23.11.2024
Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելու միջնորդությունը չի կարող լինել քաղաքական որոշում
prev Նախորդ նորություն

ԵԱՏՄ յուրաքանչյուր պետություն կենսաթոշակը վճարելու է իր տարածքում աշխատանքային ստաժի համար

ՀՀ ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի հունիսի 15-ի նիստում Արմեն Փամբուխչյանի նախագահությամբ քննարկվել է «Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների աշխատողների կենսաթոշակային ապահովության մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը:


ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Սմբատ Սաիյանի ներկայացմամբ` համաձայնագիրը ստորագրվել է 2019 թվականի դեկտեմբերի 20-ին, Սանկտ Պետերբուրգում:


Ներկայում ԱՊՀ անդամ մի շարք պետությունների միջեւ գործում է «Կենսաթոշակային ապահովության բնագավառում Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների քաղաքացիների իրավունքների երաշխիքների մասին» 1992 թվականի մարտի 13-ին ստորագրված համաձայնագիրը, ըստ որի` մասնակից պետությունների տարածքներում ձեռք բերված աշխատանքային ստաժերի համար կենսաթոշակը նշանակում եւ վճարում է քաղաքացու բնակության վայրի պետությունը:


Հաշվի առնելով այդ համաձայնագրի իրավակիրառական պրակտիկայում առաջացած խնդիրները եւ այն հանգամանքը, որ ԵԱՏՄ անդամ պետությունների միջեւ նախատեսվում է աշխատուժի ազատ տեղաշարժ` անհրաժեշտություն է առաջացել ԵԱՏՄ անդամ պետությունների քաղաքացիների կենսաթոշակային ապահովության հետ կապված հարաբերությունները կանոնակարգել նոր սկզբունքների ներքո:


Համաձայնագրով աշխատողի կենսաթոշակային իրավունքները ձեւավորվում եւ իրականացվում են այն պայմաններով եւ կարգով, որով ձեւավորվում եւ իրականացվում են աշխատանքի տեղավորման պետության այլ քաղաքացիների կենսաթոշակային իրավունքները: Կենսաթոշակն արտահանվելու է, յուրաքանչյուր պետություն հաշվարկելու եւ վճարելու է իր տարածքում ձեռք բերած աշխատանքային ստաժի համար` իր օրենսդրությամբ սահմանված կարգով` անկախ այն հանգամանքից, թե համաձայնագրի անդամ որ պետությունում է բնակվում անձը: Նշվել է, որ կենսաթոշակի չափը չի կարող նվազել, վճարումը չի կարող դադարեցվել համաձայնագրի այլ անդամ պետությունում բնակվելու հիմքով:


Պատգամավորների հարցերը վերաբերել են օրինագծի իրավական կարգավորումներին, կիրարկելիությանը:


Նախագիծը ստացել է դրական եզրակացություն: