COP17-ի համար 10 օրում 30 մլն դոլար է ծախսվել. Նարեկ Կարապետյան
«Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը քննադատել է COP17-ի կազմակերպման համար հատկացված ֆինանսական միջոցների ծավալը՝ հայտարարելով, որ ընդամենը 10 օրվա համար ծախսվել է 30 մլն դոլար։
Ստեփանավանում լրագրողների հետ հանդիպման ժամանակ Կարապետյանը միջոցառումն անվանել է «լեգենդար COP»՝ նշելով, որ այդ գումարը գերազանցում է անգամ Գյումրու տարեկան ներդրումային բյուջեն։
Նրա խոսքով՝ 30 մլն դոլարով հնարավոր կլիներ լուծել բնակարանային խնդիրների զգալի մասը։
Կարապետյանը նաև կոռուպցիոն ռիսկերի վերաբերյալ հարցեր է բարձրացրել՝ ուշադրություն հրավիրելով միջոցառման կազմակերպման համար անցկացված մրցույթին։
«Ամեն օր հայտարարում են կոռուպցիոն բացահայտումների մասին, մինչդեռ տասը տարվա ընթացքում նրանց բացահայտած ամենախոշոր կոռուպցիոն դեպքի գումարը համադրելի է այս տասը օրում ծախսված գումարի հետ։ Մի ընկերության փոխանցվել է 22 մլն դոլար, իսկ մրցույթին մասնակցել է ընդամենը մեկ ընկերություն։ Մեր ժողովուրդը պետք է տեսնի կոռուպցիոն այս դրսևորումները»,- հայտարարել է Կարապետյանը։