24.11.2024
Մամուլ. Աննա Հակոբյանն ու Հրաչյա Հակոբյանը դատի են տվել Միքայել Մինասյանին
prev Նախորդ նորություն

Անգործ ենք, մինչև սեպտեմբեր հույս չկա աշխատելու, պետությունն էլ անտեսում է. Առուստամյան

Կորոնավիրուսից տուժել են բոլոր ոլորտներն առանց բացառության, ամենից մեծ հարվածը բաժին է հասել զբոսաշրջությանն ու սպասարկման ոլորտին: Ռեստորանները, սրճարաններն ու ակումբներն այս ամիսներին չեն աշխատել, այսօր էլ աշխատում են խիստ սահմանափակումներով, ինչի արդյունքում տուժում են նաև այն արտիստները, որոնք համերգային ծրագրերով հանդես էին գալիս տարբեր ակումբներում և ամենօրյա ռեժիմով աշխատում ռեստորաններում: Իհարկե, հանրության շրջանում կարծիք կա ձևավորված, թե արտիստները, առհասարակ՝ շոու-բիզնեսի ներկայացուցիչները որևէ խնդիր չունեն, բայց իրականում դա այդպես չէ՝ երեք ամիս է նրանք նույն խնդիրներին են բախվում, ինչ բոլորը:

VERELQ-ի հետ զրույցում սիրված «The Band»-ի մենակատար Կարինա Առուստամյանը պատմեց, որ կարանտինը շատ ծանր փորձություն էր իրենց համար, ու, թերևս, ամենաշատը տուժել է իրենց ոլորտը.

- Սկզբից, բնականաբար, բոլորս կարանտինի մեջ էինք պատասխանատվության զգացումից ելնելով, հետո, երբ սահմանափակումներն աստիճանաբար սկսեցին մեղմացնել, փորձեցինք ամեն ինչ անել, որպեսզի ինչ-որ չափով վերադառնանք մեր աշխատանքի բնականոն ռիթմին, սակայն ոչ մի բան չստացվեց: Ինչպես հայտնի է, բոլոր տեսակի միջոցառումներն արգելվում են, որևէ մեկը պատրաստ չէ միջոցառում անցկացնել, քանի որ կա տուգանվելու վտանգը: Բնականաբար, արգելված է մարդկանց պարելը պարահրապարակներում և ինչքան էլ մենք փորձեցինք խիստ պահել օրենքները՝ պարտադիր դիմակներ, սեղանները իրարից նշված հեռավորության վրա, պարահրապարակ մարդկանց չթողնել և այլն, ոչինչ չստացվեց: Արդեն երրորդ ամիսն է մենք անգործ ենք, հունիսին ընդհանրապես հույս չկա աշխատելու, հուլիսն էլ մեծ հարցականի տակ է, որովհետև եթե այսպես շարունակվի, դժվար մենք մինչև սեպտեմբեր աշխատանք ունենանք…

- Պետության կողմից աջակցություն ստացե՞լ եք:

- Ոչ մի աջակցություն, մեզ լրիվ մոռացել են: Բացի այդ, շատ տարածքներ, որտեղ մենք երգում էինք, առանց այցելուների չեն կարող գոյատևել ու դրանք էլ փակվում են: Անգամ բացօթյա ռեստորանները չկարողացան աշխատել, որովհետև մարդիկ բողոքում էին, թե միջոցառում է և այլն: Ստացվում է, որ և՛ մարդիկ են դեմ, և՛ պարետի որոշումը թույլ չի տալիս վերադառնալ աշխատանքի անգամ կանոնների պահպանմամբ: Մյուս կողմից էլ, կորոնավիրուսի այս լայն տարածումն է, և ես իսկապես չգիտեմ, թե այս ամենի վերջը ինչ է լինելու:

- Որևէ ծրագրով փաստացի աջակցություն կառավարության կողմից չե՞ք ստացել:

- Ոչ, որովհետև շատ կետեր են սահմանված, որոնց չենք համապատասխանում: Ու խոսքը միայն իմ մասին չէ, այլ շատ իմ գործընկերների: Մեկը իր կազմակերպությունը գրանցել է ուշ, մյուսը գրանցել է շուտ, բայց այլ խնդիր կա՝ կան խմբեր, որոնք գրանցված են երկու-երեք տարի, բայց միևնույն է աջակցություն չստացան: Փաստացի այսօր երաժիշտները, որոնց այլ պայմաններում պետությունը միշտ հպարտությամբ է մատնանշում որպես ժամանակակից մշակույթի կարևոր բաղադրիչ, ամբողջովին անտեսված են ու երաժիշտների 90 տոկոսը այսօր անգործ են ու մտածում են այլ մասնագիտությունների մասին, որպեսզի տարրական օրվա հացի փող վաստակեն:

- Ինչպիսի՞ն է ելքը ստեղծված իրավիճակից, արդյոք չեք պատրաստվում բարձրաձայնել ձեր ոլորտի խնդիրների մասին և պետական աջակցություն պահանջել:

- Ես հույս ունեի, որ մեզ էլ հերթ կհասնի և մեր մասին էլ պետությունը հոգ կտանի, մանավանդ երբ շատ ոլորտների ներկայացուցիչներ քիչ, թե շատ, բայց աջակցություն ստացան: Ի վերջո, մենք լինելով միկրո բիզնես, բայց միշտ վճարումներ ենք կատարել, գործել օրենքի դաշտում: Իսկ այսօր անօգնական վիճակում ենք: Կարծում եմ, գուցե պետք է գործընկերներով հավաքվենք ու դիմենք պետությանը, գուցե նաև պահանջենք, որ մեր ձայնը ի վերջո լսվի: Թեև, բնականաբար, կառավարությունը շատ լավ տեղյակ է, թե ինչ խնդիրներ ունեն մեր ոլորտի ներկայացուցիչները, ուղղակի անտեսում են կամ դեռ մեր հերթը չի հասել… հուսամ:
Եթե ինչ-որ մեկը սև օրվա համար խնայողություններ ուներ, ապա դրանք էլ արդեն վերջացել են, իսկ ինչպե՞ս հետո ապրել:

- Դուք նշեցիք, որ գուցե գործընկերներով դիմեք: Արդեն քննարկե՞լ եք այս հարցը:

- Դեռ չեմ քննարկել, բայց միանշանակ վստահ եմ, որ եթե ես ձեռնարկեմ ինչ-որ բան այս ուղղությամբ, ապա շատերը կմիանան: Եվ ես լուրջ այդ ուղղությամբ մտածում եմ, որովհետև չեմ պատկերացնում, թե ինչքան պետք է դեռ այսպես լուռ նստենք ու ինչ է լինելու այս ամենի վերջը: Բոլորին հետաքրքրում է նույն հարցը՝ ինչպե՞ս են պահելու իրենց ընտանիքը, ունենալով հազար ու մի պարտադիր ծախսեր, բայց չունենալով աշխատանք ու եկամուտ: Այնպես որ միացողներ շատ կլինեն, ուղղակի պետք է ճիշտ կազմակերպել, հույս ունենալով, որ մեր ձայնը լսելի կդառնա:

Լիա Խոջոյան