23.11.2024
Անցած 3 տարիներին Հայաստանի ամբողջ կուտակածը կործանվեց և դա դեռ շարունակվում է. Բոստանջյան
prev Նախորդ նորություն

Ցավոք, Ռոբերտ Քոչարյանի կանխատեսումներն իրականություն դարձան. հայտարարություն

ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակը շնորհավորել է Արցախի վերածննդի օրվա, Ղարաբաղյան շարժման հերթական տարեդարձի կապակցությամբ և վերահրապարակել Ռոբերտ Քոչարյանի 2019 թվականի փետրվարի 20-ի ուղերձից մի հատված։


Նշվում է, որ ցավոք, Ռոբերտ Քոչարյանի կանխատեսումներն իրականություն դարձան։


«Միայն շնորհավորելու և օրը ևս մեկ անգամ արժևորելու պատճառով չէ, որ դիմում եմ ձեզ: Ներքաղաքական ու աշխարհաքաղաքական բարդ վայրիվերումների արդյունքում իշխանության եկած մարդիկ շարունակ ուժգին հարվածներ են հասցնում Հայաստանի և Արցախի պետականության հիմքերին։ Նրանք նպատակաուղղված քայլեր են ձեռնարկում խարխլելու ազգային միասնությունը, սեպ խրելու հայ ժողովրդի տարբեր հատվածների միջև, արժեզրկելու մեր պատմությունն ու հերոսներին, թուլացնելու մեր հաղթանակած բանակի ոգին: Եվ նշանակություն չունի՝ այդ ամենն արվում է արտաքին ուղեվարի դրդմամբ, կամ ելնելով գաղափարական հոգեհայրերի հայացքներից, կամ էլ պարզապես սեփական բարդույթները հաղթահարելու համար: Միևնույն է՝ բոլոր դեպքերում դա տանում է մեզ դեպի ղարաբաղյան հաղթանակների իմաստազրկում, այն է` դեպի անխուսափելի կորուստներ, որոնք կործանարար են լինելու մեր պետականության համար»,-ասել էր Քոչարյանը:


Նա ժողովրդին կոչ էր արել սթափվել, քանզի Հայաստանի և Արցախի առաջ կանգնած մարտահրավերներն օր օրի ահագնանում են:


«Դրանց դիմակայելու համար մեզ երկրի զարգացման տեսլական և կուռ միասնություն է անհրաժեշտ: Ատելության քարոզը, ազգային արժեքների փաստացի վերանայումը, պետական համակարգի քայքայումը, ինչպես նաև միակողմանի «խաղաղասեր» արտաքին քաղաքականությունը կործանարար են մեզ համար: Մի քանի դիլետանտների կողմից երկիրը փորձադաշտի վերածելու ծանրագույն հետևանքների հաղթահարման հնարավորություն կարող է և չունենանք»,-ընդգծել էր երկրորդ նախագահը։


Հիշեցնենք` 1988 թ. փետրվարի 20-ին ԼՂԻՄ ժողովրդական պատգամավորների XX գումարման խորհրդի արտահերթ նստաշրջանը որոշեց դիմել Ադրբեջանական ԽՍՀ և Հայկական ԽՍՀ Գերագույն խորհուրդներին խնդրանքով՝ խորապես ըմբռնել Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության ձգտումները և լուծել ԼՂԻՄ-ը Ադրբեջանական ԽՍՀ կազմից Հայկական ԽՍՀ կազմ տեղափոխելու հարցը, միաժամանակ միջնորդել ԽՍՀՄ Գերագույն խորհրդի առջև ԼՂԻՄ-ը Ադրբեջանական ԽՍՀ կազմից Հայկական ԽՍՀ կազմ տեղափոխելու հարցին դրական լուծում տալու համար: