացված ֆինանսավորման ծրագրերի միջև առկա լուրջ անհամապատասխանությամբ։


Մովսիսյանի հեռանալը հաջորդում է օրեր առաջ նույն կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանի հրաժարականին։ Ամփոփելով պաշտոնավարման ավելի քան վեցուկես տարիները՝ պաշտոնյան շնորհակալություն է հայտնել գործընկերներին, նախարարներին ու գիտական համայնքին համատեղ աշխատանքի համար՝ արձանագրելով, որ այս տարիներին ոլորտում գրանցվել է թռիչքային առաջընթաց։


Այնուամենայնիվ, նա ընդգծել է, որ աշխատանքից ազատման հիմնական պատճառը ֆինանսական խնդիրներն են՝ մասնավորապես խոստացված, բայց չհատկացված միջոցներն ու 2027 թվականի բյուջեի նախագծի ներկայիս տեսքը, ինչը լրջորեն վտանգում է բազմաթիվ ծրագրերի իրագործումը։ Ըստ նրա՝ գիտությունը չպետք է ֆինանսավորվի մնացորդային սկզբունքով, այլ պետք է հստակ միտված լինի գիտելիքահեն տնտեսության ստեղծմանը։


Իր ծավալուն ուղերձում Մովսիսյանն անձամբ դիմել է նաև կառավարության ղեկավարին՝ նշելով. «Պարո՛ն Նիկոլ Փաշինյան, ես ուզում եմ Հայաստանի Հանրապետությունում ունենալ գիտության այն մակարդակը, որը Դուք եք պատկերացնում, ներկայացնում Ձեր խոսքում և ամրագրել եք Ձեր ղեկավարությամբ հաստատված փաստաթղթերում։ Ավելին չեմ ուզում»։


Խոսքի ավարտին նախկին փոխնախագահն անդրադարձել է պաշտոնյայի պատասխանատվությանը՝ ընդգծելով, որ այն չի սահմանափակվում միայն աթոռ զբաղեցնելով։ Նրա համոզմամբ՝ պատասխանատվությունը ենթադրում է նաև տրված խոստումները չկատարելու դեպքում, առանց մեղավորներ փնտրելու, պահպանել սկզբունքայնությունն ու պատասխան տալ սեփական խոսքի համար։ «Ես խաբել չեմ կարող»,- եզրափակել է Արթուր Մովսիսյանը։


Հայաստանի 2027 թվականի պետական բյուջեի նախագծում 6,8 մլրդ դրամ առանձին հատկացվել է «Ակադեմիական քաղաք» ծրագրի իրականացմանը (միջոցները կուղղվեն շինարարական աշխատանքներին, միջազգային խորհրդատվությանն ու պայմանագրերի սպասարկմանը), ինչպես նաև լրացուցիչ 2,35 մլրդ դրամ (մոտ 6,5 մլն դոլար) է տրամադրվել գիտության ոլորտի ֆինանսավորման համար։


Հայաստանի գիտական հանրույթի ներկայացուցիչների կարծիքով՝ 2027 թվականի բյուջեի նախագծում ամրագրված ֆինանսավորման ծավալները գնահատվում են անբավարար, իսկ երկրի տնտեսության մասշտաբներով գիտության ծախսերի մասնաբաժինը, 2026 թվականի համեմատ, նվազում է։ «Գիտուժ» գիտական նախաձեռնության անդամները հայտարարում են, որ 2027 թվականի բյուջեի նախագիծը ոլորտի համար որակական թռիչք չի ենթադրում։ ՀՆԱ-ի նկատմամբ գիտական հետազոտությունների ծախսերի մասնաբաժինը կշարունակի նվազել, ինչն ուղղակիորեն հակասում է կառավարության պաշտոնական խոստմանը՝ մինչև 2030-2031 թվականներն այդ ցուցանիշը հասցնել ՀՆԱ-ի 1%-ի։


2027 թվականին կրթության գերատեսչությանը կհատկացվի ընդհանուր 350,7 մլրդ դրամ, մինչդեռ ռեկորդային համարվող 2026 թվականի բյուջեով այդ նպատակների համար նախատեսված էր 357,7 մլրդ դրամ։

 Լուսանկարը` mfa.am
19.10.2026
Արարատ Միրզոյանը ասել է, թե ինչ ուղենիշ ունի Հայաստանի արտաքաին քաղաքականությունը