24.11.2024
Կամավորական ջոկատների հրամանատարները կոչ են արել երիտասարդներին բարձրանալ դիրքեր
prev Նախորդ նորություն

Մամուլի տեսություն. ԴԱՀԿ նախկին ղեկավարի օֆշորային գործը քրեական շարունակություն է ստանում

VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան տպագիր մամուլի տեսությունը, որում ներառված է կարևոր իրադարձությունների մասին ընդգրկուն տեղեկատվություն:

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Մեզ հայտնի դարձավ, որ Արդարադատության նախարարության ԴԱՀԿ արդեն նախկին պետ Միհրան Պողոսյանի՝ Պանամայի օֆշորայրն գործարքների հետ կապված սկանդալային նյութերով ՀՀ հատուկ քննչական ծառայությունում երեկ քրեական գործ է հարուցվել։ Քրեական գործը հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 310 հոդվածի հատկանիշներով (Ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելը, պատժվում է ազատազրկմամբ առավելագույնը երկու տարի ժամկետով)։ Տեղեկությանը մեր զրույցում հաստատեցին ՀՔԾ-ից։ Հիշեցնենք, որ «Հետք» պարբերականը հրապարակել էր Պանամայի օֆշորային գոտում բացահայտված հսկայական քանակությամբ փաստաթղթերից մի քանիսը։ Համաձայն գաղտնազերծված որոշ փաստաթղթերի ՀՀ գլխավոր հարկադիր կատարողը բաժնետեր է Պանամայում գրանցված երեք ընկերությունների»:

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Վերջին օրերին լրատվամիջոցների եւ համացանցի հիմնական քննարկման առարկան ՀՀ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանի հնչեցրած հայտարարությունն է, որով նա ասել էր, թե ՀՀ իշխանությունները պատրաստ են Արցախի կարգավիճակի դիմաց ազատագրված տարածքների մի մասը վերադարձնել Ադրբեջանին: «Ժողովուրդ»-ը երեկ Նաղդալյանից հետաքրքրվեց, թե ինչպես է նա վերաբերվում իր հրաժարականը պահանջող կոչերին, որոնք վերջին օրերին անընդհատ հնչում են: Ի պատասխան՝ նա ասաց. «Ես մտածում եմ, որ այդ ամբողջ պատմությունն ապատեղեկատվություն է եւ խեղաթյուրված պատկեր է ներկայացնում, որը որոշ իմաստով նաեւ միտումնավոր է: Մեր հասարակությունը եւ մեր լրատվական դաշտը այս պահին ղեկավարվում են տեղեկություններով, որոնք անհիմն են, սուտ են: Եւ ես որեւէ հիմք չունեմ ընդունելու այն մեղադրանքները, որոնք հնչում են, որովհետեւ առաջին հերթին ես հող տվող չեմ, իմ կյանքն ու կենսագրությունը նախեւառաջ խոսում է այն մասին, որ ես ամբողջ կյանքում պայքարել եմ հողի եւ Արցախի ազատության եւ կյանքի իրավունքի համար»»:

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Վարդան Օսկանյանի «Համախմբում» կուսակցության հիմնադիր համագումարի օրն արդեն հայտնի է՝ հունիսի 18-ը։ Այս մասին ասաց նախաձեռնող խմբի ամենաանսպասելի անդամը՝ «Արաբո» ջոկատի հրամանատար Մանվել Եղիազարյանը։ Համագումարի տեղը դեռ հստակ չէ, քննարկում են «Մոսկվա» կինոթատրոնի դահլիճներից մեկի տարբերակը։ Եղիազարյանը հաստատեց մեր տեղեկությունն այն մասին, որ ինքը միայնակ չէ անդամակցում կուսակցությանը, իր մարտական ընկերներն այստեղ էլ նրան մենակ չեն թողել. «Այո, կան մարտական ընկերներ, որոնք կիսում են իմ քաղաքական հայացքները և մինչև համագումար կհայտարարեն այդ մասին»։ Նա մայիսի 1-ին է վերադարձել Արցախից, «Արաբո» ջոկատը, 2 դասակի բաժանված, Մարտունիի պաշտպանական դիրքերում է եղել։ Ավելի վաղ մեկնած դասակը 20 օր դիրքերում մնալուց հետո վերադարձել է, մյուսը դեռ այնտեղ է. «Եթե պետք լինի, նորից կգնանք»»:

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ «Գրանտ Տոբակո» ընկերությունը օրերս իր աշխատակիցներին իրազեկել է, որ առաջիկայում հնարավոր է՝ մեկ ամսով արտադրամասերի գործունեությունը դադարեցնի եւ արտադրանք չտա: Այս մասին մեզ ահազանգեցին ընկերության աշխատակիցները, որոնք նախօրեին Համալիրում մասնակցում էին մայիսի 1-ի՝ աշխատավորի օրվան նվիրված միջոցառմանը: Հնարավոր դադարի մասին հայտարարությունից մի քանի օր անց գործարանի աշխատակիցները պարզել են, որ մեկամսյա «աշխատանքային դադարը» ոչ բոլորին է վերաբերում: Խնդրի առնչությամբ «Ժողովուրդ»-ը փորձեց «Գրանդ Տոբակո»-ից մեկնաբանություն ստանալ, սակայն, ընկերության հեռախոսավարուհին կարճ պատասխանեց, որ իրենք աշխատում են, եւ հրաժարվեց այլ հարցերի պատասխանել: Նկատենք, որ վերջին երկու տարիներին «Գրանդ Տոբակոն» հիմնական շեշտը դրել է արտահանման ծավալներն ավելացնելու վրա: Ուստի բացառված չէ, որ արտերկրում ծխախոտ իրացնելու հետ կապված խնդիրներ ի հայտ եկած լինեն, եւ դրանով պայմանավորված արտադրանքի ծավալները նվազեցնելու անհրաժեշտություն առաջացած լինի: Հուսանք՝ ժամանակավոր»:

«Ժամանակ» օրաթերթը գրում է. «ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը նախօրեին հայտարարել է, որ բարոյական չէ պահանջել Սերժ Սարգսյանի հրաժարականը, քանի դեռ պատերազմը շարունակվում է: Այս հայտարարությունը կարելի է մեկնաբանել և գնահատել տարբեր կերպ: Բարոյակա՞ն է Սերժ Սարգսյանի պաշտոնավարումը հանրային տեսանկյունից, թե՞ ոչ: Այս հարցի պատասխանն, իհարկե, Հայաստանի սոցիալ-տնտեսական խայտառակ պատկերն է, նաև այն քրեաօլիգարխիկ համակարգի առկայությունը, որն, իհարկե, Սերժ Սարգսյանի «մենաշնորհային ճարտարապետությունը» չէ, սակայն շարունակվել է նաև նրա նախագահության տասը տարիների ընթացքում: Վերջին հաշվով, խնդիրը նաև լոկ Սերժ Սարգսյանն էլ չէ, և քառօրյա պատերազմում հայ զինվորների և սպաների սխրանքը ցույց տվեց, որ ընդհանրապես բարոյական չէ Հայաստանի ողջ իշխանական համակարգի, այսպես ասած, պաշտոնավարումը, և Սերժ Սարգսյանի գլխավորությամբ այդ համակարգը բարոյական լինելու պարագայում պարզապես պետք է հեռանար փաթեթով՝ ներողություն խնդրելով զինվորներից, սպաներից և նրանց ընտանիքի անդամներից: Որովհետև եթե նրանք չլինեին, Հայաստանի պետականությունը ներկայումս ստիպված կլիներ հերթական անգամ գոհանալ բարոյական հաղթանակով, իսկ ֆիզիկապես մտած կլիներ իր՝ այսպես ասած ավարտական փուլ: Այս ամենն, իհարկե, իշխանությունները շատ լավ են հասկանում, և այստեղ պետք է փնտրել նաև Արմեն Աշոտյանի հայտարարությունների լեյտմոտիվը, այսպես ասած, հակառակ կողմից: Բանն այն է, որ Արմեն Աշոտյանի հայտարարության իրական հասցեատերը ոչ թե հասարակությունն է կամ՝ այսպես ասած ընդդիմադիր ուժերը, այլ առաջին հերթին և գլխավորապես իշխանությունը: Ակնհայտ է, որ իշխանության ներսում առկա ներքին պայքարը սրվել է քառօրյա պատերազմից հետո և խորհրդարանական ընտրություններից առաջ ստացել է չափազանց դինամիկ բնույթ: Ակնհայտ է, որ այստեղ առաջնային պլան են գալիս ապագա վարչապետի հետ կապված հարցերը, և խնդիրը այն է, թե մնալո՞ւ է արդյոք Սերժ Սարգսյանը»: