24.11.2024
Մամուլ. Արսեն Թորոսյանն ուզում է իր ազդեցության դաշտը մեծացնել
prev Նախորդ նորություն

Մամուլ. Աննա Հակոբյանն ու Հրաչյա Հակոբյանը դատի են տվել Միքայել Մինասյանին

VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:


«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը և ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանը դատի են տվել Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանին: Հայցը ներկայացվել է հունիսի 1-ին և մակագրվել Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արմենուհի Բադիրյանին: Աննա Հակոբյանն ու Հրաչյա Հակոբյանը Մինասյանից պահանջում են հրապարակայնորեն ներողություն խնդրել և զրպարտություն հանդիսացող փաստացի տվյալներ հերքել: Նրանք նաև պատվին, արժանապատվությանը և գործարար համբավին պատճառված վնասի փոխհատուցում են պահանջում»:


«Ժողովուրդ» թերթը գրում է․ «ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանի մասնակցությունը պարետատան նիստերին շարունակում է հետաքրքիր քննարկումների առիթ դառնալ: Նկատենք, որ արդեն մեկ շաբաթ է՝ ինչ հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանը մասնակցում է պարետատան նիստերին: Ավելին, նա այդ նիստերին մասնակցում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրավերով: Գաղտնիք չէ, որ Նարեկ Զեյնալյանի ու ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հարաբերությունները լարված են, եւ պարբերաբար դրա ականատեսն ենք եղել ԱԺ հանձնաժողովների կամ լիագումար նիստերի ժամանակ: Եվ, ահա, մենք տեղեկացանք, որ Զեյնալյանի՝ պարետատան նիստերին մասնակցելու որոշումից Թորոսյանը դժգոհ է մնացել, սակայն լռել է՝ հաշվի առնելով, որ այդ որոշումը կայացվել է վարչապետի կողմից: Դեռ ավելին, վերջինս համաձայնություն է տվել, որպեսզի այս ամենից զատ Նարեկ Զեյնալյանը ձեւավորի մի մասնագիտական քննարկման հարթակ, որը պետք է պարբերաբար հավաքվի, քննարկումներ անցկացնի եւ ներկայացնի պարետատուն: Եվ, ահա, շաբաթ օրը հենց առաջին նիստն է եղել: Մայիսի 30-ին խորհրդարանում Նարեկ Զեյնալյանը փակ քննարկում էր կազմակերպել Հայաստանում կորոնավիրուսի դեմ պայքարի ուղղությամբ տարվող աշխատանքների շուրջ: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ մասնագիտական քննարկման ժամանակ կազմվել էկորոնավիրուսի դեմ պայքարի համալիր ծրագիր, որը կազմված է մի քանի ռազմավարական անուններից»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Երևանի քաղաքապետարանի աղբյուրը պատմեց․ «Դեռ մինչև պանդեմիան քաղաքապետարանի առողջապահության վարչության և նախարարության միջև խնդիր կար։ Օրինակ, պոլիկլինիկաները (մոտ 31) պատվիրակված լիազորություններով են աշխատում. բյուջեն հատկացնում է կառավարությունը, փաստացի կառավարումն իրականացնում է վարչությունը։ Տևական ժամանակ սպասվում էր, որ վարչության պետ Կամսար Բաբինյանը պետք է հրաժեշտ տա պաշտոնին՝ հին աշխատող է, Արսենը չէր կարող նրան զանգել-ասել` էս կողմ կանգնի, չէ` էն կողմ»։ Ինչո՞ւ չհանեցին։ «Դե, կորոնավիրուսի էս փուլում նման մարդկանցից ազատվելը, քաղաքի վարչության պետ փոխելը, մի դիլետանտի բերելը սեփական ոտքին կրակել կլիներ, հիմա պարետատան հետ ուզում են լիազորությունները պատվիրակել նորովի` պոլիկլինիկաների կուրացիան վերցնել իրենց ձեռքը»: Էսքան դարդուցավի մեջ ի՞նչ է տալու այդ «մեկ պատուհանը» Արսեն Թորոսյանին։ «Վերահսկելու հնարավորություն՝ Երևանը գրեթե ողջ հանրապետությունն է, մարզերում նա խնդիրներ չունի՝ մարզպետներն անմիջապես «ենթարկվում» են իրեն, իսկ պոլիկլինիկաները շատ մեծ ոլորտ են»»


«Ժամանակ» թերթը գրում է. «Կորոնավիրուսի համավարակը դրական է ազդել միայն այն համայնքապետերի վրա, ովքեր լինելով նախկին իշխանության ներկայացուցիչներ՝ մտավախություն ունեին, որ կարող են նոր պայմաններում կորցնել իրենց կարգավիճակը: Մինչդեռ համավարակի պայմաններում հետաձգվում են ոչ միայն ընտրությունները, այլ նաև համայնքների խոշորացման կառավարության ծրագրերը, որը համայնքապետերի համար ապահովում է հարմարավետ և անվտանգ պաշտոնավարում»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Ուշադիր ուսումնասիրում ենք ՊԵԿ-ի թափուր պաշտոնները զբաղեցնելու ցուցակները ու հետաքրքիր անուններ ենք գտնում: Մայիսին թափուր պաշտոնների հավակնորդների թվում գտել էինք ԱԺ իմքայլական պատգամավոր Հովհաննես Աղազարյանի որդուն՝ Վահե Աղազարյանին:  Մրցույթի 37 մասնակիցներից ՊԵԿ հանձնաժողովը հենց պատգամավորի որդուն էր արժանի համարել «Զվարթնոցում» մաքսավոր աշխատելու համար: Այս անգամ էլ, ուշադիր զննելով հարկային ծառայության թափուր պաշտոնը որոշակի ժամկետով զբաղեցնելու մրցույթի ընթացքը, նկատեցինք, որ Նոր Նորքի բաժնում ավագ տեսուչ է նշանակվել ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Տաճատ Վարդապետյանի որդին՝ Ասքանազ Վարդապետյանը: Լավ է, իհարկե, որ «սեւերի» զավակներն էլ են կարողանում մեր հեղափոխական ժամանակներում հարկայինի տեսուչի պաշտոնին տեղավորվել: Բայց հարցն այն է, որ Ասքանազ Վարդապետյանն այնքան էլ պատշաճ վարքով չի առանձնանում: 2018 թվականի օգոստոսին նա Կիեւյան փողոցում, իր տնից ոչ հեռու, տաքսու վարորդ էր ծեծել՝ 34-ամյա Արտակ Վարաժյանին, հետո էլ, ինչպես հայտնել էր տաքսու վարորդը, Ասքանազ Վարդապետյանը կոտրել էր խեղճ վարորդի «Opel»-ի հայելիներն ու դուռը: «Ոստիկանների ձեռնարկած գործողությունների շնորհիվ Ա. Վարդապետյանը ներկայացել է ոստիկանության Արաբկիրի բաժին։ Փաստի առթիվ հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում, նշանակվել են ինչպես դատաբժշկական, այնպես էլ դատաապրանքագիտական փորձաքննություններ»,- այն ժամանակ հայտնել էր ոստիկանությունը: Թե ինչ եղավ հետո՝ իրավապահները լռում են: Հավանաբար, վարորդը չի բողոքել, ինչպես սովորաբար լինում է նման դեպքերում»:


«Իրավունք» թերթը գրում է. «Ազգային ժողովում հունիսի 5-ից պետք է մեկնարկի 2019 թ. պետական բյուջեի նախագծի կատարողականի քննարկումները: Որպես կանոն` քննարկումների հենց սկզբում ներածական խոսքով պետք է հանդես գա վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Թե ինչ հերթականությամբ են քննարկելու բյուջեի կատարողականը, ԱԺ խորհուրդն արդեն հաստատել է: Սակայն, ուրբաթը շաբաթից շուտ եկավ, եւ պարզվեց, որ Փաշինյանը վարակվել է կորոնավիրուսով: Այս դեպքում, թե ինչպես են ընթանալու քննարկումները, եւ արդյոք վարչապետի համար բացառություն կանեն, եւ օնլայն տարբերակով նա կմասնակցի քննարկումներին, «Իրավունքի» ունեցած տեղեկություններով, խորհրդարանում դեռ որեւէ մեկը տեղյակ չէ` ոչ աշխատակազմից, ոչ էլ խմբակցությունների ղեկավար կազմից: Մեր աղբյուրի փոխանցմամբ` ՙսպասում են վերեւներից խաբարի»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Իմ քայլում» հարաբերական անդորր է, բոլորը, շունչը պահած, սպասում են, թե իրավապահներն «անհնազանդ» պատգամավորներից ում վրա ինչ դոսյե կհավաքեն․ վերջնաժամկետը հունիսի 15-ն է, հետո պարզ կդառնա՝ ով է վայր դնում մանդատը, ով՝ խելոքացած շարունակում աշխատել։ Ռիսկի գոտում գտնվողները խուսափում են լրագրողների հետ շփվելուց։ Վարդան Աթաբեկյանը, օրինակ, լրիվ ինքնամեկուսացել է՝ բուֆետում անգամ մենակ է սնվում: «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցից հետաքրքրվեցինք՝ կլինե՞ն մանդատից հրաժարվողներ, կազատվե՞ն անհնազանդներից: Նա նախ չհամաձայնեց «անհնազանդ» որակումի հետ, բայց չհերքեց, որ խմբակցությունում պարբերաբար քննարկումներ են ունենում, այդ թվում՝ «կարգապահական» բնույթի։ «Իսկ թե այդ կարգապահական բնույթի քննարկումներն ինչպիսին են, չեմ կարող հանրայնացնել»,- ասաց նա: Փորձեցինք հասկանալ՝ որ պատգամավորը պետք է համարվի ոչ կարգապահ ու հեռանա թիմից, ասենք՝ սեփական կարծիք հայտնելը կամ տարբերվող քվեարկությունը ոչ կարգապա՞հ վարք են։ «Չեմ կարծում, որ այժմ տեղին է նման հարց քննարկելը... Ես չեմ կարող մանրամասնել, բացել փակագծերը, դա իր մեջ շատ տարբեր բաներ է պարունակում, դա մեր ներքին կարգապահական աշխատանքներն են»։ Մակունցն ավելացրեց նաեւ, որ կարգապահական հարցեր քննարկելը դեռ չի նշանակում, որ անկարգապահներ կան, դրանք ընդհանուր աշխատանքներին են վերաբերում»:


«Հրապարակ» թերթը գրում է. «ԼՀԿ պատգամավոր Անի Սամսոնյանի նախկին ամուսնու խարդախության պատմությունը հանրայնացնելուց առաջ երկար ժամանակ նրան շանտաժի են ենթարկել իշխանության ներկայացուցիչները։ Նույնիսկ անուններ են հնչում՝ Ռուբեն Ռուբինյան, Հակոբ Սիմիդյան։ Նրան զգուշացրել են, որ եթե շատ խոսի՝ կհրապարակվի այդ տեղեկությունը: Անի Սամսոնյանը չհերքեց իրեն շանտաժի ենթարկելու լուրը, բայց անուններ չնշեց. «Ես այդ մարդկանց ասել եմ հետեւյալը` ես գիտեմ, որ դա իմ դեմ մի օր կարող եք օգտագործել` հեղինակազրկելու համար: Ես ամեն ինչի պատրաստ եմ»: Ի դեպ, մեր տեղեկություններով, այս պատմության մասին Նիկոլ Փաշինյանի թիմում իմացել են դեռեւս այն ժամանակ, երբ դաշինք էին կազմում ԼՀԿ-ի հետ: Բայց փոխվել են ժամանակները, եւ իշխանությունները, նախկինների պես, քաղաքական ընդդիմախոսներին լռեցնելու կոմպրոմատային ճանապարհն են ընտրել»:


«Ժողովուրդ» թերթը գրում է․ «1991-2018 թվականներին մարդու իրավունքների խախտումների վերհանման եւ բացահայտման նպատակով ստեղծվելիք «Փաստահավաք հանձնաժողով»-ում ՀՀ իշխանությունները մտադիր են ներգրավել բացառապես միայն հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներին:  «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ հանձնաժողովը ունենալու է մոտ 20 անդամ, որոնք չպետք է ունենան քաղաքական, կուսակցական պատկանելիություն եւ լինեն բացարձակապես անկախ, որպեսզի կարողանան, այսպես ասած, հետաքննություն իրականացնել՝ պարզելու համար, թե այդ ժամանակահատվածում մարդու իրավունքներին առնչվող ինչ խախտումներ են կատարվել: Իշխանությունները նաեւ քննարկում են այն հարցը, որ հանձնաժողովում ընդգրկվեն մասնագիտությամբ լրագրողներ, ովքեր կկարողանան հետաքննություն իրականացնել ու փաստաղթղեր գտնել այդ տարիների հետ կապված: Ըստ մեր տեղեկությունների՝ «Փաստահավաք հանձնաժողովի մասին» օրենքի եւ հարակից օրենքների նախագծերը, երբ հասնի Ազգային Ժողով, քննարկվում է տարբերակ, որ այն խորհրդարանում, որպես հարակից զեկուցող, ներկայացնի ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը: Փաստահավաք խմբի աշխատանքները ուղարկվելու են համապատասխան իրավական մարմիններ գործերին ընթացք տալու համար: Իսկ արդեն վերջին փուլում հանձնաժողովի աշխատանքներին իր քաղաքական գնահատականն է տալու խորհրդարանը»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Հունիսի 18-ին Վենետիկի հանձնաժողովը կքննի ՀՀ ՍԴ-ի եւ ՀՀ իշխանությունների` հանրաքվեի չեղարկման, ՍԴ դատավորների պաշտոնավարման ժամկետների մասին 2 առանձին դիմումները։ «Եզրակացությունը կլինի հունիսի 22-ի մերձակայքում. հետաքրքիրն այն է, որ ՍԴ-ն Վենետիկին է դիմել 1 տարի առաջ, իսկ իշխանությունը՝ մոտ 1 ամիս առաջ, փաստորեն, իշխանական դիմումը քննվում է արագ։ Չի բացառվում, որ «բալանսավորված» պատասխան լինի․ սա` ինձ, սա՝ քեզ, սա` Օստապ Իբրահիմովիչին տարբերակով, ինչպես էր ՄԻԵԴ-ի որոշման դեպքում, որից ոչ ոք ոչինչ չհասկացավ»,- ասաց մեր աղբյուրը: Վենետիկի կարծիքը ստանալուց հետո ի՞նչ ժամկետում ՍԴ-ն կկայացնի որոշում։ «Օգոստոսին մոտ»: Կլինի հօգուտ Քոչարյանի՞։ «Պետք է սպասել Վենետիկի խորհրդատվական կարծիքին։ Ինչ վերաբերում է ՄԻԵԴ-ի եզրակացությանը, ապա հիմքեր են տվել, որ ՍԴ-ն վճիռ կայացնի հօգուտ Ռոբերտ Քոչարյանի»: Բայց կկայացնի՞։ «Դժվար է ասել, գուցե ՍԴ-ն ակնկալում էր, որ ՄԻԵԴ-ը հստակ «վճիռ» կկայացնի, ինքը պոստ-ֆակտում այն կարձանագրի, սակայն ՄԻԵԴ-ը, բնականաբար, չէր գնա այդ ճամփով։ Բայց հիմքերը կան, որ ՍԴ-ն կայացնի իր որոշումը։ Ի դեպ, մի նրբություն էլ կա․ ՀՀ ՍԴ հարցադրումները մանյովրային էին` «եթե այսպես, ապա․․․ իսկ եթե» կոնտեքստով, ինչին ՄԻԵԴ-ը պատասխանել է դիվանագիտական նույն մանյովրով»:


«Փաստ» թերթը գրում է. «Արդեն երկրորդ շաբաթն է՝ խորհրդարանը աշխատում է գերծանրաբեռնված ռեժիմով, քանի որ դեռեւս նախորդ քառօրյայից մի քանի տասնյակ հարցեր մնացել են օրակարգում, իսկ ԱԺ Կանոնակարգ օրենքի համաձայն՝ ԱԺ նիստերը պետք է շարունակվեն այնքան՝ մինչեւ օրակարգը վերջնական սպառվի։  Կանխատեսումների համաձայն՝ խորհրդարանը կաշխատի այս շաբաթ եւս, քանզի մի քանի ծավալուն զեկույցներ դեռեւս առկա են օրակարգում (Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի 2019 թվականի գործունեության մասին տարեկան հաղորդումը, ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի գործունեության վերաբերյալ հաղորդումը)։ «Փաստ» թերթի տեղեկություններով՝ ԱԺ յոթերորդ գումարման երկրորդ նստաշրջանի աշխատանքները կշարունակվեն առնվազն մեկ ամիս։ Օրենքով նախատեսված է, որ խորհրդարանն իր աշխատանքներն ավարտում է հունիսի երկրորդ շաբաթվա ընթացքում։ Մեր տեղեկություններով, սակայն, խորհրդարանը ողջ հունիսի ընթացքում կաշխատի, ավելին՝ տեղեկություններ կան նաեւ, որ հուլիսի ընթացքում եւս կգումարվեն արտահերթ նիստեր, հնարավոր է՝ երեքը»:


«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Հունիսի 2-ի թարմացումից հետո Հայաստանում հավաստագրված բոլոր ավիաընկերություններն ավելացվել են Եվրոպական ավիացիոն անվտանգության գործակալության` EASA-ի սեւ ցուցակում: Սա նշանակում է, որ հայկական ավիաընկերություններին կարգելվի թռիչքներ իրականացնել դեպի Եվրոպա: Ի դեպ, թռիչքների այս արգելքը վերաբերում է նաեւ չարթերային թռիչքներին, այսինքն՝ ամռանը որեւէ ավիաընկերություն, եթե գրանցված է Հայաստանում, չի կարողանալու թռչել Հունաստան, Կիպրոս, Բուլղարիա կամ այլ հանգստի վայրեր: Հիշեցնենք, որ ի սկզբանե ժամանակավորապես սահմանափակվել էր թվով 2 ավիաընկերությունների՝ դեպի Եվրոպա չվերթեր իրականացնելու իրավունքը՝ հնարավորություն տալով ավիաընկերություններին տրամադրելու անվտանգության մակարդակը հավաստող լրացուցիչ ապացույցներ: Սակայն, ինչպես պարզ դարձավ երեկվա հայտարարությունից, ըստ էության, աշխատանքները պատշաճ չեն կատարվել, որի հետեւանքով էլ մեր ավիաընկերությունները հայտնվեցին սեւ ցուցակում:


Ի վերջո, ո՞րն է այս իրավիճակի խորքային պատճառը, ինչո՞ւ հասանք այս օրվան, ո՞վ կամ ովքե՞ր են ոլորտի պատասխանատուները, եւ ի՞նչ հետեւանքներ կարող են լինել: Այս հարցերի շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է Քաղավիացիայի վարչության նախկին պետ Շահեն Պետրոսյանի հետ: «Խախտումները վերաբերել են թռիչքային անվտանգությանը, եւ դա վաղուց է գալիս՝ դեռ Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի ժամանակներից», – նկատեց նա: Պետրոսյանի խոսքով՝ վաղուց զգուշացված է եղել այս ամենի մասին, եւ սրանք «ֆեյք» ավիաընկերություններ են: «Տաթեւիկ Ռեւազյանը չի տիրապետել, թե անցյալում ինչ է տեղի ունեցել, եւ չի վերահսկել: Իր մեղքը միայն դա է: Իրականում իրավապահ մարմինների գործն է՝ ինչպես են այս ավիաընկերությունները գրանցվել ու գործել»: Փաստորեն ի՞նչ է ստացվում. քանի որ հայկական ավիափոխադրողները զրկվել են Եվրոպա թռչելու հնարավորությունից, եվրոպացիներն իրենց ավիաընկերություններն են բերում Հայաստան՝ առայժմ «Վիզ Էյր» եւ «Ռյան Էյր» լոուքոսթ ավիաընկերությունների «դեմքով»: Իսկ դա, ինչպես բարձրաձայնում են մասնագետները, նշանակում է հայկական ավիաշուկայի ոչնչացում: Եվրոպացիներն են վերցրել հայկական շուկան ու տնօրինում, ու հայտնի չէ, թե մենք երբեւէ կունենանք ազգային փոխադրող, թե ոչ»:


«Փաստ» օրաթերթը գրում է. «Երբ տեւական ժամանակ մասնագետները ահազանգում էին Հայաստանի ավիացիայի ոլորտում տիրող խայտառակ վիճակի մասին, իշխանությունները ջանք ու եռանդ չէին խնայում հերքելու այդ ամենը: Ավելին, խնդիրների մասին բարձրաձայնողներին ֆեյքերով, սատելիտներով, հնարավոր ու անհնար բոլոր միջոցներով անվանարկում էին, իսկ վարչապետի՝ այդ գծով խորհրդականը նույնիսկ հրաժարական ներկայացրեց՝ բարձրաձայնելով առկա խնդիրների մասին: Եվ ահա, երեկ Եվրոպական հանձնաժողովը, թարմացնելով ԵՄ օդային անվտանգության ցուցակի ավիաընկերությունների ցանկը, որոնք ենթակա են գործողության արգելքի կամ գործողության սահմանափակումների Եվրամիության ներսում, Հայաստանը ներառել է ԵՄ տարածքում չվերթների արգելքի տակ ընկած երկրների շարքում: Նման որոշում կայացվել է համապատասխան ստուգումների արդյունքում: Ի դեպ, ուշագրավ է համապատասխան հանձնակատարի գնահատականը. «Հայաստանյան փոխադրողներին այս ցանկ ներառելու որոշումը հիմնված է անանուն կարծիքի վրա, որը ներկայացրել է Օդային անվտանգության կոմիտեն»: Ավիացիայի փորձագետներից մեկը, որը չցանկացավ ներկայանալ, «Փաստի» հետ զրույցում նշեց, որ այս թարմացումը ցավալի է, սակայն դժվար է անսպասելի կամ անակնկալ համարել: «Սա վերջին երկու տարվա խայտառակ գործունեության, ավելին՝ անգործության հետեւանքն է, որի արդյունքները կարող են շատ ծանր լինել: Հաջորդ «սերիան» լինելու է այն, որ եվրոպական ավիաընկերությունները զբաղեցնելու են թափուր տեղերը, իսկ դա նշանակում է Հայաստանի ավիացիայի կործանում: Պատճառաբանություններն ու «կրուտիտներն» այլեւս անիմաստ են: Հիմա գնդակը իշխանությունների դաշտում է, թե ինչպես կկարողանան այսուհետեւ աշխատել Եվրահանձնաժողովի հետ՝ իրավիճակը հնարավորինս շտկելու համար, թեպետ դա չափազանց դժվար է լինելու»,-ասաց նա»:


«Փաստ» թերթը գրում է. «Ինչպես հայտնի է, դատաիրավական ոլորտում նախատեսված փոփոխությունները վերջին շրջանում նոր զարգացումներ են ապրում։ Օրերս, պայմանավորված երկրում ստեղծված համաճարակային իրավիճակով, իշխանությունները ձեռնամուխ են եղել ՀՀ Սահմանադրական դատարանի յոթ դատավորներից ազատվելու եւ նրանց յուրայիններով փոխարինելու՝ իրենց համար կենաց-մահու խնդիր դարձած հարցի՝ խորհրդարանական եղանակով կարգավորմանը։ Մինչ այդ դիմել են Վենետիկի հանձնաժողով, որպեսզի վերջինս իր մասնագիտական ու հեղինակավոր կարծիքը ներկայացնի «ՀՀ Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված ճգնաժամի հանգուցալուծման վերաբերյալ»։ «Փաստ» թերթի աղբյուրների փոխանցմամբ, նախնական տեղեկություններ կան, որ Վենետիկի հանձնաժողովի պատասխանը կարող է ստացվել միայն հունիսի կեսերին. հենց այդքան ժամանակ ունեն իշխանություններն իրենց հետագա գործողությունների պլանը կարգավորելու եւ անելիքները հստակեցնելու համար: Ըստ այդմ, ներկայումս իշխանությունները ձեռնամուխ են եղել թեմայի հետ կապված բոլոր իրավակարգավորումներում վերջնական հստակեցում մտցնելուն։ Ներկա փուլում փորձում են անհրաժեշտ ողջ գործիքակազմը պատրաստել, որպեսզի Վենետիկի հանձնաժողովի պատասխանից հետո ժամանակ չկորցնեն։ Թեպետ, շատ մասնագետներ տարակուսում են, որ եզրակացությանը չսպասելով՝ իշխանություններն արդեն առաջին ընթերցմամբ «անցկացրեցին» հանրաքվեն չեղարկելու հնարավորության մասին նախագիծը, ապա եւ քննարկեցին երկրորդ ընթերցմամբ»:


«Ժամանակ» թերթը գրում է. «Հայաստանի կառավարությունը պատրաստվում է փոփոխություն կատարել «Գովազդի մասին» օրենքում: Գործող օրենքն արգելում է տեղեկատվության էլեկտրոնային միջոցներով ալկոհոլային խմիչքների գովազդը՝ «բացառությամբ տեղական արտադրության կոնյակի»: Կառավարությունն առաջարկում է հանել այս բացառությունը, քանի որ դրանով ոչ հավասար մրցակցային պայմաններ են ստեղծվում Հայաստանից դուրս արտադրված և Հայաստանում վաճառվող կոնյակի համար»:


«Ժամանակ» թերթը գրում է. «Խորհրդարանի վավերացմանն է ներկայացվել «Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների աշխատողների կենսաթոշակային ապահովության մասին» համաձայնագիրը, որը ստորագրվել է 2019 թվականի դեկտեմբերի 20-ին Սանկտ Պետերբուրգում: Ըստ գործող կարգի՝ ԱՊՀ անդամ երկրի քաղաքացու աշխատանքային ստաժը թոշակավորման ժամանակ հաշվվում էր՝ անկախ այն հանգամանքից, թե ԱՊՀ անդամ որ երկրում էր այն ձեռք բերվել: Հայաստանի քաղաքացիները օգտվելով այդ հանգամանքից՝ թոշակի էին անցնում Ռուսաստանում, քանի որ Հայաստանում ունեցած աշխատանքային ստաժը ընդունվում էր Ռուսաստանում, որտեղ կենսաթոշակը անհամեմատ ավելի բարձր էր: Նոր համաձայնագրով «ձեռք բերված աշխատանքային ստաժի համար կենսաթոշակը նշանակում և վճարում է այն անդամ պետությունը, որի տարածքում ձեռք է բերվել ստաժը»: Այսպիսով, Հայաստանում ձեռք բերված աշխատանքային ստաժը այլևս Ռուսաստանում չի հաշվվելու և հակառակը»: