Փաշինյանը Երևանում անշարժ գույքի ռեկորդային գների մեջ մարզերի զարգացման խթան է տեսնում
Լուսանկարը` VERELQ
Հայաստանի մայրաքաղաքում բնակարանների վարձակալության և առքուվաճառքի գների աննախադեպ աճը կառավարության համար սոցիալական մտահոգության առիթ է, որը, սակայն, նոր հեռանկարներ է բացում մարզերի զարգացման և քաղաքային ռենովացիայի համար։
Հոկտեմբերի 1-ի կառավարության նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ քաղաքացիներից պարբերաբար ստանում է վարձավճարների թանկացումից բողոքող նամակներ: Միևնույն ժամանակ նա ուշադրություն հրավիրեց քաղաքացիների գույքի կապիտալիզացիայի աճի վրա։ Վարչապետի օրինակով՝ տունը, որը նախկինում արժեր 50 հազար դոլար, այժմ կարող է 100 հազար արժենալ, իսկ Երևանի կենտրոնում քառակուսի մետրի գինը երբեմն հասնում է անհավանական 8 հազար դոլարի։
«Մենք Կառավարությունում այդ հարցը քննարկել ենք»,- շեշտեց Փաշինյանը՝ հավելելով, որ անշարժ գույքի գերտաքացած շուկան անխուսափելիորեն կհանգեցնի ապակենտրոնացման։
Մայրաքաղաքի թանկությունը, ըստ նրա, բիզնեսին կստիպի ծախսերը նվազեցնելու նպատակով գործունեությունը տեղափոխել մարզեր։ Դա թույլ կտա աշխատանքի նպատակով Երևան տեղափոխված քաղաքացիներին վերադառնալ և ապրել իրենց հայրենի բնակավայրերում։
Բարձր գների մեկ այլ դրական արդյունք կարող է դառնալ հին բնակֆոնդի արդիականացման ներդրումային գրավչությունը:
«Սա իրատեսական է դարձնում ռենովացիայի ծրագիրը»,— հայտարարեց վարչապետը։ Որպես օրինակ՝ նա մատնանշեց Աջափնյակ վարչական շրջանի հին շենքերը՝ ընդգծելով, որ հին շինությունների տեղում նորերի կառուցման հաջողության համար անհրաժեշտ կլինի ակտիվորեն աշխատել անմիջապես բնակիչների հետ։