24.11.2024
Անհավասար պայմաններ ու վարձատրություն. ինչո՞ւ են բողոքում բուժաշխատողները
prev Նախորդ նորություն

Մասիս Մայիլյանը պաշտոնում մնալը գերադասեց ընդդիմադիր դառնալու գործոնից. Բելլա Լալայան

Արցախի նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանը շարունակում է նշանակումներ կատարել, ինչը որոշակի դժգոհություններ է առաջացրել հանրության շրջանում: Շատերի համար անընկալելի է Սամվել Բաբայանին ԱԽ քարտուղարի պաշտոնում նշանակելը, Մասիս Մայիլյանին ԱԳ նախարարի պաշտոնում վերանշանակելը, արցախցիները վիճելի են համարում նաև Կամո Աղաջանյանին ԱԱԾ պետի պաշտոնում նշանակելը: Սրան զուգահեռ, Ադրբեջանը շարունակում է լարվածություն մտցնել ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացում ու բացահայտ սպառնալ հայկական կողմին:

Այս և մի շարք այլ հարցերի շուրջ VERELQ-ը զրուցեց Արցախի նախագահի նախկին թեկնածու Բելլա Լալայանի հետ:

- Տիկին Լալայան, ինչպե՞ս կգնահատեք ներքաղաքական իրավիճակն Արցախում:

- Նախընտրական փուլն այս տարի Արցախում, ի տարբերություն նախորդ բոլոր տարիների ընտրություններին, հագեցած էր բոլոր առումներով՝ թե՛ թեկնածուների քանակով, թե՛ քաղաքական պայքարով, թե՛ ուղեկցվող միտինգներով և ցույցերով: Այսքանով պայմանավորված, ենթադրվում էր, որ ընտրություններից հետո քաղաքական մթնոլորտն ավելի կթեժանա, հատկապես, որ պարզ էր, որ ընդիմության ներկայացող թեկնածուները հաջողություն չեն ունենալու:

Սակայն ընդդիմության անհամաձայնությունն ընդամենը դրսևորվեց նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանի երդման արարողության օրը փոքրիկ ցույցով: Այսինքն, միանշանակ կարող ենք ասել, որ ներքաղաքական հանգիստ իրավիճակ է Արցախում:

- Արայիկ Հարությունյանի նշանակումները ոչ միանշանակորեն ընկալվեցին: Նախ, Մասիս Մայիլյանի վերանշանակումը շատ հարցեր է առաջ քաշում: Ձեր կարծիքով, վերանշանակումըԵրևանի թելադրանքո՞վ է:

- Կարելի է ենթադրել, որ որոշ նշանակումների հարցում նորընտիր նախագահը խորհրդակցում կամ իր որոշումը համաձայնեցնում է Հայաստանի ղեկավարության հետ:

Կարծում եմ, ելնելով այն հանգամանքից, որ Հարությունյանը ի սկզբանե հայտարարել է, որ ողջունում է Նիկոլ Փաշինյանի գործունեությունը և քաղաքականությունը, սպասելի էր, որ շատ հարցերում հաշվի կառնի Փաշինյանի կարծիքը, հատկապես այնպիսի ոլորտներում նշանակումների հարցում, որ սերտ համագործակցություն պիտի ունենան ՀՀ հետ:

Ինչ մնում է ընդհանրապես նշանակումներին, ապա ցանկացած նախագահ բախվել է այդ խնդրին, երբ իր նշանակումները միանշանակորեն չեն ընդունվել: Հարցն այն է, թե որևէ նշանակում ինչքանով կարդրարացվի: Իսկ դրա համար ժամանակ է պետք:

Հուսադրողն այն է, որ նշանակումների հարցում Արայիկ Հարությունյանը կարևորել է մարդու մասնագիտական ուղին: Այսինքն, առայսօր որևէ պաշտոնում չի նշանակվել մեկը, ով անտեղյակ է տվյալ ոլորտին կամ մասնագիտական փորձ չունի: Մասիս Մայիլյանի վերանշանակումն էլ կարելի է դիտարկել հենց այս տեսանկյունից: Մյուս կողմից, Հարությունյանը դեռևս նախընտրական փուլում հայտարարել էր, որ հաղթանակի դեպքում համագործակցելու է բոլոր քաղաքական ուժերի ու գործիչների հետ:

- Ի դեպ, Մայիլյանի նշանակումը որոշ շրջանակներ համարում են ժամանակավոր, քանի որ դրան կարող է խանգարել այն, որ ՌԴ-ն, իբրև թե, արգելել է Մայիլյանի մուտքը իր տարածք: Դուք արժանահավատ համարո՞ւմ եք այդ տեղեկատվությունը:

- Մայիլյանի արգելափակված մուտքի մասին տեղեկությունները տարածվեցին նախընտրական քարոզի ժամանակ: Կարծում եմ, Արայիկ Հարությունյանը տիրապետում է հարցին:

- Դուք օրերս հայտարարել եք, որ տրամաբանական կլիներ, եթե իր թիմի հետ միասին Մայիլյանը դառնար ընդդիմություն և խոշորացույցի տակ պահեր իշխանության յուրաքանչյուր քայլը: Քանի որ նա պահպանեց իր պաշտոնը, Սամվել Բաբայանն էլ պաշտոն ստացավ՝ ո՞վ է խոշորացույցով ընդդիմության դերը ստանձնելու, Վիտալի Բալասանյա՞նը:

- Մայիլյանը առաջին անգամը չէ, որ, այսպես ասած, դավաճանում է իրեն սատարող խմբին: Ըստ իս, նրա թիմը հավատացած էր, որ պարտության դեպքում Մայիլյանի հետ կդառնան ընդդիմադիր ծանրակշիռ ուժ և կշարունակեն պայքարը՝ իրենց կողմից հնչեցված հայտարարություններին հետամուտ լինելու նպատակով: Բայց այս անգամ էլ Մայիլյանը իշխանության հետ համաձայնության գնալը և պաշտոնում մնալը գերադասեց ընդդիմադիր դառնալու գործոնից:

Պետք է նաև հաշվի առնել այն հանգամանքը, որ Մայիլյանին սատարող կուսակցությունը չհաղթահարեց ԱԺ նվազագույն շեմը և չանցավ խորհրդարան: Այսինքն, սա ֆիասկո էր թե՛ Մայիլյանի, թե՛ իրեն սատարող ուժի համար:

Իսկ ահա Սամվել Բաբայանի պաշտոն ստանալու մեջ զարմանալի ոչինչ չկա: Դա պայմանավորված է խորհրդարանում քաղաքական ուժերի դասավորվածությամբ:

Խորհրդարանում ընդդիմության բեռը մնում է Վիտալի Բալասանյանի երեք հոգանոց խմբի վրա: Սակայն, ելնելով այն հանգամանքից, որ արդեն տեսել ենք Բալասանյանի խորհրդարանական ընդդիմությունը՝ խոշորացույցի մասին մոռանանք: Այս խորհրդարանը, մեծ հաշվով, իներտ է լինելու և, ցավոք, արհեստավարժություն չունեցող խորհդարան է:

- Ոչ միանշանակ ընկալվեց նաև ԱԱԾ պետի պաշտոնում Կամո Աղաջանյանին նշանակելը:

- Այս նշանակման հանդեպ հանրության տարակուսանքը ինձ համար անհասկանալի է: Կամո Աղաջանյանը դրվատանքի մարտական արժանապատիվ կենսագրություն ունի, պատերազմի տարիներին՝ սկսած դասակի հրամանատարից մինչև դիվիզիայի հրամանատար, շարքայինից մինչև գեներալ լեյտենանտ, այնուհետ նաև ՀՀ ԶՈՒ բանակային կորպուսի հրամանատար: 2013 թվականից ավելի քան հինգ տարի ղեկավարել է Ոստիկանության համակարգը:

Հիմա հարց է առաջանում. ի՞նչն է զարմանալի, որ Կամո Աղաջանյանը այսուհետ կտնօրինի ազգային անվտանգության ծառայությունը:

Մյուս կողմից, տեղեկատվական տեխնոլոգիաների դարում ենք ապրում և զարմանալի չէ, որ ցանկացած երևույթի մասին շտապում են կարծիք հայտնել նույնիսկ ա-ն բ-ից հազիվ տարբերողները, իսկ բամբասանք ու հերյուրանք տարածողներն էլ իրենց լրագրողներ են կոչում: Արդյունքն այս տեղեկատվական կեղտաջուրն է, որ մշտապես «ողողում է» մեր առօրյան:


- Տիկին Լալայան, վերջին օրերին Ադրբեջանն ակտիվացել է, փորձում է թեժացնել ԼՂ հակամարտության գոտին, իսկ հակառակորդ երկրի ՊՆ-ն բացահայտ սպառնում է Հայաստանին: Ինչո՞վ եք պայմանավորում այս զարգացումները, արդյոք դրանք շարքային միլիտարիստական հայտարարություններ են, թե՞ սպասելի են սրացումներ:

- Ադրբեջանի կողմից ռազմաշունչ հայտարարությունները սովորական բույթ են կրում այն օրից, երբ այդ երկրի նախագահ է դարձել Իլհամ Ալիևը: Նրա հայրը ավելի խոհեմ էր ու հեռատես: Վերջին երկու տարին Ալիև-կրտսերը դադարել էր պատերազմի վերսկսկման, ռազմական ճանապարհով հարցի լուծման մասին հայտարարություններ անելը: Ըստ երևույթի, Հայաստանում իշխանափոխության հետ հույսեր է կապել: Ու այնքան է հեռու գնացել իր երազանքներում ու հույսերում, որ արդեն բացեիբաց Երևանի հանդեպ էլ է ոտնձգություն անում իր հայտարարություններում: Նույնիսկ լկտիաբար հայտարարում է, որ եթե Հայաստանը ուզում է իր պետությունն ունենալ, թող մի ուրիշ տեղ այն կառուցի, ոչ թե իրենց տարածքում:

Բոլոր դեպքերում, վերջին օրերին ռազմատենչ հայտարարությունների ակտիվությունը, ըստ ամենայնի, պայմանավորված է իր սպասելիքների չարդարացմամբ: Ամեն դեպքում, անկախ նրա վարած քաղաքականությունից և հայտարարություններից, մենք պետք է միշտ պատրաստ լինենք պատերազմի, որովհետև մեր հարևանը թուրքն է: Նույնիսկ կայուն խաղաղություն հաստատվելու դեպքում՝ մեր զենքը միշտ պետք է կրակելուն պատրաստ լինի:

- Վերջին հարցազրույցի ժամանակ Դուք հայտարարել եք՝ Փաշինյանը ադրբեջանական համայնքը հավասարեցրեց Արցախի Հանրապետության հետ: Ի՞նչ նկատի ունե՞ք:

- Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական համայնքը ստեղծվել է դեռևս պատերազմի տարիներին: Իհարկե, սկզբում այն նպատակով, որ պետք է մասնակցեին 1992 թվականին Մինսկում տեղի ունեցող խորհրդաժողովին, որպես Լեռնային Ղարաբաղի այլ ներկայացուցիչներ, այսինքն՝ ոչ հայեր: Հետագայում, այդ տարիներից սկսած առ վերջին ժամանակները, ադրբեջանական կողմը միշտ փորձեր էր անում, որպեսզի Արցախի հիմնախնդիրը միջազգային հանրությանը ներկայացնի, որպես երկու համայանքների միջև ընդհարում:

Դա Ադրբեջանին երբեք չի հաջողվել: Ավելին, Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական համայնքը այդպես էլ ծանրակշիռ գործոն չկարողացավ դառնալ: Սակայն, վերջին ժամանակները հայկական կողմը շրջանառության մեջ դնելով ազատագրված տարածքներում ադրբեջանցիների հետ համատեղ բնակության թեման՝ կենդանություն տվեց այդ համայնքի գոյությանը: Այս համայնքը սկսեց գործոն դառնալ, եթե նկատի ունենանք, որ համայնքի ղեկավարի հետ հանդիպում ունեցավ Ադրբեջանում ԱՄՆ դեսպանը, իսկ վերջերս նաև՝ Իլհամ Ալիևը:

Պարզ է, թե ինչ հարցեր պիտի քննարկվեն համայնքի ղեկավարի հետ:

Այս ամենի հանրագումարում, եթե Երևանից, մասնավորապես, երկրի առաջին դեմքի կողմից հնչում են հայտարարութուններ, որտեղ կասկածի տակ է դրվում Արցախի պետականութունը, բնականաբար, այսպիսով հավասարության նշան է դրվում այդ համայնքի և Արցախի միջև: Այլ խոսքերով, նպաստում ենք Ադրբեջանի՝ արցախյան հիմնախնդիրը որպես երկու համայնքի միջև ընդհարում ներկայացնելու նպատակի իրագործմանը:

- Ի վերջո, ի՞նչ է սպասվում առաջիկայում Արցախին, ինչպիսի՞ զարգացումներ կլինեն բանակցային գործընթացում:

- Վերջին օրերին հանդիպել եմ Արցախի նախագահի հետ: Հողեր չենք հանձնելու, բանակը հզորացնելու ենք՝ Արայիկ Հարությունյանի այս խոսքերով ուզում եմ սահմափակվել այս հարցի պատասխանում:

Զրուցեց Լիա Խոջոյանը