Նպատակը խաղաղության պայմանագրի ստորագրումն է. Փաշինյան
Լուսանկարը` Anthony Pizzoferrato / АР / ТАСС
Այժմ կառավարության գլխավոր խնդիրն է արդարացնել հանրային այդ սպասումները՝ հասնելով վերջնական արդյունքի. այն է՝ խաղաղության համաձայնագրի ստորագրմանն ու վավերացմանը։
Հոկտեմբերի 1-ի կառավարության նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ տնտեսությունն ուղղակիորեն կապված է մարդկանց տրամադրությունների հետ։ Նրա գնահատմամբ՝ հակառակ լրահոսում շրջանառվող խուճապային տրամադրություններին, տնտեսական ցուցանիշներն արտացոլում են վաղվա խաղաղ օրվա նկատմամբ մարդկանց վստահությունը։
Կառավարության ղեկավարն ընդգծեց, որ խաղաղությունն արդեն իսկ իրականություն է, սակայն այն դեռևս ամբողջությամբ ինստիտուցիոնալացված չէ, ինչը պահանջում է գործընթացի տրամաբանական ավարտ։
«Միջանկյալ հանգրվանին հասել ենք։ Բայց դա միջանկյալ հանգրվան է, վերջնական հանգրվան չի։ Եվ պետք է դեպի վերջնական հանգրվանը շարժվենք»,- արձանագրեց վարչապետը։
Խաղաղության համաձայնագրի կնքման և վավերացման անհրաժեշտության համատեքստում Փաշինյանն առանձնացրեց այս գործընթացի հետ անքակտելիորեն կապված մի շարք ռազմավարական ուղղություններ՝ սահմանազատումը, հաղորդակցությունների ապաշրջափակումը, Թուրքիայի հետ երկխոսությունը, «Հյուսիս-հարավ» մայրուղու կառուցումը, ինչպես նաև «Խաղաղության խաչմերուկ» հայեցակարգն ու TRIPP նախագիծը։
Գործադիրի ղեկավարը հորդորեց կառավարության անդամներին իրենց քաղաքական ուղերձներն ու ռազմավարությունները կառուցել բացառապես այս առաջնահերթությունների շուրջ։ Նա կարևորեց իրական կյանքի խնդիրների և պրակտիկ լուծումների վրա կենտրոնանալը՝ կոչ անելով չշեղվել ամենօրյա տեղեկատվական աղմուկից։