Սահմանազատումն անխուսափելի է. Քոչարյանը դեմ է հայաթափման օրվա տոնակատարություններին
Լուսանկարը` սքրինշոտ տեսանյութնից
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացը կարող է տևել տասնամյակներ, սակայն հստակ սահմանների բացակայությունը պատերազմի ուղիղ վտանգ է պարունակում:
Նման համոզմունք է հայտնել ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը՝ անդրադառնալով նաև Արցախի հայաթափման տարելիցին և երկրի անվտանգային մարտահրավերներին։
Սեպտեմբերի 21-ին Եռաբլուր զինվորական պանթեոնում լրագրողների հետ ճեպազրույցում իշխանական պատգամավորը շեշտել է, որ պետական սահմանի գոյությունն արձանագրելու համար իրավական գործընթացն այլընտրանք չունի: «Ինչքան շուտ մենք հարևան երկրների հետ այդ սահմանի կայացման իրավական պրոցեսն ավարտենք, այնքան ավելի հանգիստ միջազգային իրավունքի պարտադրանքի մեջ կհայտնվեն բոլոր հարևան երկրները մեզ հետ միասին», - ընդգծել է Քոչարյանը՝ հիշեցնելով, որ օրինակ Վրաստանի հետ սահմանազատումը տասնամյակներ է պահանջել:
Պատասխանելով այն դիտարկմանը, որ գործընթացը կանգ է առել, նա նշել է, որ փակուղային իրավիճակներն արագ լուծումներ են պահանջում, սակայն դիվանագիտական դադարը չպետք է հանգեցնի ռազմական բախումների. հրազենի կիրառումը պետք է մղվի հետին պլան։
Խորհրդարանականն անդրադարձել է նաև ներքաղաքական ու հանրային հնչեղություն ունեցող հարցերին։ Պաշտպանելով ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանին՝ նա հերքել է լրագրողների այն պնդումը, թե վերջինս հայտարարել է Հայաստանի սահմանների բացակայության մասին՝ այն որակելով որպես սուտ։ «Իմ ընկերը հաստատ այլ բան է նկատի ունեցել։ Դուք հիմա ստում եք, իմ ներկայությամբ չի ասել այդպիսի բան»,- ասել է նա։
Խոսելով Լեռնային Ղարաբաղի հայաթափման տարելիցի օրը տոնակատարություններ անցկացնելու նպատակահարմարության մասին՝ Քոչարյանը հստակ արտահայտել է իր անհամաձայնությունը. «Դա տոնակատարության օր չի... Երբեք դա տոնակատարության օր ընդունել չի կարելի»:
Ամփոփելով անկախության պահպանման թեման՝ պատգամավորը փաստել է, որ ինքնիշխանությունը պաշտպանելու պատասխանատվությունը կրում են բոլորը՝ անկախ քաղաքական ճամբարներից, և դրա հիմնասյունը մարտունակ զինված ուժերի շարունակական կայացումն է: