ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի երեկվա հարցազրույցից հետո Նիկոլ Փաշինյանը, ինչպես և սպասվում էր, առավոտ շուտ Facebook-ի ուղիղ եթերում դիմեց ժողովրդին ուղերձով, որում փորձեց հերթական անգամ գտնել մեղավորների ու արդարանալ:
Առանց Քոչարյանի անունը տալու Փաշինյանը սկսեց արդարանալ: Մասնավորապես, անդրադարձավ երկրորդ նախագահի այն մեղադրանքին, որ ներկայիս իշխանությունների վարած ապաշնորհ դիվանագիտությունը բերեց կապիտուլյացիային ու Արցախի մեծ մասի կորստին.
"Այն բանից հետո, երբ ինձ վրա վերցրեցի Արցախի պատերազմում մեր անհաջողությունների պատասխանատվությունը, հետաքրքիր պրոցես է սկսվել ՀՀ-ում. ով չի ալարում, շտապում է վերջին 25-30 տարվա մեր բոլոր սխալների պատասխանատվությունը հրել դեպի ինձ, դեպի գործող կառավարություն: Բանը հասել է նրան, որ այն մարդը, որը Լեռնային Ղարաբաղը դուրս է թողել բանակցային գործընթացից և բանակցությունները տեղափոխել Հայաստան-Ադրբեջան հարթություն, մեզ մեղադրում է, որ Ղարաբաղի հարցը տարածքային վեճի կոնտեքստ է ստացել մեր վարած քաղաքականության պատճառով: Հարցը տարածքային կոնտեքստ ստացել է այն ժամանակ, երբ Հայաստանը սկսեց բանակցել Ղարաբաղի փոխարեն, եւ այդ փաստը տեղի է ունեցել ավելի քան 20 տարի առաջ",- ասաց նա:
Ըստ Քոչարյանի, "Արցախը Հայաստան է և վերջ" թեզը հանգեցրեց բանակցային գործընթացի էության փոփոխության, ինչի արդյունքում էլ միջազգային հանրությունը, որևէ պետություն այդպես էլ Բաքվին չդատապարտեցին ագրեսիայի համար: Փաշինյանն արձագանքեց նաև այդ մեղադրանքին՝ զուգահեռ անցկացնելով Արցախյան հիմնախնդրի ու օդանավի զուգարանի դռան միջև.
"Մեզ մեղադրում են, որ միջազգային հանրությունն Ադրբեջանի այս տարվա ագրեսիան ընդդեմ Ղարաբաղի ընկալել է որպես սեփական տարածքային ամբողջականության վերականգնում եւ այս մեղադրանքը հնչեցնում է մի մարդ, ում կառավարման օրոք, երբ միջազգային հանրությունը Հայաստանին մեղադրում էր փաստաթղթավորված Ադրբեջանի տարածքները օկուպացնելու մեջ, ինքը հայ հանրությանը բացատրում էր, որ դրանում ոչ մի վտանգավոր բան չկա, որովհետեւ երբ մտնում ես օդանավի զուգարան եւ փակում դուռը, գրվում է՝ occupated: Այնպես որ օպուկացված բառի մեջ ոչ մի սարսափազդու բան չկա: Հիմա շատերը զարմացած նայում են, թե ես հիմա էս ինչի մասին եմ խոսում: Ես խոսում եմ բաների մասին, որոնք 2000-ականներին հայտնի էին Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու, որովհետեւ ամենաբարձր մակարդակով տրված բացատրություններ էին Հայաստանի դիվանագիտական անհաջողությունների մասին կամ ասելով, որ դրանք այնքան էլ անհաջողություն չեն: Բայց ժամանակը երեւի ջնջում է հիշողությունը, առնվազն մթագնում է եւ ոմանք որոշել են օգտվել դրանից: Նկատի ունեմ միջազգային հանրության այդ վերաբերմունքը 2020 թվականին չի ձեւավորվել, այլ վերջին 25 տարիների ընթացքում, որ Ղարաբաղի հարցը ընկալվեց որպես տարածքային վեճ եւ դա դարձավ մեր ամենամեծ պրոբլեմը, եւ Հայաստանը կամաց-կամաց միջազգային հանրության կողմից սկսեց ընկալվել որպես օկուպանտ: Դա վերջին 2 տարիների ընթացքում տեղի չի ունեցել, վերջին 2 տարիների ընթացքում փորձ է եղել դուրս գալ այդ կախարդական շրջանից",-ասաց նա:
Փաշինյանը իրեն բնորոշ համառությամբ մեղադրեց նախկին բոլոր իշխանություններին ղարաբաղյան բանակցային գործընթացում դիվանագիտական անհաջողություններ ունենալու համար՝ հիշատակելով թե՛ 1995 թվականի ԵԱՀԿ Լիսաբոնյան գագաթաժողովը, թե՛ 1999 թվականի ԵԱՀԿ ստամբուլյան հռչկագաիրը, թե՛ մադրիդյան սկզբունքները, թե՛ Կազանյան բանակցությունները և այլն:
"Մենք ոչ թե դիվանագիտությունն ենք ձախողել, այլ վերջին 25-30 տարվա դիվանագիտական բեռի տակից դուրս գալու փորձերն ենք ձախողել: Մենք ձեր ձախողումների հետեւանքներից դուրս գալու փորձերն ենք ձախողել: Սա է ճշմարտությունը: Ոմանց թվում է, թե 5+2-ը Արդբեջանը հալած յուղի տեղ ընդունելու էր: Դա դեռ նախնական ռաջարկ էր, դա դեռ պետք է գրվեր, քննարկվեր, ստորագրվեր: Արդեն հանրահայտ մեթոդով, որ պահին Հայաստանը համաձայնվեր ինչ-որ մի տարբերակի, Ադրբեջանն ավելին էր ուզելու՝ Լաչին, Շուշի եւ այլն: Ես ուղղակի ապշած եմ ոմանց վրա, որոնք իրենց մեծ դիվանագետ համարելով այս պարզ բաները չեն հասկանում կամ չեն ուզում հասկանալ",- հայտարարեց փաշինյանը:
VERELQ-ը հիշեցնում է, որ այս ամենի մասին երեկ հարցազրույցում խոսել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը: