Կասկած չունեմ՝ պատերազմից հնարավոր էր խուսափել։ Բայց այս իշխանությունն արեց ամեն ինչ այս պատերազմը անխուսափելի դարձնելու համար: Այս մասին 5-րդ ալիքի եթերում հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:
"Ես նոր բան չեմ ասելու, որովհետև հետևում էի մամուլին այս վերջին մեկ ամսվա ընթացքում և գրեթե ամեն ինչ ասված է։ Ուղղակի ամփոփեմ. բանակցային գործընթացը մտցվեց փակուղի, մտցվեց գիտակցաբար, իրարամերժ հայտարարություններով ստեղծվեց մի վիճակ, երբ համանախագահողները նույնիսկ չէին հասկանում, թե հայկական կողմն ինչ է ուզում: Արդյունքում ձևավորվեց տպավորություն, որ հայկական կողմն ուղղակի տարբեր հնարքներ է ստեղծում, հորինում՝ բանակցային գործընթացը փակուղի մտցնելու համար։ Եվ պատերազմը սկսվեց այն պահին, երբ գրեթե ոչ ոք չէր կասկածում, որ բանակցային գործընթացը խոչընդոտվում և տապալվում է հայկական կողմի պատճառով",- նշեց նա։
Երկրորդ հանգամանքը, որ նշեց Քոչարյանն այն է, որ հայկական կողմը, մեր իշխանությունները ուղղակի լեգիտիմիզացրեցին Ադրբեջանի ագրեսիան Ղարաբաղի նկատմամբ։
"Արցախի գոյության իրավական հիմքը ազգերի ինքնորոշման իրավունքի կիրառումն է։ Մենք մեր հայտարարություններով փոխեցինք, ըստ էության, և հարցի կարգավորումը բերեցինք պետությունների տարածքային ամբողջականության տիրույթ։ Եվ սա է պատճառը, որ միջազգային հանրության կողմից այս պատերազմում Ադրբեջանի ագրեսիան դիտվում էր որպես տարածքային ամբողջականության վերականգնում։ Քանի՞ երկիր դատապարտեց Ադրբեջանին պատերազմ սկսելու համար։ Ի՞նչ է սրա անունը, եթե ոչ դիվանագիտական ձախողում։ «Արցախը Հայաստանն է և վերջ» մի բանաձև է, որը նշանակում է ուղղակի տեղափոխել հարցը հայ-ադրբեջանական հարաբերությունների տիրույթ, տարածքային ամբողջականության հարաբերությունների տիրույթ։ Այս երկու հարցի ուղղակի մեղավորը Հայաստանի վարչապետն է։ Ինքը սկսեց զրոյական կետից, իր սեփական կետից",- շեշտեց նա:
Երկրորդ նախագահն ընդգծեց՝ ժողովուրդը չի պարտվել, վարչապետն է պարտվել այս պատերազմում: Իսկ եթե ինքը լիներ, ապա պատերազմը չէր էր սկսվի:
Հարցին, թե ինչ կաներ ինքը, եթե լիներ Փաշինյանի փոխարեն, Քոչարյանը պատասխանեց. «Առաջինը եթե ես լինեի, պատերազմը չէր սկսվի, քանզի չէին լինի դիվանագիտական ապուշությունները, որոնք անխուսափելի դարձրեցին այս պատերազմը.
"Ալիևը երբեք չէր համարձակվի սկսել պատերազմը: Հիմա աքլորացել է, և իրավունք ունի հիմա աքլորանալու, բայց եթե հայրը ողջ լիներ, ականջը կքաշեր, կասեր՝ հանգիստ մնա: Իրենք տեսնում էին, թե ում հետ գործ ունեն Հայաստանում, այս իրավիճակը շատ նման է Ադրբեջանում էլչիբեյան ժամանակներին: Երբ Էլչիբեյին փոխեցին, ես շատ անտրամադիր էի այդ մի քանի օրվա ընթացքում, որովհետև նա մեզ համար ուղղակի նվեր էր, Աստծու պարգև: Ես միշտ մտածում էի, որ կարող է գալ մարդ, որը շատ ավելի ուրիշ կազմակերպչական ունակություններ կունենա պատերազմը կազմակերպելու առումով, և այդպես էլ եղավ հետագայում: Հիմա չէր լինի այդ պատերազմը։ Իսկ, այնուամենայնիվ, եթե լիներ, վստահաբար ասում եմ՝ չէինք պարտվի, որովհետև չէինք ունենա այն կոպիտ սխալները, որոնք ուղղակի կանխորոշեցին այդ պատերազմի ելքը",- ասաց նա:
Հարցին՝ պե՞տք է հրաժարական տա Փաշինյանը, Քոչարյանը նշեց, թե պատմության մեջ մի դեպք գիտի, որ պատերազմ պարտված նախագահը շարունակել է պաշտոնավարել. "Դա եղել է 1991թ-ին Իրաքի նախագահ Սադդամ Հուսեյնը , որին վերջում կախեցին",- հիշեցրեց նա։