Սոցփաթեթների ծրագիրը կդադարեցվի. աշխատավարձերն աճում են
Լուսանկարը` սքրինշոտ տեսանյութնից
Ավելի քան մեկ տասնամյակ գործող սոցիալական փաթեթների ծրագիրը պետական համակարգի աշխատողների համար շուտով կմնա անցյալում։ Կառավարությունում վստահ են՝ նախաձեռնությունն ավարտել է իր պատմական առաքելությունը՝ տեղը զիջելով աշխատավարձերի բարձրացմանն ու առողջության համապարփակ ապահովագրության համակարգի ներդրմանը։
Հոկտեմբերի 1-ին կառավարության նիստին հաջորդած ճեպազրույցի ժամանակ այս մասին հայտարարեց նախարար Արսեն Թորոսյանը։ Նրա պարզաբանմամբ՝ սոցփաթեթը ներդրվել էր դեռևս 2012-2013 թվականներին՝ որպես պետական ապարատում ցածր վարձատրության յուրատեսակ փոխհատուցում։ Այն թույլ էր տալիս քաղաքացիներին հոգալ առողջարանային հանգստի, սպորտի, ուսման և առողջապահական ծախսերը։ Սակայն վերջին տարիների բարեփոխումներն արմատապես փոխել են պատկերը։
«Եկել է ժամանակը պարզապես ավարտելու այդ ծառայության մատուցումը մեր քաղաքացիներին, քանի որ այն իր առջև դրված խնդիրը կատարել է»,- շեշտեց նախարարը։
Գերատեսչության ղեկավարն ընդգծեց, որ հունվարի 1-ից սպասվում է տասնյակ հազարավոր հանրային ծառայողների աշխատավարձերի հերթական բարձրացում, իսկ մինչև 200 հազար դրամ եկամուտ ունեցողները կներգրավվեն առողջության ապահովագրության պետական ծրագրում, ինչն ավելորդ է դարձնում աջակցության հին ձևաչափը:
Միևնույն ժամանակ Թորոսյանը հանգստացրեց այն շահառուներին, որոնք հասցրել են գումարներ կուտակել իրենց հաշիվներին։ Բանկերում այս պահին առկա է շուրջ 13 միլիարդ դրամ, և քաղաքացիները կշարունակեն տնօրինել այդ միջոցները։
«Կառավարությունը հատուկ որոշումով կսահմանի դրանց ծախսման ուղղությունները, որոնք հավանաբար շատ չեն տարբերվի այսօրվա ուղղություններից»,- վստահեցրեց պաշտոնյան` նշելով, որ ծրագրի վերջնական ու իրավական դադարեցման նպատակով գործադիրն առաջիկայում շրջանառության մեջ կդնի համապատասխան օրենսդրական փոփոխությունների փաթեթ, որը կանցնի խորհրդարանական քննարկումների փուլով։