Ուժայինները վերահսկում են իրավիճակը Մինսկում. կան տասնյակ բերման ենթարկվածներ ու տուժածներ
Բելառուսի ուժային կառույցները հայտարարել են, որ կարողացել են Մինսկում իրվիճակը վերցնել վերահսկողության տակ, որտեղ նախօրեին երեկոյան չարտոնված բողոքի ակցիաներ էին մեկնարկել:
«Միլիցիան վերահսկում է իրավիճակը»,- գրում է BELTA-ն՝ հղում անելով երկրի ՆԳՆ-ին:
Նախօրեին էքզիթփոլերի արդյունքների հրապարակումից հետո, ըստ որոնց Ալեքսանդր Լուկաշենկոն վստահ հաղթել է նախագահական ընտրություններում, Մինսկի տարբեր հատվածներում բողոքի ակցիաներ սկսվեցին, որոնց մասնակցել են մի քանի հազար մարդ: Հենց սկզբից իրավապահները փորձել են խոչընդոտել բողոքավորների տեղաշարժը քաղաքում:
Իրավիճակը հանդարտեցնելու համար Մինսկի կենտրոն հատուկ տեխնիկա է մտցվել, ցուցարարների դեմ լուսային նռնակներ, ջրցաններ ու գազ է կիրառվել: Ականատեսների պնդմամբ՝ ինչ-որ պահի ոստիկանները ցուցարարների նկատմամբ նաև ռետինե փամփուշտներ են կիրառել: Բախումների հետևանքով կան տուժածներ, նրանց թիվը ճշտվում է:
Կան տասնյակ բերման ենթարկվածներ, կոնկրետ թիվը չի նշվում դեռ:
Ներկա պահին Մինսկում իրավիճակը վերահսկվում է իրավապահների կողմից, մի շարք փողոցներ փակ են:
Էքզիթփոլերի համաձայն՝ Ալեքսանդր Լուկաշենկոյի օգտին քվեարկել է ընտրողների ավելի քան 70%-ը: Նրա հիմնական մրցակից Սվետլանա Տիխանովսկայայի օգտին՝ 6,8% -10,1% :
Նախնական արդյունքները երկրի ԿԸՀ-ն կհրապարակի առաջիկա ժամերի ընթացքում: