Բելառուսի գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն օգոստոսի 9-ին տեղի ունեցած ընտրությունների նախնական արդյունքով ստացել է քվեների ավելի քան 80 տոկոսը: Այդ ամսին հայտնում է Բելառուսի ԿԸՀ նախագահ Լիդիա Երմոշինը, հայտնում է РИА Новости-ն:
«Ալեքսանդր Լուկաշենկոյի օգտին քվեարկել է 4 միլիոն 652 հազար մարդ կամ 80,23 տոկոսը», - ասել է ԿԸՀ նախագահը երկուշաբթի կայացած ճեպազրույցի ժամանակ:
Քվեարկությանը մասնակցել է 5 մլն 790 հազար մարդ, մասնակցությունը կազմել է 84,23 տոկոս:
VERELQ-ը հիշեցնում է, որ կիրակի օրը երկրում կայացած նախագահական ընտրությունների արդյունքների հրապարակումից հետո, որոնք ցույց տվեցին գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի համոզիչ հաղթանակը, քաղաքի տարբեր հատվածներում բողոքի ակցիաներ են սկսվել, որոնց, դիտորդների գնահատմամբ, մասնակցել է մի քանի հազար մարդ:
Բելառուսի իրավապահ մարմինները երկուշաբթի առավոտյան հայտնել են, որ իրենց հաջողվել է հսկողության տակ վերցնել Մինսկում տիրող իրավիճակը:
Կարգուկանոնի հաստատման համար այնտեղ են ուղարկվել հատուկ տեխնիկա, ջրցան մեքենաներ, ուժայինները կիրառել են լուսաձայնային նռնակներ և արցունքաբեր գազ։
Ականատեսների վկայությամբ, ինչ-որ պահի ոստիկանությունը ռետինե փամփուշտներ է օգտագործել։
Բախումների հետեւանքով կան տուժածներ, նրանց թիվը ճշտվում է: Գործի են դրվել շտապօգնության տասնյակ մեքենաներ։ Ձերբակալվածների թիվը պաշտոնապես դեռ չի նշվում, սակայն ավտոմեքենաների քանակը խոսում է հարյուրավոր մարդկանց մասին։
Իրավապահ մարմինների գործողությունը շարունակվել է մոտ չորս ժամ։ Ներկայումս ոստիկանությունը եւ ՕՄՕՆ-ը լիովին վերահսկում են իրավիճակը Մինսկում: Փողոցների մեծ մասը փակ է։