Հայաստանը հարկադրված է կտրուկ վերանայել իր էներգետիկ անվտանգության ռազմավարությունը։ Նախկինում ծրագրված փոքր մոդուլային ռեակտորների փոխարեն երկրի իշխանություններն այժմ դիտարկում են 1000 մեգավատ հզորությամբ խոշոր ատոմակայանի կառուցման հնարավորությունը։ Պատճառն արհեստական բանականության գործարանների ներհոսքով պայմանավորված էլեկտրաէներգիայի հանկարծակի դեֆիցիտն է։
Կառավարությունում կայացած ճեպազրույցի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անկեղծացավ, որ էներգետիկ ոլորտի նախկին հաշվարկներն այլևս արդիական չեն։ «Չի բացառվում, որ 1000 մեգավատանոց ատոմային կայանը ամենատրամաբանական լուծումը լինի»,- հայտարարեց գործադիրի ղեկավարը։
Նա հիշեցրեց, որ դեռևս գարնանը նախապատվությունը տալիս էր մոդուլային կայաններին՝ հույս դնելով արևային էներգետիկայի աճի վրա, սակայն շուկան այլ կանոններ է թելադրում։ «Հայաստանի Հանրապետությունը մի տարի չորս ամիս առաջ էլեկտրաէներգիայի ավելցուկ ունեցող պետություն էր և մենք պետք է մտածեինք մեր ավել էներգիան որտեղ սպառենք։ Մի տարի հետո Հայաստանի Հանրապետությունը դարձել է էլեկտրաէներգիայի դեֆիցիտ ունեցող պետություն»,- արձանագրեց վարչապետը։
Ըստ Փաշինյանի՝ իրավիճակն արմատապես փոխվել է օգոստոսի 8-ին ԱՄՆ նախագահի հետ ստորագրված հուշագրից հետո։ Դրան հաջորդած արհեստական բանականության ոլորտի խոշոր ներդրումային ծրագրերն ամբողջությամբ սպառել են երկրի էներգետիկ պաշարները։ Այժմ օտարերկրյա ներդրողները գրավոր երաշխիքներ են պահանջում կառավարությունից՝ իրենց օբյեկտների անխափան էներգամատակարարման համար։
«Նախկինում ես տասնյակ անգամ ասել եմ, որ մեզ մոդուլային ատոմակայանից ավել ոչ մի բան պետք չի... Բայց հիմա այս փոփոխության բերումով մենք պետք է հասկանանք, որովհետև մոդուլայինը մեզ մեծ հավանականությամբ այլևս չի հերիքելու»,- շեշտեց Փաշինյանը՝ հավելելով, որ հարցն արդեն փորձագիտական ինտենսիվ քննարկումների փուլում է։
Նոր միջուկային տեխնոլոգիայի ընտրությունը Երևանը պետք է կատարի մինչև 2027 թվականի ավարտը, սակայն կառավարությունը շտապում է, քանի որ նոր ԱԷԿ-ի կառուցումն ու ցանցին միացումը պահանջում է մոտ 7-8 տարի: Հատկանշական է, որ այս հայտարարություններին նախորդել էր վարչապետի հանդիպումը ռուսական «Ռոսատոմ» կորպորացիայի ղեկավար Ալեքսեյ Լիխաչովի հետ, ով ներկայացրել էր փոքր և միջին հզորության կայանների ռուսական նախագծերը։
Ներկայումս Հայաստանի էներգիայի պահանջարկի մինչև 30 տոկոսն ապահովող Մեծամորի ատոմակայանը, «Ռոսատոմի» հետ ստորագրված 65 միլիոն դոլար արժողությամբ արդիականացման ծրագրի շնորհիվ, կշահագործվի մինչև 2036 թվականը։ Ոլորտի պատասխանատուների գնահատմամբ՝ սա իշխանություններին ռազմավարական որոշում կայացնելու համար անհրաժեշտ ժամանակ է տալիս: