Հայաստանի անկախության այս տարվա գլխավոր մարտահրավերը Տիգրանաշենի պահպանումն ու զարգացումն է, որին ի պատասխան Ազգային ժողովի «Ուժեղ Հայաստան» խմբակցությունը մեկնարկում է զբոսաշրջային և սոցիալական նոր ծրագրեր բնակավայրում:
Սեպտեմբերի 21-ին Տիգրանաշենում կազմակերպված ծառատունկի ժամանակ այս մասին հայտարարել է խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը՝ ներկայացնելով իրենց քաղաքական ուժի հիմնական գաղափարախոսությունը:
«Մեր անկախության այս տարվա մարտահրավերը Տիգրանաշենն է. պահել Տիգրանաշենը հայկական, զարգացնել և ոչ թե հանձնել»,- լրագրողների հետ զրույցում ընդգծել է Կարապետյանը: Որպես հարցի գործնական լուծում՝ խմբակցությունը նախատեսում է տարածքում հիմնել ժամանակակից զբոսաշրջային գլեմփինգ գոտի, որը կապահովի մարդկանց ակտիվ հոսք մայրաքաղաքից և կխթանի տեղական տնտեսությունը:
Պատգամավորի խոսքով՝ նախագծի մոնտաժային աշխատանքները կսկսվեն առաջիկայում, քանի որ գլեմփինգի մոդելն ամբողջական շինթույլտվություն չի պահանջում, իսկ ռեստորանային հատվածի կառուցման համար օրենքով սահմանված կարգով կդիմեն համապատասխան մարմիններին: Ծրագրի հիմնական նպատակն է ստեղծել տուրիստական այնպիսի շարժ, որը մարդկանց կպահի իրենց հայրենի գյուղում:
Զբոսաշրջային նախագծերին զուգահեռ՝ քաղաքական ուժը նախատեսում է նաև հասցեական սոցիալական աջակցություն ցուցաբերել տեղացիներին: Նարեկ Կարապետյանը տեղեկացրել է, որ բնակիչների հետ հանդիպումների ընթացքում առաջարկվելու է միջպետական ճանապարհին կառուցել գյուղատնտեսական շուկա՝ բերքի իրացումը հեշտացնելու նպատակով: Բացի այդ, խորհրդարանականներն իրենց պարգևավճարների հաշվին կֆինանսավորեն գյուղացիների տների և տանիքների վերանորոգումը:
Ամփոփելով խոսքը՝ գործիչը հիշեցրել է, որ Տիգրանաշենը, ըստ Հայաստանի վարչատարածքային բաժանման, հանդիսանում է պետության անքակտելի մասը, և իրենց գլխավոր նպատակն է թույլ չտալ տարածքների հանձնումը՝ այն հակադրելով շենացման իրական նախաձեռնություններին:
Տիգրանաշեն. պատմություն և դիրքորոշումներ
Խորհրդային տարիներին ներկայիս՝ Տիգրանաշենն ադրբեջանական էքսկլավ էր Հայաստանի տարածքում: Արցախյան առաջին պատերազմի ժամանակ ադրբեջանցիները լքեցին այն՝ ճիշտ այնպես, ինչպես հայերը ստիպված եղան լքել Ադրբեջանի տարածքում գտնվող հայկական Արծվաշեն էքսկլավը։ Այդ ժամանակից ի վեր գյուղը վերահսկվում է Հայաստանի կողմից, վերանվանվել է Տիգրանաշեն և բնակեցվել հայերով:
Գյուղի կարգավիճակի հարցն ակտիվացավ վերջին շրջանում՝ սահմանազատման գործընթացի ֆոնին։
ՀՀ կառավարությունը սկսեց կիրառել «Քյարքի» տեղանունը՝ հղում անելով 1991թ. խորհրդային սահմաններին։ Պաշտոնական Երևանը հնարավոր է համարում անկլավների հարցի լուծումը փոխանակման (Արծվաշենի դիմաց) կամ դե յուրե վերադարձի միջոցով՝ հայտարարելով, որ տարածքի հնարավոր հանձնման դեպքում կկառուցվի շրջանցիկ ճանապարհ։
Քաղաքական ընդդիմությունը կտրականապես դեմ է տարածքի հանձնմանն ու ադրբեջանական տեղանվան կիրառմանը՝ դա դիտարկելով որպես նախապատրաստություն հերթական միակողմանի զիջումներին։ Նրանց գլխավոր արգումենտն այն է, որ Տիգրանաշենով է անցնում Երևանը ՀՀ հարավին ու Իրանին կապող ռազմավարական մայրուղին, որի զիջումը ճակատագրական հարված կլինի երկրի անվտանգությանն ու լոգիստիկային: