24.11.2024
Մասիս Մայիլյանը պաշտոնում մնալը գերադասեց ընդդիմադիր դառնալու գործոնից. Բելլա Լալայան
prev Նախորդ նորություն

Մամուլ. Արսեն Թորոսյանն ուզում է իր ազդեցության դաշտը մեծացնել

VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:


«Հրապարակ» թերթը գրում է. «Լարվածությունը պարետատանը նոր փուլ է թեւակոխել: Իր խոսքը կատարած՝ մայիսի վերջին 10 հազար վարակված կանխատեսած Արսեն Թորոսյանը պարետատնից պահանջում է «մեկ պատուհանի սկզբունքը» կիրառել՝ մեկ կետից ղեկավարել գործընթացը եւ ղեկավարումը հանձնել իրեն: Հիշենք, որ մահճակալները չբավարարելու, ասիմպտոմ եւ թեթեւ հիվանդներին տուն ուղարկելու պատճառով բավականին մեծ թվով հիվանդներով զբաղվում են տեղական ինքնակառավարման մարմինները, որոնց իրավասության տակ են պոլիկլինիկաները, հիվանդանոցները։ «Թորոսյանն իր պահանջը պատճառաբանում է նրանով, որ ՏԻՄ-երը շատ հաճախ այնպիսի որոշումներ են կայացնում, որ մեծ վնաս են պատճառում թե՛ համակարգին, թե՛ հիվանդներին, իսկ իրականում Թորոսյանն ուզում է իր ազդեցության դաշտը մեծացնել, հետո էլ, ճիշտ է՝ պոլիկլինիկաների բյուջեն կառավարությունն է հաստատում, սակայն դեղորայքին, սպասարկմանը լրացուցիչ միջոցներ են տրամադրվում, նախարարը չի ցանկանում, որ դա իր ազդեցությունից դուրս լինի։ Իսկ կորոնավիրուսի բուժմամբ զբաղվող բժիշկներն իրենց ծանրաբեռնվածության չափով չեն վարձատրվում, լարվածությունից էլ քիչ-քիչ անտարբեր են դառնում թե՛ հիվանդների, թե՛ ամեն ինչի նկատմամբ»,- ասաց ԱՆ մեր աղբյուրը»:


«Իրատես» թերթը գրում է. ««Իմ քայլը» խմբակցությունը որոշում ու հստակեցնում է ամռան անելիքները: Օրերս իմքայլականները հավաքվել են ու մի քանի ժամանոց քննարկում ունեցել՝ զբոսաշրջությունից մինչեւ կորոնավիրուսին վերաբերող թեմաների շուրջ: Նիստին մասնակցել է փոխվարչապետ Տիգրան Ավինյանը: «Իրատեսի»՝ խմբակցությանը մոտ կանգնած աղբյուրը հայտնեց, որ Ավինյանը «գուժել» է՝ պետք է պատրաստ լինել՝ առաջիկայում ավելի մեծ թվով վարակակիրներ ու մահեր են լինելու: «Փաստորեն, Փաշինյանն Ավինյանի հեռացման հարց չի դրել, այլապես նա չէր մասնակցի «Իմ քայլի» նիստին»,- նկատեցինք: «Դա չեմ կարող ասել, այդ հարցի շուրջ հարցուպատասխան չի եղել: Նիստի ընթացքում ամենատարբեր հարցերի են անդրադարձել: Պատգամավորներն ինչ-որ առաջարկներ են ներկայացրել, այնուհետեւ Ավինյանն է անդրադարձել երկրի՝ կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակին ու տեղեկացրել, որ առաջիկայում որեւէ դրական տեղաշարժի հույս պետք չէ ունենալ: Ասել է՝ պետք է սովորեք ապրել վիրուսի հետ ու պատրաստ լինեք օրական ավելացող մահերին»,- պատասխանեց մեր զրուցակիցը: Խորհրդարանական մեծամասնության ներկայացուցիչներն իրենք իրենց խոստովանել են նաեւ, որ տեղեկատվական հարթակում «պարտություն» են կրում, չի հաջողվում այնպես անել, որ թե՛ խմբակցության, թե՛ իշխող թիմի վարկանիշն անկում չապրի: Ինչ վերաբերում է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հետագա պաշտոնավարման հարցին, ապա այդ մասով թեեւ խոսակցություն չի եղել, բայց ակնհայտ է, որ պատգամավորներից շատերի համար ընդունելի չեն նրա ոչ մասնագիտական հայտարարություններն ու գործողությունները»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Վերջին օրերին շատ քչերին են թեստավորում՝ օրական հազիվ 600-700 մարդու, որից 35 տոկոսը, պարզվում է, վարակված է։ Մենք հետաքրքրվեցինք, թե Հայաստանն այս պահին ինչ քանակի թեստ ունի, քանի որ, հիվանդացության ավելացմանը զուգահեռ, սկսել են շրջանառվել խոսակցություններ, թե թեստերի պակասի պատճառով մարդկանց օրերով չեն թեստավորում։ Կամ՝ ախտանիշներ ունեցող անձինք (մինչդեռ հիվանդության հանկարծահաս բնույթը ենթադրում է, որ մարդն ամեն օր ու անգամ՝ ամեն ժամի կարող է վատանալ) մի քանի օր իրենց հերթին են սպասում։ Կոնտակտավորներին, առհասարակ, չեն թեստավորում։ Ուշագրավ է, որ օրեր առաջ էլ որոշ լաբորատորիաների արգելեցին թեստավորումը, եւ հիմա շատ սահմանափակ թվով լաբորատորիաներ են թեստավորմամբ զբաղվում։ Թեստերի այս դեֆիցիտը բնական է, քանի որ տեղական թեստերի արտադրությունը դեռ չի սկսվել, իսկ այս ընթացքում թեստերի նոր խմբաքանակներ Հայաստան չեն բերվել։ Ողջ աշխարհն ունի այդ թեստերի կարիքը, եւ արտադրում են ներքին սպառման համար, սակայն կան երկրներ, որոնցից կարելի էր գնել թեստեր, որոնց գինը միջազգային շուկայում 3 դոլարից է սկսվում։ Գուցե հանրապետությունում այլեւս չկա՞ն թեստեր։


Առողջապահության նախարարությունից մեզ հայտնեցին, որ Հայաստանում այս պահին կա մոտ 7 հազար հատ պահեստավորված թեստ։ Հարցին, թե ինչ է լինելու, երբ դրանք վերջանան, ԱՆ խոսնակն ասաց՝ մինչեւ վերջանալը կսկսվի թեստերի տեղական արտադրությունը․ «Բայց պետք է խնդրեմ, որ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտից հասկանաք, թե որ փուլում է արտադրությունը»։ Օրեր առաջ նույն խոսնակը մեզ ասել էր, որ երկուշաբթի օրվանից սկսվում է տեղական թեստերի արտադրությունը, իսկ ինստիտուտի տնօրենը հերքել էր, թե մեկնարկի օր նշել չի կարող։ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի տնօրեն Արսեն Առաքելյանը մեզ հետ զրույցում հայտնեց, որ այսօր կամ վաղը թեստերի փորձանմուշները տալու են ԱՆ հիվանդությունների վերահսկման կենտրոնին։ «Իրենք հենց փորձարկեն ու մեզ տան դրական եզրակացություն, կսկսենք, բայց թե ինչքան են իրենք փորձարկելու, չեմ կարող ասել»։ ԱՆ հիվանդությունների վերահսկման կենտրոնի ղեկավար Արտավազդ Վանյանից էլ հարցրինք, թե որքան կտեւի փորձարկումների ու եզրակացություն ներկայացնելու փուլը։ Ասաց, որ դա կախված է նմուշների քանակից, որոնք կտրամադրվի իրենց ինստիտուտին։ Օրինակ՝ 300 հա՞տ, թե՞ 1000»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ հայտնի դարձավ, որ վարչապետն ու իր ընտանիքի անդամները վարակվել են կորոնավիրուսով։ Սակայն համացանցում գրում էին, թե չեն հավատում դրան։ Մանավանդ երբ երեկոյան Փաշինյանը մասնակցեց ամենօրյա բրիֆինգին, ավելի խորացան կասկածները։ Իշխանական թիմը երեկ թեստավորվում էր։ Նույնն անում էին Արցախում, որտեղ Արայիկ Հարությունյանի երդմնակալությանը մոտ 600 մարդ էր շփվել ՀՀ վարչապետի հետ։ Իսկ Փաշինյանի ընտանիքում հատկապես անհանգիստ են հոր՝ 80-ամյա Վովա Փաշինյանի համար, ով այժմ բնակվում է կառավարական տանը։ Նա տարիներ առաջ ծանր հիվանդություն է տարել եւ վարակի ռիսկային խմբի մեջ է»:


«Ժողովուրդ» թերթը գրում է․ «ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդին՝ Աշոտը, առաջիկայում կզորացրվի: Ինչպես հայտնի է, նա պարտադիր զինվորական ծառայության էր մեկնել 2018 թվականի հուլիսի 9-ին՝ Նիկոլ Փաշինյանի վարչապետ դառնալուց երկու ամիս անց: Եվ, ահա, «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ, ահմանված կարգի համաձայն, Նիկոլ Փաշինյանի որդու զորացրումը տեղի կունենա մինչեւ օգոստոսի 11-ը: ՀՀ վարչապետի որդու՝ պարտադիր զինվորական ծառայության մեկնելը հատկապես ուշագրավ էր մշտապես հայտնի հրապարակումների ֆոնին, թե բարձրաստիճան որ պաշտոնյաների որդիներն են այս կամ այնկերպ խուսափել հայրենիքի հանդեպ պարտքը կատարելուց: Եվ հեղափոխությունից հետո իրավապահ համակարգը մեծ շուքով սկսեց նախկին պաշտոնատար անձանց որդիների՝ բանակից ազատվելու գործընթացի քննություն իրականացնել: Ի դեպ, ՊՆ-ում տարածված լուրերի համաձայն՝ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանի տղան ծառայում է անպիսի զորամասում, որը սահմամամերձ չէ, բավականին «փափուկ տեղ» է համարվում, եւ, ըստ զինվորակաների մեջ տարածված խոսակցությունների, այնտեղ ժամանակին ծառայել են հայտնի հայրիկների փափկասուն որդիները: Ավելին, ՀՀ զինվորական դատախազ, ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Վահե Հարությունյանի 2 որդիները բանակում չեն ծառայել, ու հայտնի չէ, թե ինչ պատճառաբանությամբ կամ ինչ հիմքով են վերջինիս երկու որդիներն ազատվել ծառայությունից»:


«Ժամանակ» թերթը գրում է. «Օրերս տեղի ունեցավ ԱԱԾ նախկին ղեկավար Արթուր Վանեցյանի «Հայրենիք» կուսակցության համագումարը, որը ընտրեց 9 հոգանոց խորհուրդ: Այդ խորհրդի անդամ է ընտրվել Արա Սահակյանը, ով ՀՀՇ իշխանության տարիներին ԱԺ փոխխոսնակն էր, իսկ մինչև իշխանափոխությունը Ղազախստանում ՀՀ դեսպանը: Խորհրդի անդամներից Արմինա Դարբինյանը նախկին վարչապետ Արմեն Դարբինյանի նախկին կինն է, իսկ Ժասմենա Ասրյանը «Հայրենիք» կուսակցության նախկին նախագահն է, ով համաձայնվել է կուսակցությունը հանձնել Վանեցյանին՝ մնալով կուսակցության խորհրդի անդամ»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցությունն անցած շաբաթ դիմում էր ուղարկել Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանին, որպեսզի քաղաքական բոյկոտի օրերի բացակաները հարգելի համարվեն, եւ իրենց աշխատավարձերից պահումներ չարվեն: Հիշեցնենք, որ մայիսի 8-ին խորհրդարանում տեղի ունեցած ծեծի միջադեպից հետո ընդդիմադիր խմբակցությունը բոյկոտ էր հայտարարել եւ նիստերին չէր մասնակցում: Իսկ քանի որ անհարգելի բացակաների դեպքում աշխատավարձերից պահումներ են արվում, ԼՀԿ-ն հիշեցրել էր, որ «ԱԺ կանոնակարգ» օրենքով քաղաքական բոյկոտի օրերի բացակաները համարվում են հարգելի։ «ԱԺ աշխատակազմը որոշում է կայացրել, եւ այդ բացակաները կհամարվեն հարգելի»,- մեզ տեղեկացրեց ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալ Լիլիթ Մինասյանը։ Փոխարենը քաղաքական այլ որոշում են կայացրել, օրինակ, տեղեկացանք, որ պահում է արվել Էդմոն Մարուքյանի աշխատավարձից՝ ամսվա կտրվածքով հանձնաժողովի նիստերին չմասնակցելու համար։ Մարուքյանն արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ է։ Բայց տեղեկացանք, որ նախկինում այդ բացակայությունների համար պահումներ չեն արվել, քանի որ ֆրակցիաների ղեկավարները կարող են նաեւ որեւէ հանձնաժողովի անդամ չլինել»:


«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Երեկ խորհրդարանում ՀՀ գլխավոր դատախազության՝ 2019 թվականի գործունեության ժամանակ պատգամավորները նաեւ հետաքրքրվեցին ապօրինի գույքի բռնագանձման գործընթացի մասին, որի մասով դատախազությունում նաեւ առանձին վարչություն է ստեղծվելու: Եվ բնական է, որ «Ժողովուրդ» օրաթերթը եւս փորձեց գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին հարց ուղղել այդ թեմայով, սակայն, պարզվում է, Արթուր Դավթյանը որոշել է իրեն ագրեսիվ պահել մեր լրատվամիջոցի հանդեպ՝ անպատասխան թողնելով հարցերը կամ այլ տոնով պատասխանելով: Մեջբերելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը՝ համակարգում Սերժ Սարգսյանի մնացորդների մասին, մենք պարզապես հետաքրքրվեցինք՝ իրեն զգում է որպես նախկին համակարգի անդամ, թե ոչ, ինչինի պատասխան նետեց. «Հարցը տալուց մտածե՛ք, թե ում եք տալիս, եւ ինչ ձեւով եք տալիս»:


Իսկ արդեն վերջում հետաքրքրվեցինք՝ թե արդյոք չի կարծում, որ ապօրինի բռնագանձումը իրենից պիտի սկսել՝ հաշվի առնելով, որ Դավիթաշենում առանձնատուն է կառուցել իր պաշտոնավարման ժամանակ. վերջինս արձագանքեց. «Դու կսկսես»: Նկատենք, որ խոսքն Աջափնյակ վարչական շրջանում նրան հատկացված հողատարածքի մասին է, որի հարցը 2019 թվականին խորհրդարանում բարձրացրել էր նաեւ պատգամավոր Արման Բաբաջանյանը՝ ցույց տալով դատախազի առանձնատան լուսանկարը, ասելով, թե երկու տարվա ընթացքում դատախազը կառուցել է այդպիսի առանձնատուն, որն արժի մոտավորապես կես միլիոն ամերիկյան դոլար: Իհարկե, դրանից հետո Գլխավոր դատախազությունը փորձել էր հերքել, որ այդ առանձնատունն արժե կես միլիոն դոլար՝ ասելով, որ Դավթյանն իր հայրիկի հետ միասին վերցրել է 25 միլիոն դրամի չափով վարկ, համասեփականությամբ կառուցել նշյալ առանձնատունը: Եվ հիմա իսկապես ժամանակն է՝ եթե դատախազը բոլոր տվյալները ճիշտ է ներկայացրել, ապա ուսումնասիրությունները կարող են սկսել հենց իրենից»:


«Ժամանակ» թերթը գրում է. «Անցյալ տարվա դեկտեմբերին ստեղծվեց «Ռոբերտ Քոչարյանի ազատության հանձնախումբ» և հայտարարվեց, որ այն ղեկավարում է նախկին սոցապնախարար Աղվան Վարդանյանը: Հայտարարվեց նաև, որ հանձնախմբի նպատակը Ռոբերտ Քոչարյանի ազատությունն է: Մեզ հայտնի դարձավ, որ օրերս հանձնախումբը հանձնել է Հանրապետության հրապարակի հարևանությամբ վարձակալած գրասենյանը, ըստ էության՝ հանձնախմբի գործունեությունը դե ֆակտո դադարեցվել է: Կարելի է ենթադրել, որ հանձնախմբի հիմնադիրներն ու ֆինանսավորողները հասկացել են, որ իրենց առաջ անիրականանալի խնդիր են դրել և անիմաստ միջոցներ են ծախսում»:


«Հրապարակ» թերթը գրում է. «ԱԺ ապրիլյան քննիչ հանձնաժողովի իմքայլական անդամները լավ պատրաստված են եղել ԱԳ նախկին նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ հեռակապին: Իր լիազորություններն ավարտող հանձնաժողովը վարչապետի խորհրդական, ապրիլյանի հետախուզության պատասխանատու Արշակ Կարապետյանի երկրորդ «կանչից» հետո փոխել է իր փիլիսոփայությունը։ «Արշակ Կարապետյանն այս անգամ պնդեց, որ սպասվող ռազմական վտանգի մասին ինքը զեկուցել է ժամանակին, սակայն հրամանատարությունն ուշացրել է միջոցների ձեռնարկումը»,- ասաց հանձնաժողովականը:  Նալբանդյանին ի՞նչ հարցեր հնչեցին։ «Ըստ էության, բացահայտվեց հանձնաժողովի ստեղծման բուն նպատակը. այն է` ապրիլյան պատերազմի հետեւանքով արձանագրվել է ստատուս-քվոյի փոփոխություն` ի շահ Ադրբեջանի։ Որպեսզի այդ փոփոխությունը տեղավորեն «փուլային» տարբերակի շրջանակներում` գցելով նախկինների «ջեբը», եւ թեթեւացնեն այսօրվա բանակցողների գործը։ Նալբանդյանին հարցրել են բացառապես ապրիլյանից հետո ստեղծված ստատուս-քվոյի մասին։ Հնչել է նաեւ ուղիղ հարց. ի՞նչ եք կարծում՝ Հայաստանը հայտնվե՞լ էր ոչ նպաստավոր դիրքերում։ Նալբանդյանը կտրուկ առարկել է` ոչ, մենք խիստ նպաստավոր դիրքերում էինք՝ բոլոր, այդ թվում` բանակցային առումով»: Իսկ Խաչատուրովին ուղղված Անդրանիկ Քոչարյանի ուլտիմատումը՝ եթե չներկայանա, համապատասխան մարմիններին կհանձնենք, մեր հետեւությունները, ինչի՞ հետ էր կապված։ «Այն մտայնության, որ խաղաղության բանավոր պակտը կնքելիս Խաչատուրովն ինչ-ինչ պայմանավորվածություններ է ձեռք բերել ռուս-ադրբեջանական կողմերի հետ, ու թե հանձնաժողովն իսկապես փորձի արձանագրել, որ ապրիլյանից հետո ստատուս-քվո է փոխվել, ապա դա կնշանակի Ադրբեջանի դաշտում խաղալ, Ադրբեջանի լոբբինգով զբաղվել»:


«Իրավունք» թերթը գրում է. «Կորոնավիրուսը շարունակում է իշխել աշխարհում` չճանաչելով աղքատ ես, թե՝ հարուստ, վարչապե՞տ ես, թե՞ նախկին գլխավոր դատախազ: Տարածված լուրերի համաձայն` Մարտի 1-ի աղմկահարույց գործով անցնող ՀՀ նախկին գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը եւս այս օրերին Մոսկվայի հայտնի հիվանդանոցներից մեկում բուժվում է կորոնավիրուսից: Որքանո՞վ են լուրերը իրական, «Իրավունքը» փորձեց հետաքրքրվել անձամբ պարոն Կոստանյանից, ով նկատեց. «Վատառողջ եմ, այո: Ավելին ասել չեմ ցանկանում: Բոլորին առողջություն եմ միայն մաղթում»:


«Իրատես» թերթը գրում է. «Ասում են, թե ԼՂ նախագահ Արայիկ Հարությունյանի կոնսենսուսային վերջին նշանակումները, հատկապես ԱԳ նախարարի պաշտոնում՝ Մասիս Մայիլյանին Ռուսաստանում շատ վատ է ընկալվել: Էլ ավելի վատ է ընկալվել Մասիս Մայիլյան-Արմեն Գրիգորյան «ցերեմոնիալ» հեռախոսազրույցը, որով սորոսական «շկոլան» փորձել է ցուցանել իր «անմահությունը», եւ դա այն դեպքում, երբ Ռուսաստանն անվերջ հասկացնում էր հայկական կողմին, որ իրենք պրոբլեմ ունեն թե՛ Սամվել Բաբայանի (որն էլ արդեն Արցախում ԱԱԽ քարտուղար է), թե՛ Մայիլյանի հետ։ Ավելին. Ռուսաստանը ցայս պաշտոնապես չի հերքել Ռուսաստանում վերջիններիս անցանկալի անձ լինելու, Ռուսաստան մուտքի արգելափակման տեղեկությունը` այդ նշանակումները փաստացի դեմարշ համարելով Ռուսաստանի դեմ, որի իրական հասցեատերը Նիկոլ Փաշինյանն է»:


«Փաստ» թերթը գրում է. «Մայիսի 29-ին Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն ուղիղ եթերի ժամանակ հայտարարեց, որ Սամվել Բաբայանի հետ վերջնական հանգրվանի են եկել պաշտոնի նշանակման հարցում: Այսպիսով, վերջնականապես հաստատվեցին այն լուրերը, ըստ որոնց՝ Բաբայանը նշանակվելու էր Արցախի անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնում։ «Փաստ» թերթը տեղեկություններ ունի, որ մինչեւ Բաբայանին նշանակելը, Հարությունյանը նախատեսած է եղել այդ պաշտոնում նշանակել իր նախկին մրցակից Մասիս Մայիլյանին, որն, ի դեպ, նույն օրը նշանակվեց ԱԳ նախարար։ Մեր աղբյուրը փոխանցում է, որ ԱԽ քարտուղարի նշանակման մեջ առանցքային դերակատարում են ունեցել հայաստանյան իշխանությունները, որոնք ամեն ինչ արել են, որ հենց Բաբայանը նշանակվի։ Ավելին, մեր ունեցած տեղեկություններով, Արայիկ Հարությունյանը մայիսի 28-ին Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ ներկայացրել է իր նշանակումների ցանկը եւ համաձայնեցրել նրա հետ։ Փաստացի ստացվում է այնպես, որ Բաբայանին տրված իր խոստումը Փաշինյանը կատարում է Հարությունյանի ձեռքով։ Թերթի տեղեկություններով, Փաշինյանն ի դեմս Բաբայանի փորձում է արցախյան գեներալների շրջանում հակակշիռ ապահովել: Իրականում Արցախում խոսում են, որ այս առումով լուրջ խնդիրներ կան, քանզի, ըստ էության, տարբեր տարիներ Բաբայանը շատերի հետ խնդիրներ է ունեցել, եւ դրանով է պայմանավորված, որ մեծ թվով մարդիկ, այդ թվում՝ նաեւ զինվորականներ, նրա նկատմամբ, մեղմ ասած, դրական վերաբերմունք չունեն, եթե չասենք ավելին։ Այս նշանակման վերաբերյալ Արցախում առկա մեկ այլ անհանգստություն վերաբերում է դեռեւս նախընտրական շրջանում շրջանառված տեղեկություններին, թե Բաբայանը խնդիրներ ունի ՌԴ մեկնելու հետ կապված: Այս հանգամանքը կարեւորվում է հատկապես այն տեսակետից, որ Ռուսաստանը Հայաստանի թիվ մեկ ռազմավարական դաշնակիցն է»:


«Ժամանակ» թերթը գրում է. «Լեռնային Ղարաբաղում սպասում են, որ հունիսի 13-ին, երբ Հայաստանում կավարտվի արտակարգ դրության ռեժիմի գործունեության ժամկետը, կվերաբացվի նաև Հայաստանի և Արցախի միջև լիակատար հաղորդակցությունը: Շատ արցախցիներ համարում են, որ հաղորդակցության վերականգնումը կնպաստի սոցիալական ճգնաժամը մեղմելուն»:


«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Հայաստանի կրթական համակարգում շարունակում է անմխիթար վիճակ տիրել: Այս պահին «անտեր» են մնացել թվով 6 բարձրագույն ուսումնական հաստատություններ: Նրանք բոլորը չունեն ռեկտորներ, իսկ մի քանիսն էլ՝ անգամ հոգաբարձուների խորհուրդ: Այդ առումով ամենաանմխիթար իրավիճակում Երեւանի պետական համալսարանն է, որը երկար ժամանակ է՝ չի կարողանում խնդիրը կարգավորել եւ շարունակում է ղեկավարվել ռեկտորի պաշտոնակատարի կողմից՝ չունենալով նաեւ գիտական խորհուրդ: Երեւանի պետական համալսարանի ռեկտորի պաշտոնակատարն արդեն երկար ժամանակ է՝ շարունակում է մնալ Գեղամ Գեւորգյանը, ընդ որում՝ մարտի 23-ին պետք է տեղի ունենար մայր բուհի նոր ռեկտորի ընտրություն, որն այդպես էլ չկայացավ՝ պայմանավորված երկրում արտակարգ դրությամբ: Ռեկտորի պաշտոնակատարներով են շարունակում իրենց գործունեությունը նաեւ Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի պետական ինստիտուտը (պաշտոնակատար Դավիթ Խիթարյան), Շիրակի Մ. Նալբանդյանի անվան պետական համալսարանը (ռեկտորի ԺՊ Երվանդ Սերոբյան): Նույն իրավիճակն է նաեւ Ճարտարապետության եւ շինարարության Հայաստանի ազգային համալսարանում, որտեղ արդեն մեկ տարի է՝ ռեկտորի պաշտոնակատար է Եղիազար Վարդանյանը: Ռեկտոր չունեցող մյուս երկու բուհերն են Պոլիտեխնիկական համալսարանն ու Տնտեսագիտական համալսարանը: Վերջինիս ռեկտորի պաշտոնակատար Դիանա Գալոյանի շուրջ աղմուկը չի դադարում»:


«Իրատես» թերթը գրում է. «Ազգային ժողովի կրթության, գիտության, մշակույթի, սպորտի եւ սփյուռքի մշտական հանձնաժողովում մոտ մեկ շաբաթ առաջ տեղի ունեցած դռնփակ նիստը, որին մասնակցում էին բարձրագույն որակավորման կոմիտեի նախագահի պաշտոնից հեռացման դիմում գրած Սմբատ Գոգյանն ու կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի փոխնախարար Գրիշա Թամրազյանը, մեծ թվով հարցականներ է առաջացրել ոչ միայն քաղաքացիների, այլեւ հենց հանձնաժողովականների շրջանում: Թե՛ պատգամավորներին, թե՛ Գոգյանին ի սկզբանե ասված է եղել, որ նիստը բաց է լինելու, բայց վերջին պահին «իրավիճակ է փոխվել»: Հանձնաժողովին մոտ կանգնած աղբյուրից «Իրատեսը» հետաքրքրվեց. «Ո՞վ եւ ի՞նչ ուներ թաքցնելու, դա էլ հո ռազմական գաղտնիք պարունակող քննարկում չէ՞ր, որ դռնփակ անցկացվեց»:


«Պատգամավորները հաստատ թաքցնելու բան չեն ունեցել, ավելին՝ հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանն ու Սմբատ Գոգյանն էլ կաշկանդված չեն եղել: Նիստը դռնփակ անցկացնելու հրահանգը ամենավերեւից է իջեցվել՝ ոչ թե նախարար Արայիկ Հարությունյանի, այլ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից: Քննարկումը հանգիստ է անցել, փոխնախարարը պատասխանել է բոլոր հարցերին, իսկ բովանդակալի՞ց պատասխաններ է տվել, թե՞, այսպես ասած, «կրուտիտ» արել, չգիտեմ, փաստն այն է, որ դրանից հետո նրա կամ տնտեսագիտական համալսարանի ռեկտորի պաշտոնակատարի հրաժարականի պահանջն օրակարգային չի դարձել»,- պատասխանեց մեր զրուցակիցը: Նա նշեց, որ թեեւ վարչապետը մինչ այս պահը չի ստորագրել Գոգյանի հրաժարականի դիմումը, բայց ԲՈԿ նախագահը կլքի պաշտոնը: Մեր զրուցակիցն ավելացրեց նաեւ, որ սուպերնախարար Հարությունյանի «լայվը» տալիս է բոլոր հարցերի պատասխանը. «Նա հստակ «մեսիջ» ուղարկեց՝ կա՛մ ես ու փոխնախարար Թամրազյանը, կա՛մ՝ Գոգյանը: Շատերն են տարակուսած` ի՞նչ բացառիկ շնորհի կամ տաղանդի համար է Հարությունյանը ատամներով պահում Թամրազյանին: Մի բան հստակ է՝ Գրիշան հարցեր լուծող է, ուժով լինի, դիվանագիտությամբ, թե «տղայականով», չի թողնում, որ Հարությունյանը նեղվի ինչ-որ բանից»: