Հայաստանում «թաղման նպաստները» կուղղվեն կենսաթոշակների բարձրացմանը
Հայաստանի կառավարությունը նախատեսում է 2027 թվականից հրաժարվել համատարած տրամադրվող թաղման նպաստներից՝ խնայված միջոցներն ուղղելով կենսաթոշակների բարձրացմանը։
Գործադիրի այս որոշումը նպատակ ունի պետական աջակցությունը դարձնել առավել հասցեական, իսկ սոցիալական նպաստը պահպանել միայն խիստ կարիքավոր խմբերի համար։
Հոկտեմբերի 1-ին լրագրողների հետ ճեպազրույցում այս նախաձեռնության մասին հայտարարեց Աշխատանքի և բարեկեցության նախարար Արսեն Թորոսյանը։ Նրա փոխանցմամբ՝ ներկայումս գործող 200 հազար դրամի չափով միանվագ վճարի նպատակահարմարության ու հասցեականության հարցը երկար ժամանակ քննարկումների առարկա է եղել:
«Միշտ օդում կախված կար «թաղման նպաստի» հասցեականության հարցը, մենք որոշել ենք այդ գումարներն ուղղել կենսաթոշակառուներին՝ պահպանելով որոշակի խմբի համար, որոնք ավելի մեծ կարիք կունենան այդ ծախսերը հոգալու: Խոսքն անապահովության համակարգում ընդգրկված քաղաքացիներին է վերաբերում»,- պարզաբանեց Թորոսյանը:
Նախարարը հավելեց, որ բարեփոխումն ուժի մեջ կմտնի 2027 թվականի հունվարի 1-ից: Նպաստի համատարած տրամադրման չեղարկումից գոյացած գումարին պետությունը կհատկացնի ևս 5,5 միլիարդ դրամ՝ ապահովելով տարբեր կատեգորիաների կենսաթոշակների կայուն աճ։
Գերատեսչության ղեկավարի խոսքով՝ նվազագույն կենսաթոշակը գործող 46 հազարի փոխարեն կդառնա 47 հազար դրամ։ «Աշխատանքային կենսաթոշակի ստաժի հաշվարկում 500 դրամ բարձրացում տեղի կունենա, կբարձրանա նաև զինվորական կենսաթոշակ ստացող քաղաքացիների կենսաթոշակը»,- վստահեցրեց նախարարը:
Հիշեցնենք, որ գործող օրենսդրությամբ պետական այս աջակցությունը տրամադրվում է կենսաթոշակառուի կամ սոցիալապես անապահով (նպաստառու) ընտանիքի անդամի մահվան դեպքում։