24.11.2024
Անգործ ենք, մինչև սեպտեմբեր հույս չկա աշխատելու, պետությունն էլ անտեսում է. Առուստամյան
prev Նախորդ նորություն

Չորս ամսվա ընթացքում 12.000 աշխատող է ազատվել աշխատանքից. ՊԵԿ փոխնախագահ

ՊԵԿ փոխնախագահ Արթուր Մանուկյանը, այսօր՝ հունիսի 3-ին, տեղի ունեցած ասուլիսի ժամանակ հայտնեց, որ տարսկզբից մինչև ապրիլ ամսվա վերջ ընդամենը 12.000 աշխատող է ազատվել աշխատանքից:


«Աշխատողների քանակն այդքանով է պակասել, որը շատ մեծ թիվ չէ, սակայն ավելի մեծ տոկոս են այն աշխատողների թիվը, որոնք կան, բայց փաստացի աշխատավարձ չեն ստացել», - ասաց նա՝ չներկյացնելով տվյալներ աշխատանքից դե-յուրե չազատված, բայց փաստացի աշխատավարձ չստացած քաղաքացիների մասին:


ՊԵԿ-ից, սակայն «Հետք»-ին հայտնել են տվյալներ ապրիլ ամսին Գրանցված աշխատավարձ ստացողների թիվի մասին: «Ըստ ՊԵԿ-ի՝ 2020 թվականի հունվարին գրանցված աշխատողների քանակը, որոնք աշխատավարձ են ստացել և եկամտային հարկ վճարել, կազմել է 604 740, փետրվարին՝ 619 001, մարտին՝ 621 544, ապրիլին, ինչպես նշեցինք՝ 547 185: Այսպիսով, ապրիլին, մարտի համեմատ, գրանցված աշխատավարձ ստացողների թիվը կրճատվել է 74 359-ով կամ մոտ 12%-ով», - հայտնում է պարբերականը։


Այս տարվա 4 ամիսների ընթացքում կրճատվել է նաև առևտրի շրջանառությունը և տնտեսության ծավալն առհասարակ: Դրա մասին է վկայում ՀԴՄ-ներով արտացոլված շրջանառությունը, որը ՊԵԿ փոխնախագահ Արթուր Մանուկյանի խոսքով, նախորդ տարվա 4 ամիսների համեմատության 20 տոկոսով նվազել է:


«Հունվար-փետրվար ամիսների ցուցանիշով ՀԴՄ-ներով շրջանառությունը նախորդ տարվա համեմատ աճ ուներ, բայց 4 ամսվա կտրվածով արդեն նվազել է», - նկատեց նա:


Մանուկյանը հիշեցրեց կառավարության հակաճգնաժամային միջոցառումների մասին՝ մասնավորախես նշելով 5-րդ, 10-րդ և 18-րդ ծրագրերը, որոնք նախատեսված են ձեռնարկությունների համար, որպեսզի վերջիններս կարողանան իրենց աշխատողներին վճարել:


«Կառավարության 5-րդ ծրագրի շահառուներն են եղել 14.964 ձեռնարկություն, որոնց ընդհանուր առմամբ վճարվել է 2,2 միլիարդ դրամ: Ըստ մեր գնահատականների, ձեռնարկությունները, որոնք դարձան այս ծրագրի շահառուները, կարող էին վճարել յուրաքանչյուր հինգերորդ աշխատողի ամբողջ աշխատավարձը»,-ասաց ՊԵԿ փոխախագահը՝ հիշեցնելով, որ այդ 3 ծրագրերի շահառուներ են դառնում այն ձեռնարկությունները, որոնք կարանտինի ժամանակ աշխատանքից չեն հեռացրել աշխատողներին:


Տնտեսվարողներին ուղղված աջակցության ծրագրերի արդյունավետությունը, ըստ ֆինանսների նախկին նախարար Վարդան Արամայնի, այդքան էլ բարձր չէ: «Շուրջ 1,2 հազար ընկերություն է օգտվել այդ ծրագրերից, որն ակտիվ գործունեություն ծավալող ընկերությունների 5-6 տոկոսն է: Այս թվից կարելի է հասկանալ որքանով են այդ ծրագրերը գրավիչ ու հարմար ճգնաժամում հայտնված ընկերությունների համար: Իսկ այդ ընկրությունների թիվը շատ մեծ է», - նկատում է նա:


VERELQ-ը գրել էր, որ Հայաստանում ապրիլ ամսին տնտեսական ակտիվության ցուցանիշը շեշտակի՝ -17,2 տոկոս անկում գրանցել: Ապրիլ ամսին տնտեսական ակտիվության ցուցանիշի նման շեշտակի անկումը շատերի համար սպասելի էր, քանի որ մարտ-ապրիլ ամիսներին ՀՀ-ում կորոնվիրուսի համավարակի տարածման կանխարգելման նպատակով մտցված արտակարգ դրության շրջանակում կիրառվեցին մի շարք սահմանափակումներ: Տնտեսության բազմաթիվ ոլորտներ ուղղակի կանգ էին առել:


Այպիսով, համաձայն պաշտոնական տվյալների, ապրիլ ամսին շինարարության ոլորտը կրճատվել է 51%-ով, առևտրի շրջանառությունը՝ 33%-ով, իսկ ծառայությունների ծավալը՝ 16%-ով: Երկնիշ թվերով կրճատվել է նաև արտաքին առևտրաշրջանառությունը. արտահանումը՝ 30%, իսկ ներմուծումը՝ 27,4%: Նույն ժամանակահատվածում արդյունաբերական արտադրանքի ծավալը կրճատվել է 8,6%-ով:


Հատկանշական է, որ տնտեսության գրեթե տոտալ անկման պայմաններում ապրիլ ամսին աճ են գրանցել աշխատավարձները: Պետական հատվածում աճը կազմել է 5,1%, իսկ ոչ պետական հատվածում՝ 12,8%: