23.11.2024
Լուկաշենկոն ընտրությունների նախնական արդյունքներով ստացել է քվեների 80,23 տոկոսը
prev Նախորդ նորություն

ԵՄ-ն կարող է քննարկել Բելառուսի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու հարցը

Եվրամիությունը կարող է քննարկել Բելառուսի նկատմամբ նոր պատժամիջոցներ սահմանելու հարցը։ Այս մասին երկուշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Լեհաստանի ԱԳ նախարար Յացեկ Չապուտովիչը՝ պատասխանելով Բելառուսում տեղի ունեցող իրադարձություններին ԵՄ-ի հնարավոր արձագանքի մասին հարցին, փոխանցում է ՏԱՍՍ-ը։


Նրա խոսքով՝ «ամեն ինչ կախված է իրավիճակի զարգացումից եւ իշխանությունների գործողություններից» Մինսկում: «Պատժամիջոցները քննարկման տարբերակներից մեկը կլինեն», - ասել է լեհ նախարարը՝ հույս հայտնելով, որ նման սցենարի չի հասնի: «Ես հավատում եւ հուսով եմ, որ Բելառուսի իշխանությունները քայլեր կձեռնարկեն եւ կփարատեն կասկածները (ընտրությունների արդարության եւ հետագա իրադարձությունների վերաբերյալ)», - ասել է Չապուտովիչը:


Ինչպես հայտնել է նախարարը, նա խնդրել է ԵՄ ԱԳՆ խորհրդի քննարկմանը ներկայացնել Բելառուսում տիրող իրավիճակը ընտրություններից հետո:


ԿԸՀ-ի նախնական տվյալներով՝ Ալեքսանդր Լուկաշենկոն հաղթում է Բելառուսի նախագահի ընտրություններում եւ հավաքում է ձայների 80,23 տոկոսը: Տնային տնտեսուհի Սվետլանա Տիխանովսկայան, որին անվանում էին Լուկաշենկոյի հիմնական մրցակից, հավաքել է ձայների 9,9 տոկոսը:


Օգոստոսի 9-ի երեկոյան էքզիթփոլների արդյունքների հայտարարումից հետո Մինսկի կենտրոնում եւ հանրապետության մի շարք այլ քաղաքներում սկսվել են բողոքի զանգվածային ակցիաներ, որոնք վերաճել են իրավապահ մարմինների աշխատակիցների հետ բախումների: Արդյունքում, ըստ ՆԳՆ-ի տվյալների, ձերբակալվել է մոտ երեք հազար մարդ, տուժել են ոստիկանության տասնյակ աշխատակիցներ եւ ցուցարարներ:


Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն արդեն հայտարարել է, որ օգոստոսի 9-ի երեկոյան տեղի ունեցած ակցիաների ժամանակ ցուցարարները կառավարվում էին Լեհաստանից, Մեծ Բրիտանիայից եւ Չեխիայից հեռախոսազանգերի միջոցով: Այս մասին հայտնում է Բելտա գործակալությունը։