«Հայրենիք» կուսակցությունը ողջունում է նախագահ Արմեն Սարգսյանի ուղերձը
«Հայրենիք» կուսակցությունը ողջունում է Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի՝ Արցախում պատերազմը տանուլ տված վարչապետի անհապաղ հրաժարականի ու ազգային համաձայնության կառավարության ձևավորման հրամայական սահմանող ուղերձը։ Այս մասին ասված է կուսակցության տարածած հայտարարության մեջ:
«Ազգային համաձայնության կառավարություն ձևավորելու առաջարկ «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը հնչեցրել էր դեռևս ս.թ. հունիսի 4-ին՝ Վանաձորում համախոհների հետ հանդիպման ժամանակ։ Ցավոք, այդ կոչը հիմնականում մնաց անտեսված, ինչն էլ ամիսներ անց հանգեցրեց մեր ժողովրդի համար աղետալի հետևանքներ արձանագրած կապիտուլյացիային, որի միակ պատասխանատուն Նիկոլ Փաշինյանն է։
Հորդորում ենք Հայաստանի և Արցախի, հայ ժողովրդի անվտանգությամբ և ապագայով մտահոգ բոլոր քաղաքական ուժերին, հասարակական կառույցներին ու անհատներին ականջալուր լինել երկրի ղեկավարի կոչին, օր առաջ միավորվել այս օրակարգի շուրջ և ջանքեր գործադրել մեր հայրենիքի փրկության համար։
Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ ընթացքն այլևս կործանարար է մեր երկրի ու ժողովրդի համար, այն պետք է կասեցնել օր առաջ»,- ասված է հայտարարության մեջ։
VERELQ-ը հիշեցնում է, որ այսօր Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող քաղաքական ուժերը հանրահավաք են հրավիրել Ազատության հրապարակում, ժամը 18,00-ին: Դրան ընդառաջ Արթուր Վանեցյանը, ինչպես նաև ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը հրավիրվել են հարցաքննության ՀՔԾ: Իսկ ՀՀԿ-ական Էդուարդ Շարմազանովին մեղադրանք է առաջադրվել: