23.11.2024
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 223 նոր դեպք, մահացել է 1 մարդ
prev Նախորդ նորություն

Անցած 3 տարիներին Հայաստանի ամբողջ կուտակածը կործանվեց և դա դեռ շարունակվում է. Բոստանջյան

Սոցիալական արդարության հաստատման համար երկրում պետք է լինեն մի շարք նախադրյալներ, սակայն Հայաստանում մենք դրանք չենք տեսնում: Այս մասին «Ինչպիսի՞ խոչընդոտներ կան Հայաստանում սոցիալական արդարության հաստատման ճանապարհին» քննարկման ընթացքում հայտարարեց ԱԺ նախկին պատգամավոր, տնտեսագետ Վարդան Բոստանջյանը:

Նրա խոսքով, այդ նախադրյալներն են՝ օրենքի առաջ բոլորը հավասար են, մարդու նորմալ կենսագործունեության համար նրա համար պետք է հավասար պայմաններ ապահովվեն, եկամուտների արդար բաշխվածություն, քաղաքացիները պետք է լինեն պաշտպանված, պետությունը պետք է ապահովի աշխատանքի արժանավայել վարձատրություն, կենսաթոշակային տարիքի ու հաշմանդամություն ունեցող անձանց պետք է տրվեն սոցիալական երաշխիքներ, քաղաքացիների միջև պետք է չլինի բևեռացվածություն և այլն.

«Այո, պաշտոնյան պետք է բարձր աշխատավարձ ստանա, բայց ոչ այնքան, ինչքան Հայաստանում է, որը բերում է սարսափելի բևեռացման մարդկանց միջև»,- նշեց նա:

Բոստանջյանը նշեց, որ իշխանությունները որևէ բան չեն անում երկրում իրավիճակը բարելավելու համար:

«Անցած գրեթե երեք տարվա ընթացքում մենք տեսանք, որ Հայաստանում գոյություն չունի օրենք, իսկ եթե իշխանությունները հղում են անում օրենքին, ապա միայն այն նպատակով, որ պաշտպանեն իրենց իսկ շահերը: Սահմանադրություն ընդհանրապես գոյություն չունի, Արցախն այլևս չկա, Հայաստանի տարածքները մաս-մաս են արվում, իսկ պետությունը որևէ բան չի անում: Եվ ստացվում է, որ մարդիկ այսօր իրենց տանն ապրում են վախվորած, այսինքն՝ ՀՀ քաղաքացին անվտանգային և այլ երաշխիքներ այսօր չունի»,- ասաց նա:




Բացի այս, նշեց բանախոսը, անցած երեք տարիների ընթացքում պետությունը չկարողացավ լուծել մարդկանց զբաղվածության հարցը, որպեսզի գոնե մինիմալ մարդիկ կարողանան ապահովեն իրենց գոյությունը: Չկա վարձատրության հավասար մակարդակ, որը կհամապատասխանի այն գնաճին, որ ունենք: Ինչպես նաև, պետությունը կիրառում է պատժելու մեխանիզմներ բոլոր այն պետական աշխատողների նկատմամբ, որոնք հանդգնում են իրենց արդարացի բողոքն արտահայտեն, օրինակ, ցածր վարձատրության դեմ:

Վարդան Բոստանջյանի խոսքով՝ Հայաստանում գրեթե բոլոր ոլորտներում ունենք լրջագույն խնդիրներ.

«Մեր տնտեսական անկումը երկնիշ է, իսկ ՀՀ վիճակագրական ծառայությունը ինչպես միշտ սուտ է խոսում»,- ընդգծեց նա:

Տնտեսագետը նաև հավելեց, որ անցած երեք տարիների ընթացքում Հայաստանի ամբողջ կուտակածը կործանվեց ու դեռ այսօր էլ այդ ցավալի գործընթացը շարունակվում է:

Նշենք, որ «Ինչպիսի՞ խոչընդոտներ կան Հայաստանում սոցիալական արդարության հաստատման ճանապարհին» քննարկումը կազմակերպել է «Հանուն սոցիալական արդարության» կուսակցությունը: