24.11.2024
Չորս ամսվա ընթացքում 12.000 աշխատող է ազատվել աշխատանքից. ՊԵԿ փոխնախագահ
prev Նախորդ նորություն

Մամուլ. Միքայել Մինասյանը իր աներոջ «մարդուն» փորձում է ներկայացնել որպես Փաշինյանի ընկեր

VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:


«Ժամանակ» թերթը գրում է. «Հետախուզման մեջ գտնվող Միքայել Մինասյանն իր վերջին հոլովակում խոսում էր վարչապետ Փաշինյանի հետ կապված մի նոր սկանդալի մասին։ Ըստ Սերժ Սարգսյանի փեսայի՝ Նիկոլ Փաշինյանն ու ոմն Դավիթ Գալստյան ներգրավված են զենքի միջազգային առևտրում։ Մինասյանի նկարագրմամբ՝ Նիկոլ Փաշինյանը իր նոր ընկերոջ՝ ոմն Դավիթ Գալստյանի՝ Պատրոն Դավիթի հետ մտածում և իրականացնում է մի սխեմա, որով ՀՀ ՊՆ-ի միջոցով լիազորում է Դավիթ Գալստյանին և տալիս է արտոնություն, որ նա ՀՀ-ի անունից պատվիրի զենք։ Այս պատմության մեջ ուշագրավն այն է, որ հայտնի փեսան «ոմն Դավիթ Գալստյանին» փորձում է ներկայացնել որպես Նիկոլ Փաշինյանի ընկեր։ Սակայն նույն Դավիթ Գալստյանը եղել է հենց Սերժ Սարգսյանի մարդը, մտերիմը։ Բացի Սերժ Սարգսյանից, Գալստյանը շատ մտերիմ է եղել նաև Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետ Վաչագան Ղազարյանի՝ Սերժի Վաչոյի հետ»։


«Հրապարակ» թերթը գրում է. «Գործադիրում վերջին օրերին քննարկվում է Պետական վերահսկողական ծառայության պետ նշանակելու հարցը: Այդ պաշտոնը զբաղեցնում էր Արգիշտի Քյարամյանը, ում Նիկոլ Փաշինյանն անցած ամիս գործուղեց ԱԱԾ՝ որպես փոխտնօրեն: Դավիթ Սանասարյանի լիազորությունները հայտնի քրեական գործի պատճառով դադարեցնելուց հետո Քյարամյանը նախ նշանակվեց ՊՎԾ պետի տեղակալ, ապա՝ պետի ժամանակավոր պաշտոնակատար: Քանի դեռ դատարանը որոշում չունի Սանասարյանի գործով, եւ նա փաստացի ազատված չէ այդ պաշտոնից, կառույցում, ըստ ամենայնի, նոր պետ չի նշանակվի: Բայց վարչապետը մտադիր է այս կառույց գործուղել վստահելի մարդու՝ պետի ժամանակավոր պաշտոնակատարի գործառույթներով օժտելով նրան: Մեր աղբյուրների փոխանցմամբ, ՊՎԾ պետի տեղապահի պաշտոնում քննարկվել է «Իմ քայլի» պատգամավոր, ՔՊ հիմնադիրներից Տիգրան Ուլիխանյանի թեկնածությունը, ով մինչեւ պատգամավոր դառնալն այս կառույցում պետի տեղակալ էր աշխատում: «Ինձ նման առաջարկ չի եղել, ես հիշում եմ, որ անցած տարի էլ այդպիսի լուր պտտվեց, բայց ես նման տեղեկություն չունեմ, որովհետեւ դա այնպիսի պաշտոն է, որ ուղղակի վարչապետի որոշմամբ է նշանակվում: Ես անձամբ վարչապետի որոշման մասին տեղեկություն չունեմ»,- ասաց Ուլիխանյանը: Նկատենք, որ մեծ թվով թափուր պաշտոններ կան, որտեղ ամիսներով նշանակումներ չեն արվում։ Թափուր են շրջակա միջավայրի նախարարի, քաղաքաշինության կոմիտեի նախագահի, 6 բուհի ռեկտորների եւ այլ պաշտոններ»:


«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտի պետ Արթուր Աղաջանյանի՝ աշխատանքից ազատման շուրջ կրքերը չեն դադարում, եւ «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի է դարձել այս ազատման նախապատմությունը: Նախ նկատենք, որ Աղաջանյանն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել մայիսի 12-ին, սակայն պաշտոնապես այդ մասին հայտնի դարձավ միայն մայիսի 19-ին: Եվ ուշագրավն այն է, որ նա ազատման դիմում ներկայացրեց Պետական վերահսկողական ծառայության ղեկավարի նախկին պաշտոնակատար Արգիշտի Քյարամյանի՝ ԱԱԾ տնօրենի պաշտոնում նշանակվելուց հետո: Բանն այն է, որ ԱԱԾ-ից մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ իրականում Արթուր Աղաջանյանը եւ Արգիշտի Քյարամյանը նաեւ անձնական կոնֆլիկտ են ունեցել, երբ վերջինս դեռ աշխատել է ՊՎԾ-ում, եւ, ըստ էության, Աղաջանյանը չի ցանկացել այդ կառույցում աշխատել Քյարամյանի հետ: Բացի այդ, հենց այդ օրերին պարզ դարձավ, որ խոշոր չափի կաշառք վերցնելու համար մեղադրվող ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի որդին՝ Գուրգեն Խաչատրյանը, թաքնվում է իրապահներից, եւ մինչ օրս նրան չեն կարողանում գտնել: Եվ Աղաջանյանի հեռանալը եւս կապված է նաեւ Գագիկ Խաչատրյանի որդու հետախուզման հետ: Այսպես ասած, Խաչատրյանի հեռանալը փորձում են կոտրել Աղաջանյանի վրա»:


«Ժամանակ» թերթը գրում է. «Երևանի քաղաքապետարանը ի գիտություն է ընդունել Գրիշա Վիրաբյանի՝ հունիսի 15-ին Ազատության հրապարակում հանրահավաք, իսկ այնուհետև Հյուսիսային պողոտայով դեպի Հանրապետության հրապարակ երթ անցկացնելու ցանկությունը: Քաղաքապետի լիազոր ներկայացուցիչ Վարդանյանը հայտնել է, որ արտակարգ դրության ռեժիմի երկարաձգման դեպքում հանրահավաքի կազմակերպիչը պարտավոր է ապահովել արտակարգ դրության ռեժիմի պահանջները»:


«Փաստ» թերթը գրում է. «Փաստ» թերթի տեղեկություններով, կառավարությունում լուրջ քննարկումներ են ընթանում՝ կապված ազգային գաղափարախոսության հայեցակարգի մշակման հետ։ Մեր աղբյուրը փոխանցում է, որ վարչապետի աշխատակազմը լայն թափով նախապատրաստում է նախնական փաթեթ, որը, սակայն, դեռեւս ամբողջացված չէ եւ առայժմ պատրաստ չէ հանրային լայն շրջանակների քննարկմանը ներկայացնելու համար: Ներկա փուլում հայեցակարգի հետ կապված աշխատանքները մասնակիորեն դադարել են՝ պայմանավորված համաճարակային իրավիճակով, իսկ մինչ այդ բավականին խորքային գործընթացներ ու քննարկումներ են եղել։ Նախագծի վրա մի շարք անվանի գիտնականներ ու փորձագետներ են աշխատել, եւ առաջիկայում նույնպես մի քանի փակ ձեւաչափով հանդիպումներ եւս նախատեսվում են։ Մեր ունեցած տեղեկության համաձայն, այս հարցում բավական լուրջ վերապահումներ ունեն որոշ հայտնի շրջանակներ, այդ թվում՝ առաջին նախագահի թիմի ոչ քիչ ներկայացուցիչներ»։


«Փաստ» օրաթերթը գրում է. «Վերջին մեկ շաբաթվա ընթացքում ՀՀ ողջ տարածքում արձանագրվում է կորոնավիրուսով վարակված քաղաքացիների թվի աննախադեպ աճ: Ցավոք, գնալով շատանում են նաեւ մահվան դեպքերը։ Երեկվա դրությամբ 1 մլն բնակչին ընկնող ցուցանիշով Հայաստանը 251 երկրների մեջ 28-րդ տեղում էր: Այն, որ իրականում բավականին լուրջ ու անվերահսկելի համաճարակային իրավիճակ է տիրում մեր երկրում, խոստովանում են նաեւ իշխանությունները։ Երեկ էլ հայտարարվեց, որ նոր խստացումներ են սահմանվում դիմակի կրման հարցում, այսինք՝ դիմակ կրելու ենք միշտ, ամենուր, մեր տանից բացի: Ավելին, պարետ Տիգրան Ավինյանը հերթական անգամ ակնարկեց, որ նոր, ավելի կոշտ սահմանափակումները, այդ թվում՝ պարետային ժամը, հնարավոր են՝ որպես ծայրահեղ գործիքակազմ: «Փաստ» թերթի տեղեկություններով , այս հարցը կառավարությունում գրեթե ամենօրյա ռեժիմով քննարկվում է, սակայն կարծիքները խիստ տարբեր են: Մեր աղբյուրի փոխանցմամբ, մանրամասն ուսումնասիրվում է, թե ինչ տնտեսական ռիսկերի ու ֆինանսական ծառնաբեռնվածության հետ կարող ենք գործ ունենալ՝ նոր տոտալ սահմանափակումների պարագայում։ Ընդ որում, խոսքը միայն առանձին կառույցների գործունեության կասեցման մասին չէ, այլ շատ ավելի խիստ սահմանափակումների, այդ թվում՝ հասարակական տրանսպորտի եւ այլն: Այնպես որ, չի բացառվում, որ մինչեւ շաբաթվա վերջ հայտարարվի նման միջոցառումների մասին: Ի դեպ, ուշագրավ է, որ վարչապետի երեկվա լայվերի ներքո իշխանական ֆեյք էջերը պարբերաբար կոչ էին անում «փակել», ընդ որում՝ 10 օրով: Նման գրառումները, այն էլ՝ վարչապետի էջում, հազիվ թե կարող են ինքնագործունեություն լինել»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Ինքներս էլ չենք հասկանում, թե ինչու է թոքաբորբ տանողների քանակն այսպես բազմապատկվում՝ հրապարակված 400-ից ավելի թվի 20 տոկոսը ծանր թոքաբորբով տառապողներն են։ Ահավոր է` մահճակալները կատաստրոֆիկ չեն հերիքում, պատկան մարմիններն էլ չեն ուզում նոր հիվանդանոցներ բացել՝ ծանրությունը գցեցին առաջնային օղակների՝ պոլիկլինիկաների վրա, պոլիկլինիկաներն էլ ոչ միայն սովոր չեն այդ ծանրաբեռնվածությանը, նաեւ ինֆեկցիոն մասնագիտացված մասնագետների խնդիր կա, դրա համար են թոքաբորբերն այսպես շատացել. առաջնային օգնության խնդիրն է»,- ասաց ոլորտի պատասխանատուն: Իսկ ինչո՞ւ չեն գործարկում Մարզահամալիրը, առանձնացրին` հենց սկզբից, «կահավորեցին», ժողովրդին հոգեբանական շոկի ենթարկեցին ու չօգտագործեցին՝ ո՞րն է խնդիրը։ «Մարզահամալիրն առանձին «դեպք» է` այդքան մահճակալ են դրել, այդքան գումար են ծախսել, բայց այն չի կարող խնդրի լուծմանը ծառայել՝ այդքան հիվանդին պետք է սպասարկել, չէ՞, սկսած բուժսարքավորում-դեղորայքից, մինչեւ կենցաղային-կենսական կարեւոր խնդիրներ` կերակրել, զուգարան, լվացվել` ընդհուպ մինչեւ հեռախոսի լիցքավորում։ Այդ ամենի հնարավորությունը մարզահամալիրում չկա։ Հիմա հո 1920 թիվը չէ՞, որ Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակների տրամաբանության լազարեթ ունենաս։ Եթե մասնավոր կլինիկաներն էլ միանային, այդքան մահճակալային ֆոնդ կարող էին ապահովել, փաստորեն, այդ ակցիան էլ անհասկանալի մնաց։ Իսկ, առհասարակ՝ պետությունը փող է խնայում, չի ուզում բուժման վրա փող ծախսել, որ հետո տնտեսության մեջ դնի՝ ասֆալտ անի, մարդկանց ցույց տա, որ աշխատում է։ Մարդու կյանքն ավելի անարժեք է մեր երկրում, քան իշխանությունների իմիջը»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Ապրիլյան քննիչ հանձնաժողովի գործունեությունը մոտեցավ վերջնաժամկետին։ Այսօր տեսակապով կլսեն Արցախի նախկին նախագահ Բակո Սահակյանին: Աշխատանքը կազմակերպել են հեռավար: Ուշագրավ է, որ վերջինիս լսելու հարցում հանձնաժողովը տեւական ժամանակ չէր կողմնորոշվում, ի վերջո, եկել են եզրահանգման, որ լրացուցիչ ինֆորմացիան չի խանգարի, եւ քանի որ այսօր լրանում է հանձնաժողովի գործունեության ժամկետը, որպեսզի հանդիպման գրաֆիկը հարմարեցնելու դժվարություններ չունենան, նախապատվությունը տվել են տեսակապին: Բակո Սահակյանն այս հանձնաժողովի վերջին «հյուրը» կլինի, դրանից հետո կանցնեն, այսպես կոչված, խորհրդակցական սենյակ, ամռան ամիսներին կկազմեն զեկույցը, որպեսզի աշնանը հաշվետվություն ներկայացնեն խորհրդարանին»:


«Ժամանակ» թերթը գրում է. «Հաշվեքննիչ պալատը խորհրդարան է ներկայացրել 2019թ. գործունեության հաշվետվությունը: Ըստ հաշվետվության՝ 2019թ. Հաշվեքննիչ պալատի կողմից իրավապահ մարմիններին է ուղարկվել 24 գործ, որոնցից 21-ը՝ դատախազություն, մեկը՝ Ազգային անվտանգության ծառայություն, մեկը՝ Հատուկ քննչական ծառայություն և ևս մեկը՝ Պետական վերահսկողական ծառայություն: Այս նյութերով հարուցված քրեական գործերով հաշվարկված վնասի չափը կազմում է 2,4 մլրդ դրամ»:


«Ժողովուրդ» թերթը գրում է․ «ՀՀ քաղավիացիայի կոմիտեի շուրջ կրքերը չեն դադարում: Ըստ մասնագետների տարբեր հաշվարկների՝ Եվրամիության (ԵՄ) ավիացիոն «սեւ ցուցակից» դուրս գալու համար Հայաստանից առնվազն երկուսուկես տարի կպահանջվի: Ինչպես հայտնի է, հրապարակված որոշմամբ Եվրահանձնաժողովը Հայաստանում գրանցված բոլոր 7 ավիաընկերություններին ընդգրկել է Եվրամիության (ԵՄ) սեւ ցուցակում` զրկելով նրանց դեպի Եվրոպա թռիչքների հնարավորությունից։ Այդ ավիաընկերությունները, ըստ Եվրահանձնաժողովի, չեն համապատասխանում օդային անվտանգության միջազգային չափանիշներին։ Քաղավիացիայի ոլորտում ստեղծված իրավիճակը երեկ պատասխանատուների հետ քննարկել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նա նշել է, որ Քաղավիացիայի կոմիտեն պետք է սեղմ ժամկետում մշակի մինչեւ 2022 թվականի նոյեմբերը հետագա քայլերի ճանապարհային քարտեզ եւ ժամանակացույց: Ավելին, ՀՀ դատախազությունում կոմիտեի պաշտոնյաներին առնչվող երկու քրեական գործ է առկա։ Ըստ դրանցից առաջինի` կոմիտեի որոշ պաշտոնյաներ իրենց դիրքն օգտագործել են ծառայության շահերին հակառակ՝ պետությանը առանձնապես խոշոր չափի վնաս պատճառելով, իսկ մյուս քրեական գործը 2016-ից 2019 թվականների ընթացքում պաշտոնական փաստաթղթերում կեղծիք կատարելուն է առնչվում, սակայն այս մասով դեռ նորությունեներ չկան: Հստակ է, որ առաջիկա երկուսուկես տարում հայկական ավիաընկերությունները պետք է մոռանան դեպի Եվրոպա թռիչքների մասին»:


«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Պաշտոնական տվյալներով՝ Հայաստանի սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը կազմել է 1.2 տոկոս, փոխարենը նախորդ ամսվա նկատմամբ արձանագրվել է 0.1 տոկոս գնանկում: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ այս տարվա մայիսին, անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, հանրապետությունում արձանագրվել է ալկոհոլային խմիչքի 11.9 տոկոս գնաճ, ծխախոտը թանկացել է 10.4 տոկոսով: Իսկ, ահա, ապրիլի համեմատ՝ մայիսին ծխախոտի գները բարձրացել են 0.8, ալկոհոլային խմիչքը՝ 1.9 տոկոսով: Փոխարենը սննդամթերքի եւ ոչ ալկոհոլային խմիչքի գները մայիսին, ապրիլի համեմատ, թեկուզ չնչին, բայց 0.2 տոկոսով նվազել են: Բանջարեղենի շուկայում արձանագրված գնանկումը կազմել է 5 տոկոս: Մսամթերքի ու թռչնամսի գներն են նվազել. օրինակ՝ մսամթերքի շուկայում մայիսին, ապրիլի համեմատ, արձանագրվել է 0.3 տոկոս գնանկում, իսկ թռչնամսի գները մեկ ամսում նվազել են 3.6 տոկոսով: «Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ վիճակագրական կոմիտեից տեղեկացավ, որ կաթնամթերքի, պանրի եւ ձվի շուկաներում հակառակ պատկերն է. այստեղ գնաճ է արձանագրվել 0.4 տոկոսի չափով: Միայն ձվի գինը մայիսին, ապրիլի համեմատ, բարձրացել է 1.5 տոկոսով: Բացի այս, 0.3 տոկոսով թանկացել է նաեւ շաքարավազը»:


«Փաստ» թերթը գրում է. «Ցանկացած հարցում անհատի եւ ընդհանրապես հասարակության գիտակցականության եւ պատասխանատվության հարցը չափազանց կարեւոր է: Առավել եւս արտակարգ իրավիճակներում: Սա անվիճելի է, եւ բնական են այս օրերին խոսակցություններն այս թեմայով: Այո, յուրաքանչյուրս պիտի մեր հերթին պատասխանատու լինենք, պահպանենք անվտանգության բոլոր կանոնները՝ մեզ համար, մեր ծնողների, մեր երեխաների ու մեր հարազատների համար: Այլ հարց է, որ իշխանությունները, երկու ամիս շարունակ փաստացի ձախողելով հակահամաճարակային գործողությունները, գնալով ավելի ու ավելի շատ են ամբողջ պատասխանատվությունը բարդում հասարակության վրա, որքան էլ արդեն երեկ Փաշինյանն ասում էր, թե մեղավորի հարց չկա, մեղադրանքի հարց չկա: Իրականում հասարակության պատասխանատվության խնդրի առումով առկա է մի քանի հանգամանք: Նախ՝ պետք է հասկանալ, թե ինչու է հասարակությունն այս կամ այն կերպ արձագանքում որոշակի վիճակին, ինչ գործոններ, ազդակներ են անդրադարձել (իշխանությունների կողմից, մեղմ ասած, «թեթեւ» վերաբերմունք, անհետեւողականություն եւ այլն): Երկրորդ՝ հնարավոր չէ արտակարգ վիճակում հույս դնել բացառապես ինքնակազմակերպման վրա՝ առանց հսկողության անհրաժեշտ միջոցների, այդ թվում՝ կանխարգելման:


Այս դեպքում «սպեցնազի» կարիք էլ չի լինի, ինչի մասին քանիցս խոսեց վարչապետը: Հենց միայն այն հանգամանքը, որ վարչապետի «ֆլեշմոբի» արդյունքում որոշ վայրերում կուտակումների եւ անվտանգ հեռավորության հարցը կարգավորեց, ինքնին վկայում է, որ գործ ունենք ոչ այնքան անհատական պատասխանատվության, որքան պարզ վարչարարության եւ վերահսկողության հետ: Եվ վերջապես՝ ո՞ր հասարակությանն ենք մեղադրում պատասխանատվության բացակայության մեջ. այն հասարակությա՞նը, որը 2018 թվականի դեկտեմբերին 70 տոկոս քվե տվեց գործող իշխանությանը, այն հասարակությա՞նը, որի ուսերին պիտի դրվեր ՍԴ դատավորների պաշտոնանկության հարցը... Ստացվում է՝ այն ժամանակ արժանապատիվ էր, հիմա՝ անպատասխանատո՞ւ: Այդպես չի լինում: Սպասելի էր, որ այս կամ այն շրջանակին մեղավոր նշանակելուց հետո մեղավորության հերթն ի վերջո հասնելու էր ժողովրդին: Դրա մի քանի օրինակներ արդեն կային: Հիմա դա առավել տոտալ է դարձել: Իշխանությունն ամեն ինչ արել է, բայց հասարակության պատճառով կատաստրոֆիկ վիճակում ենք: Սա է հիմնական իմաստը: Այդուամենայնիվ, մի հարցում դժվար է չհամաձայնել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ. «Եթե մեղավոր է կառավարությունը, մեղավոր է ժողովուրդը, որովհետեւ ժողովուրդն է բերել այս կառավարությանն իշխանության»:


«Ժամանակ» թերթը գրում է. «ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Սոնա Ղազարյանը, Արուսյակ Ջուլհակյանը և Գայանե Աբրահամյանը ներկայացրել են «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» օրենքում լրացումներ կատարելու օրենքի նախագիծ: Նրանք առաջարկում են 200 հազար դրամ տուգանք սահմանել հանրային սննդի և զվարճանքի ծառայություն իրականացնողների նկատմամբ, եթե նրանք համայնքի ավագանու կողմից սահմանված օրերին և ժամերին խախտում են լռությունը կամ գիշերային անդորրը»: